HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Նախկին ոստիկանի դուստրը կվիրահատվի Մոսկվայում

10-ամյա Կարինե Ալումյանին` նախկին ոստիկան, վերջերս ինքնահրկիզման փորձ կատարած Մխիթար Ալումյանի դստերը, «Նաիրի» բժշկական կենտրոնում ախտորոշելուց հետո նշանակվել է վիրահատություն, որը Հայաստանում հնարավոր չէ կատարել: Այսօր այս մասին «Հետքին» հայտնեց Մխիթարը: Բժիշկները, նրա խոսքով, խորհուրդ են տվել երեխային տեղափոխել Մոսկվա` նշելով, որ վիրահատությունը բարդ է և այստեղ կատարելու դեպքում աղջկա տեսողությունը վերականգնելու հավանականությունը քիչ է:

 Հիշեցնենք, որ Մխիթար Ալումյանի` նախագահական նստավայրի առջև հացադուլ հայտարարելուց հետո ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը կարգադրել էր, որ Կարինեի վիրահատությունը «Նաիրի» բժշկական կենտրոնում կատարվի պետպատվերի շրջանակներում:

«Էսօր ես տիկին Աիդայի հետ եմ խոսել  (ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների և բողոքների բաժնի վարիչ Աիդա Ասատրյան- Մ.Մ.), ոչ մի բան չի փոխվել, ասեց, որ ծախսերի մասին չմտածենք, իրենք ամեն ինչի մասին հոգալու են, վիրահատության գումարի չափը մեզ կոնկրետ չասեցին, ասեցին 10000 դոլարը չի անցնի: Ինձ հիվանդանոցում ասեցին, որ էրեխու անալիզների պատասխանները արդեն ուղարկել են Մոսկվա: Էս երկու օր պարզ կլինի, թե կոնկրետ որ հիվանադանոցում ու երբ կլինի վիրահատությունը»,- նշեց Մխիթարը:

Հիշեցնենք, որ Կարինեն ոսկրային տուբերկուլյոզ հիվանդությունից բուժվելու ընթացքում, ընդունել էր դեղեր, որոնք ազդել էին նրա տեսողության վրա. ձախ աչքը բոլորովին կուրացել է, աջով  կիսով չափ է տեսնում: Բժիշկները հույս են տվել, որ շուտափույթ վիրահատությունն ու լինզաների տեղադրումը կփրկեն երեխային լրիվ կուրությունից` հետագայում աստիճանաբար վերականգնելով տեսողությունը:

Մխիթարն ասաց, որ լուծվել է նաև իր աշխատանքի հարցը: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունից, նրա խոսքով, հայտնել են, որ Իջևանի զինված ուժերում իր ժամկետային ծառայության հրամանը «առաջիկա երկու-երեք օրերի» ընթացքում կտրվի:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter