HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Վճռաբեկ դատարանի որոշումը որոշակիորեն սահմանափակում է լրագրողների գործունեությունը

Վիրավորանքի եւ զրպարտության գործով Վճռաբեկ դատարանի 2012 թ. ապրիլի 27-ին կայացրած որոշումը մեկնաբանում է իրավաբան Արա Ղազարյանը:

-Վերջապես Վճռաբեկ դատարանը հրապարակեց վիրավորանքի եւ զրպարտության գործերով շատ սպասված որոշումը, ի՞նչ հարցեր կարգավորվեցին դրանով:

-Շատ սպասված, բայց մի փոքր ուշացած որոշում. ես դեռեւս մեկ տարի առաջ եմ հայտնել, որ շատ անհրաժեշտ է, որ Վճռաբեկ դատարանը (ՎԴ) վիրավորանքի եւ զրպարտության գործերով արտահայտի իր դիրքորոշումը: Այդ հնարավությունն ուներ ՎԴ-ն, սակայն չօգտվեց դրանից եւ Սահմանադրական դատարանը (ՍԴ) Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա կայացրած որոշումով արտահայտեց մի շարք դիրքորոշումներ: Ես ՍԴ-ի որոշման դերը չեմ նվազեցնում, այն նշանակալի ազդեցություն ունեցավ վիրավորանքի եւ զրպարտության գործերով հետագայում կայացված մի քանի դատական ակտերի վրա, սակայն շատ կարեւոր էր, որ այդ դիրքորոշումներն արտահայտվեին բարձրագույն դատական ատյանի, այլ ոչ թե ՍԴ-ի կողմից:

«Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի`զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին գործով պատասխանողի բերած վճռաբեկ բողոքի հիման վրա ՎԴ-ն կայացրեց իր որոշումը: Այն մի շարք կետերով արտահայտում է նույնանման եզրահանգումներ, ինչ ՍԴ-ն, բայց միևնույն ժամանակ կարգավորել է մի շարք խնդիրներ, որոնց ՍԴ-ն չէր անդրադարձել: Առաջին հերթին իրավակարգավորում է ստացել այն հարցը, թե ով է կրելու պատասխանատվության բեռը այնպիսի դեպքերում, երբ լրատվամիջոցը հրապարակել է, օրինակ, էլեկտրոնային միջոցներով քաղաքացիական ինչ-որ խմբից ստացված տեղեկատվությունը: 

-Ըստ քննարկվող որոշման, եթե լրատվամիջոցը հրապարակում է իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության հայտարարությունը կամ տեղեկատվությունը, պատասխանատվությունը կրում է լրատվամիջոցը, ի՞նչպես կմեկնաբանեք սա:

-Լրատվամիջոցը ստացել է տեղեկատվություն ինչ-որ աղբյուրից և որոշել է հրապարակել այն՝ գրեթե բառացիորեն կրկնելով ստացված տեղեկատվության բովանդակությունը, այնուհետև հայտնվում է ոմն անձ, ով հայցում է հերքում, պատասխանի իրավունք կամ դրամական փոխհատուցում: Փաստաբանը հայցադիմում գրելիս բախվում է այս կարեւոր հարցադրմանը` ո՞վ է պատասխանատվությունը կրում հրապարակման համար` լրատվամիջո՞ցը, որը հրապարակել է տեղեկատվությունը, թե՞ տարածողը: ՎԴ-ն այս դեպքի համար ներմուծել է մի քանի հասկացություններ` ասելով, որ եթե նույնիսկ տեղեկատվության վերարտադրությունը բարեխիղճ կերպով է կատարվել` դա չի նշանակում, որ լրատվամիջոցը կարող է ինքնըստինքյան ազատվել պատասխանատվությունից: Աղբյուրը, որից օգտվել է լրատվամիջոցը, ըստ այս որոշման, պետք է հանդիսանա հեղինակ`ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասի իմաստով: Ի՞նչ է սա նշանակում. հեղինակ հասկացության մասին ՎԴ-ն իր որոշման 14-րդ էջում հետեւյալ մեկնաբանությունն է տալիս. «տեղեկատվության աղբյուր» հասկացությունը, ըստ Վճռաբեկի, այն իրավաբանական եւ ֆիզիկական անձն է, որը ինֆորմացիայի փոխանցումը կամ տարածումը կատարել է կոնկրետ միջոցներով եւ տալիս է ավանումները՝ «տեղեկատվության աղբյուր են հանդիսանում հեղինակները և լրատվական գործակալությունները»։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հիշատակված դրույթներում ամրագրված անձի հրապարակային ելույթները, պաշտոնական փաստաթղթերը, հեղինակային ստեղծագործությունները տեղեկատվության աղբյուրների կողմից օգտագործվող միջոցներ են:

Այս որոշումով ՎԴ-ն ստիպում է, որ լրատվամիջոցները մտնեն էթիկայի դաշտ: Եթե լրատվամիջոցն ունի տեղեկատվության աղբյուրներ եւ վստահում է այդ աղբյուրներին, թող ինֆորմացիան տարածի, բայց, եթե ինֆորմացիան տարածում է այնպիսի աղբյուրի անունից, որը իրավաբանական անձ չէ, չպիտի ընդունի: Այս հարցի իրավակարգավորումը բաց էր ՍԴ-ի որոշման մեջ, որովհետեւ նրա խնդիրներն այլ էին, եւ այդ բացը լրացրեց ՎԴ-ն այս որոշումով: Ահա նման հանգամանքներում ողջունելի է այս որոշումը:

-Տեղեկատվություն աղբյուրի մասին ՎԴ-ի որոշման դատողություններին տարբեր մեկնաբանություններ տրվեցին, որոշ կարծիքների համաձայն՝ աղբյուր հասկացության Վճռաբեկի թվարկումը սահմանափակում է լրագրողների տեղեկատվություն ստանալու եւ տարածելու իրավունքը:

-Տեղեկատվության աղբյուր հասկացության վերաբերյալ, որը նշվում է 1087.1 հոդվածի 9-րդ մասում, ասվում է, որ աղբյուր կարող են հանդիսանալ ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ իրավաբանական անձինք: Այս գործով վիճահարույց տեղեկատվությունը «Ժամանակ» օրաթերթը ստացել է իր աղբյուրից՝ Անտոն Առաքելովից, որը մասնավոր անձ էր: Վճռաբեկը նշում է, որ ընկերությունը քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի իմաստով չի կարող համարվել տեղեկատվության աղբյուր, քանի որ չի հանդիսանում տեղեկատվության տարածման որեւէ միջոցի հեղինակ կամ լրատվական գործունեություն իրականացնող: Սա նշանակում է, որ եթե լրատվամիջոցն օգտվում է որեւէ մասնավոր անձի տեղեկատվությունից, շշուկից, ասեկոսեից՝ պատասխանատվության ռիսկը վերցնում է իր վրա: Այսինքն, լրատվամիջոցն ինքն է որպես պատասխանող կողմ գնում դատարան: Վճռաբեկը նշում է, որ նման դեպքերում ռիսկը լրատվամիջոցինն է, եթե դու նույնիսկ քո լրատվության աղբյուր հանդիսացող մասնավոր անձին բացահայտեցիր դատարանում, միեւնույն է, պատասխանող կողմը դու ես լինելու: Այսինքն, եթե դու ուզում ես օգտվել ոչ ֆիքսված աղբյուրներից, հետագայում դա չի կարող պատասխանատվությունից ազատել քեզ: Տեղեկատվության աղբյուրը պետք է նշել լրատվությունը տարածելիս, իսկ եթե չի նշվում, ուրեմն լրատվամիջոցն է ստանձնում պատասխանատվությունը: Այդուհանդերձ, թեև վերևում նշվեց, որ նման իրավակարգավորումը դրական միտում ունի, բայց միաժամանակ այն իր մեջ նաև վտանգավոր տարր է պարունակում, եթե չարաշահումով կիրառվի: Այն կարող է սառեցնող ազդեցություն ունենալ լրատվամիջոցների ազատության՝ գաղտնի աղբյուրներից, շշուկներից օգտվելու ազատության իմաստով: Նման դեպքերում լրագրողը պետք է օգտվի մյուս պաշտպանությունից` հրաժարվի բացահայտել աղբյուրը՝ դա հիմնավորելով տեղեկատվության հանրային նշանակությամբ:

-Պրն Ղազարյան, հիշյալ որոշումով ինչպե՞ս են կարգավորվում վիրավորանքի կամ զրպարտության գործերով դատարան դիմելու ժամկետները, որը պրակտիկայում տարբեր կերպ է մեկնաբանվում` 1-6 ամիս, սակայն այնքան էլ պարզորոշ չէ, թե որ պահից է սկսվում հայցային վաղեմության կիրառումը։

-Հայցային վաղեմության ժամկետի հարցի վերաբերյալ կիրառական պրակտիկայում տարբեր մոտեցումներ կան, եւ այս տարի մեր իրականացրած մոնիտորինգի արդյունքում պարզվեց, որ ունենք դատական գործեր, որի դեպքում մի դատարանը կիրառել է 3 տարվա վաղեմության ժամկետ, մեկ այլ դատարան` 1 ամսվա, մեկ ուրիշը` 6 ամսվա վաղեմության ժամկետ: Այսինքն, այս հարցում դատարանում անհստակություն կար: ՎԴ-ն նկատում է, որ օրենքի միատեսակ կիրառության անհրաժեշտություն կա եւ պետք է դիրքորոշում արտահայտի այս հարցով: Վիրավորանքի եւ զրպարտության գործով հայցային վաղեմության ժամկետը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ կետը շատ հստակ է կարգավորում՝ սահմանում է մեկ ժամկետ երկու էլեմենտով: Մեկ էլեմենտը եթե խախտվում է, երկրորդն առ ոչինչ է: ՎԴ-ն իր որոշման մեջ նշել է, որ հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը սկսվում է այն պահից, երբ անձին հայտնի է դարձել վիրավորանքը կամ զրպարտությունը։ Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ անձը տեղեկանում է զրպարտության կամ վիրավորանքի մասին վեց ամիսը լրանալուց հետո, բաց է թողնում հայցային վաղեմության ժամկետը։ Սակայն, այս որոշումով հարցի իրավակարգավորումը դարձյալ անորոշ է, Վճռաբեկն իր որոշումով շատ աղոտ է անդրադարձել այս հարցին, նա լռում է 1 ամսվա մասին, չի անդրադարձել 1087.1 հոդվածի 13 կետով նշված առաջին էլեմենտին՝ եթե անձը դատարան է դիմել մեկամսյա ժամկետի խախտումով, բայց ոչ 6-ամսյա ժամկետը բաց թողնելով` դատարանը պետք է ընդունի՞ վարույթ ու քննի, թե՞ ոչ: Ունենք վճիռ, որտեղ անձը դատարան է դիմել իմանալու պահից մեկ ամիս հետո, սակայն դատարանն ասել է, որպեսզի իրավունքները լայն մեկնաբանեմ` հիմնվում եմ 6-ամսյա ժամկետի վրա: Մնում է հետեւել, թե դատական պրակտիկան ինչպես կզարգանա: Ներկայումս դատարանում քննվում է «Արման Ավետիսյանն ընդդեմ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի» հայցը, որում նման խնդիր կա: Նա դատարան է դիմել հրապարակման մասին իմանալուց հետո դիմելու մեկամսյա ժամկետը բաց թողնելով:

-Ձեր կարծիքով, այս որոշումով հրապարակային վիրավորանքը լիարժե՞ք է սահմանված: Խոսքս վերաբերում է երրորդ անձի ներկայությամբ արված վիրավորական արտահայտություններին, որը պրակտիկայում չի կարգավորվել:

-ՎԴ-ն սահմանեց, որ բացի տպագրության, զանգվածային լրատվության միջոցներով,  համացանցի միջոցով տարածմամբ,  ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ,  հրապարակային ելույթներից բացի հրապարակային են նաեւ առնվազն երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները: Վերջիններս 3-րդ անձի ներկայությամբ կատարված են համարվում նաեւ այն դեպքում, երբ 3-րդ անձը եւս կատարում է արտահայտություններ եւ ներկայացնում փաստեր, որոնք բովանդակային առումով կապված են վիրավորողի արած արտահայտությունների կամ ներկայացրած փաստերի հետ:

-Վերջերս այս թեմայով տեղի ունեցած քննարկումներից մեկի ժամանակ ասվեց, որ դատարանները կայացրած դատական ակտերով լրատվամիջոցին պարտավորեցնում են կատարել գործողություններ, որի պահանջը կողմը չի ներկայացրել: Ձեր ուսումնասիրություններում հանդիպե՞լ եք նման երեւույթի:

-Այդ պրակտիկան, երբ դատարանը լրատվամիջոցի վրա դրել է օրենքով չնախատեսված պարտավորություններ, արդեն վերացել է, այդ խնդիրը ավելի վաղ շրջանի դատական գործերում է նկատվել, երբ դատական պրակտիկան դեռ բավարար չափով չէր ծավալվել: Օրինակ, մի գործով վիճահարույց հրապարակումը հրապարակվել է 7-րդ էջում, բայց դատարանը պարտավորեցրել էր  հերքման պահանջը հրապարակել առաջին էջում, այնուհետև պարտավորեցրել է ներողություն խնդրել այն դեպքում, երբ նման պահանջ հայցվորը չէր ներկայացրել (Հրաչ Քեշիշյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի):

-Տարբեր դատարաններ զրպարտության եւ վիրավորանքի գործերով միօրինակ վճիռներ են կայացնում, որոնցում նույն սխալը կրկնվում է, եւ կարծիք կա, որ դատավորները կամ մի աղբյուրից են օգտվում, կամ նույն մարդն է գրում: Ո՞րն է այդ միօրինակության ու նմանության պատճառը:

-Մի շարք վճիռներում մեջբերումներ էին արվում Եվրոպական դատարանից, որը Եվրոպական դատարանն իրականում չէր արտահայտել: Գրվում էր՝ «լրատվամիջոցները պարտավոր են օգտվել բացառապես ճշգրիտ փաստերից եւ հղում էր արվում Պեդերսոնի գործին: Սակայն այդ գործում նման բան չկար, ընդհակառակը, Եվրոպական դատարանը թույլ է տալիս, որ լրագրողը սխալվի: Մոտ 4-5 տարբեր գործով տարբեր դատարանների կայացրած վճիռներում այս սխալը կրկնվում էր, բայց ՎԴ-ի որոշումով այդ հարցն արդեն կարելի է լուծված համարել:

-Ներկայումս վիրավորանքի եւ զրպարտության գործերով դատական գործընթացներում ի՞նչ զարգացումներ կան,  վիճակագրության եւ իրավունքի զարգացման առումով ո՞ր փուլում ենք գտնվում:

-2012 թ. հունվար ամսից սկսած նմանատիպ գործերի հոսքը դատարաններ սկսեց նվազել, եւ մարտ ամսին արդեն գրեթե զրոյական վիճակ էր: Կարծիք կար, որ այն ժամանակավոր դադար էր՝ պայմանավորված ընտրություններով, սակայն ընտրություններն ավարտվեցին, իսկ դատարաններում նոր գործերի հոսք չկա: Այսինքն, պատճառը ոչ թե ընտրություններն էին, այլ այն հանգամանքը, որ դատարան դիմելու ռիսկային գործոնն է աճել: Պատճառները երկուսն են՝

ա) դատարաններն արդեն կայուն մոտեցում են ցուցաբերում եւ հետևողականորեն ու նշանակալից չափով կրճատում են գումարային պահանջի չափերը,

բ) երբ անձը դիմում է դատարան, նրա մասին տեղեկատվության հոսքն ավելի է մեծանում, և խնդիրը հանրայնացվում է, որը կարող է ստիպել հայցվորին վերանայել իր դիրքորոշումը: Եվ հայցվորները ներկայումս մինչև դատարան դիմելը կամ դիմելուց հետո փնտրում են վեճի լուծման այլընտրանքային մեխանիզմներ: Նկատելի է, որ վերջին մեկ տարում դատարաններում ավելի շատ էին հաշտության դեպքերը, առավել շատ են դեպքերը, երբ հայցվորը ներկայացնում է զուտ հերքման կամ պատասխանի իրավունքի պահանջ՝ առանց հայցելու գումարային փոխհատուցում: Սա այն ուղղությունն է, որ տանում է դեպի ժողովրդավարական հասարակարգ, դատարան մտնելը ծայրահեղ միջոց պետք է լինի, իսկ մինչ այդ կողմերը պետք է փնտրեն արտադատարանական լուծումներ: Ընդ որում, դրան պետք է մեծապես նպաստեն փաստաբանները: Ըստ ինձ՝ պրոֆեսիոնալ է ոչ թե այն փաստաբանը, ով շահում է գործը դատարանում, այլ նա, ով արտադատարանական լուծումներ է գտնում: Եթե ուսումնասիրենք դատական պրակտիկան, կտեսնենք, որ այդպիսի փաստաբաններ կան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter