HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթե Մազրայի ոսկու հանքը շահագործվի, Ծավի գյուղապետը «կփոխի ազգությունը» (վիդեո)

Ոսկի՞ն, թե՞ բնությունը. որը կընտրեն սահմանամերձ Ծավի բնակիչները

Ծավ գյուղի ընդհանուր վիճակը նկարագրելու առաջին փորձը համայնքապետ Արարատ Մարտիրոսյանի  մոտ քմծիծաղ է առաջացնում. «Կուզեմ լավ բան ասել, լավը չեմ գտնում,- ասում է նա ու շարունակում,- հեռավոր, սահմանամերձ գյուղ է: 4 կմ քարտեզից հեռու ենք (կատակում է-Ք. Ա.). փոքրիկ գյուղ, բայց մեզ համար մեծ աշխարհ»:

Սյունիքի մարզկենտրոն Կապանից սահմանամերձ Ծավ գյուղը 37 կմ է հեռու: Ընկած է Մեղրու լեռնաշղթայի լանջին` Ծավ գետի անտառապատ, գեղադիր ափին։ Շուրջ 400-ին հասնող բնակչություն ունեցող Ծավը ինքնին արգելոց է, քանզի գյուղի բնակելի տները շրջապատում է «Շիկահողի» պետական արգելոցը: 

Ծավեցիներն ամեն օր պետք է զգոն ապրեն, որպեսզի վնաս չհասցնեն իրենց շրջապատող բնության որևէ մասնիկին: Նույնիսկ վառելափայտ գյուղացիները շրջակա անտառներից չեն կարող կտրել, ոչ էլ չորացած ճյուղերն է թույլատրվում հավաքել:

«Մենք արգելոցի տարածքում ենք,- ասում է գյուղապետը,- մարդ կա տան միջից ծառը քիչ է մնում դուրս գա, բայց իրավունք չունի կտրելու: Այսինքն` ծառը ավելի մեծ արժեք ունի, քան մարդը: Դա լավ չէ: Մարդը էստեղ չի մնա: Եթե մի ծառ կտրելու համար կարան մարդուն դատեն, էլ ինչի՞ն է պետք ստեղ մնալը, կգնա քաղաքում կմնա, կվարտիրեն կմնա, կմիացնի տենն էլ, գազն էլ կտաքանա, էլ ինչին է պետք ծառը կտրելու համար 300 հազար տուգանք մուծի: Շատերը թողնում, գնում են»: 

«Մի հատ ընկեր ունեմ, ասում է` որ առավոտը մի քիչ թափով եմ տեղիցս վեր կենում, ծառի ճյուղը խփում է աչքիս: Այսինքն` անտառն արդեն մտել է տուն, իրա պատից այն կողմ արգելանոցն է, իրավունք չունի էդ ճյուղը կտրի, որ աչքը չհանի: Մենք էդ ձևով ենք ապրում, արգելանոցի սահմանը սկսվում է մեր պատի տակից»,- պատմում է ավագանու նախկին անդամ Սպարտակ Ավետիսյանը: Նրան վրդովեցնում է այն հանգամանքը, որ նույնիսկ չոր փայտը արգելոցից չեն թողնում գյուղացիները հավաքեն, թացի մասին` խոսք չկա, գյուղում «Հայանտառի» տարածք էլ գրեթե չկա: «Պիտի գողանանք, սաղ օրը կռիվ տանք, բռնում են ակտ են գրում 500-600 հազար: Գյուղացի կա, որ էդ փողը երազում էլ չի տեսել... Մի քիչ գողանալով, մի քիչ օրենքով, մի քիչ ստեղից-էնտեղից հավքելով` յոլա ենք գնում»,- ասում է Ս. Ավետիսյան: 

Ծավում միակ աշխատատեղ ապահովող կառույցը փոքր հիդրոէլեկտրակայանն է, որտեղ 12-15 գյուղացի է աշխատում: Մարդիկ թողնում են Ծավը և գնում Կապան կամ Քաջարան` հանքերում աշխատելու: Հեռացողները վերջին երկու տարում իսկապես շատ են եղել. 20 ընտանիք տեղափոխվել է Ծավից: 

Այս է պատճառը, որ գյուղացիների կարծիքները կիսվել են, մի մասը համաձայն է Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքի շահագործմանը, մյուս մասը` նախընտրում է շարունակել ապրել արգելոցում, բայց մաքուր օդ ու ջուր ունենալ: 

Մանկապարտեզի տնօրեն Լարիսա Գևորգյանը վստահ է, որ եթե հանքավայրը շահագործվի, իրենց օդը կաղտոտվի. նա դեմ է ոսկու հանքավայրի շահագործմանը: «Մենք պայքարում ենք առողջ սերդնի համար, հանքը կարո՞ղ է առողջ սերունդ տալ»,- հարցնում է մանկապարտեզի տնօրենը: 

71-ամյա Ռազմիկ պապը, իր խոսքով ասած, «խիստ դժգոհություններ ուներ». «Ասում են`լավ վճարելու ենք, դուք էլ եք աշխատելու, բայց մեզ ձեռ չի տալիս»:

Գյուղապետ Մարտիրոսյանն անձամբ դեմ է ցանկացած տիպի հանքարդյունաբերության: Նա հիշում է արդեն անեկդոտ դարձած մի դեպք, երբ ճապոնացին շրջակա միջավայրի ռադիացիան չափող իր սարքավորումով եկել, իջել է Քաջարանից ներքև, բայց անմիջապես ասել է. «Շուտ արեք` գնացինք, ռադիացիան շատ է»: 

«Մեր ձորն է, որ իսկապես անարատ է մնացել: Կուսական ձոր է, գոնե էս մեկը թողնենք թող մնա»,- ասում է գյուղապետը: 

Հանքավայրի ուսումնասիրությունն իրականացնում է «Օփուլենդ թրեյդինգ սոլյուշնս» ընկերությունը: Մայիսի 29-ին Ծավ գյուղում տեղի ունեցած հասարակական լսումներին  նախագիծը ներկայացնող ինժեներ-տեխնոլոգ Վռամ Թևոսյանը տեղեկացրել է, որ հանքավայրը նախատեսվում է շահագործել 14 տարում, իսկ առաջիկա 3 տարիներին կիրականացվեն ուսումնասիրություններ: Վռամ Թևոսյանը հավաստիացրել է ներկաներին, որ իրենց ծավալած գործունեությունը չի վնասի շրջակա միջավայրին, օդը պայթեցումներից չի աղտոտվի: 

«Ժամանակակից պայթեցման տեխնոլոգիաները թույլ են տալիս նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի վրա աղտոտվածության ազդեցությունը: Նախկին 1 կմ փոշու տարածման փոխարեն կլինի 300-400 մետր, իսկ պայթեցման ալիքը նախկին 300 մ-ից կլինի մինչև 90 մ»,- վստահեցրել է Վռամ Թևոսյանը: 

Այս հավաստիացումներն են գյուղացիները մեջբերում, երբ հարցնում ես նրանց հետագա վտանգների մասին: Եվ նույն հավաստիացումների հիման վրա էլ համայնքապետը որոշել է ուսումնասիրություններ կատարելու համաձայնությունը տալ: Հետազոտությունները, ըստ համայնքապետարանի հետ կնքած պայմանագրի, պետք է իրականացվեն 30 հա-ի վրա, որը հիմնականում արոտավայր է: 

Արարատ Մարտիրոսյանը միևնույն ժամանակ նշում է, որ նշված տարածքում ոսկի, արծաթ և այլ թանկարժեք մետաղներ հայտնաբերելու նպատակով ուսումնասիրություններ ընթանում են 1970-ական թվականներից: Այս հետազոտությունը թերևս 10-րդն է, և գյուղապետը կարծում է, որ դեռ ոչ մի ընկերություն այնքան պաշար չի հայտնաբերել, որ ցանկություն ունենա ծախսեր կատարել այդ պաշարն ընդերքից հանելու համար: «Ես այսպիսի պայման եմ դրել. ասել եմ` պայմանագիր կկապեմ մեկ տարով, մեկ տարի ուսումնասիրի, պրծաք, նորից արի կապի»,-ասում է գյուղապետը: 

Բնապահպանների մտահոգությունը, թե հանքավայրը «Շիկահողի» արգելոցին մեծ վնաս կհասցնի, գյուղացիների մի մասը չի կիսում. հանքավայրը 15 կմ հեռու է գյուղից, հեռու է նաև արգելոցից: Սակայն գյուղապետ Մարտիրոսյանը կարծում է` ինչքան էլ հավաստիացումները համոզիչ լինեն, ոսկու հանքավայրը կաղտոտի և բնությունը, և ջուրը. գյուղը սնուցող խմելու ջուրը սկիզբ է առնում հենց այդ տարածքի առուներից: 

Համայնքում տրամադրությունները կիսվել են աշխատատեղի պատճառով: Այսօրվա դրությամբ հանքի ուսումնասիրության աշխատանքներում ծավեցի 15 երիտասարդ է մասնակցում: Խոսակցություններ կան, որ նոր աշխատատեղեր են ավելանալու:  

«Ես գյուղապետարանում աշխատում եմ որպես հաշվապահ և ստանում եմ 40 հազար, բայց հլը փետրվար ամսվա աշխատավարձն եմ ստացել: Եթե ես իմանամ, որ հանքը ինձ տալու է 120 հազար դրամ, գնալու եմ էնտեղ աշխատեմ»,- ասում է Ծավի համայնքապետարանի հաշվապահ Հունան Գրիգորյանը: 

Գյուղապետ Ա.Մարտիրոսյանն ասում է, որ եթե գյուղում այսօր 15-20 աշխատատեղ լինի, ամբողջ համայնքը հանքին դեմ կկանգնի, նույնիսկ հետազոտմանը: Բայց գյուղապետին անձամբ գյուղացի երիտասարդներն են խնդրանքով դիմել: «Տղա կա, որ ես 5-6 տարի դաս եմ տվել, եկել խնդրում է. «Խնդրում եմ, պրն Մարտիրոսյան, գնանք աշխատենք»: Չունի, 3000 դրամն էլ բան է իրա համար,- պատմում է Ա. Մարտիրոսյանը,- համայնքի ժողով էր, ասացի` էնենց մի արեք, մեզ հետո անիծեն: Անձամբ ինձնից սկսած` չասեն, էդ ինչ տխմար գյուղապետ էր, որ չկարողացավ էդ տարիներին ասել` էս ինչ եք անում, այ ժողովուրդ: Հերոսները մենակ պատերազմի ժամանակ չեն լինում, ցանկացած ժամանակ էլ կան: Չեմ ասում` մենք հերոս ենք, բայց հերոսություն է, որ ասենք` ոչ, դու մեզ թունավորում ես: 60-70 տոկոսը դեմ է, իսկ կա մարդ, որ 3000 դրամ օրը աշխատում է, իրեն լավ է զգում»: 

21-ամյա Ազատը ավելի քան մեկ ամիս է` աշխատում է Մազրայի ոսկու հանքի համար կատարվող ուսումնասիրություններում: Ասում է` մոտ մեկ կմ դեռ չեն փորել:  Ազատը հանքավայրի գոյությունը միայն օգտակար է համարում, քանի որ ամբողջ գյուղը կարող է այնտեղ աշխատել: 

Գյուղապետն ասում է, որ Ծավում լավ նախադրյալներ կան թե զբոսաշրջության, թե հատկապես էկոտուրիզմի զարգացման համար: Արարատ Մարտիրոսյանը համոզված է, որ դրսից մեկ ուրիշը կարող է գալ և' ներդրում կատարել, և' բնությունն անաղարտ պահել: Արդեն իսկ շատ զբոսաշրջիկներ են գալիս Ծավ` լսելով «Շիկահողի» արգելոցի մասին: Սկսել են  բնապահպանական ծրագրեր իրականացնել «Շիկահողի» արգելոցին հարող գյուղերում:

Գերմանական բանկն ուզում է մեծ ներդրումներ կատարել, որպեսզի պահպանվի բնության այս հատվածը: Պահպանելով հանդերձ` միջազգային կազմակերպությունները նաև օժանդակում են գյուղատնտեսության զարգացման հարցերում. աջակցում են գյուղացուն տունը վերակառուցել, պատուհանը վերանորոգել և այլն: Արդեն իսկ գործում են կանանց խմբեր, որոնք որոշակի աշխատավարձ են ստանում, որպեսզի ծրագրեր իրականացնեն: Գյուղացիները նաև նմանատիպ մի ծրագրի են մասնակցել այս տարի և 370 հազար դրամ շահել: Դրա հետ մեկտեղ` համայնքապետարանը 10 հազար եվրոյի ծրագիր է շահել` տարբեր նպատակներով օգտագործելու համար, իսկ հաջորդ տարի մինչև 200 հազար եվրոյի ծրագրի հնարավորություն կա:

«Բնությանը մի վնասիր, ծառերը մի կտրի, բայց աշխատի, այսինչ գործերն արա, մեխանիզմ կբերեն, վարուցանք կանենք և այլն,- պատմում է Ա. Մարտիրոսյանը: -Դրա հետ մեկտեղ մեկ մլն դրամ են տալիս, որ տունդ սարքես, բերես զբոսաշրջիկին տունդ պահես` թեկուզ մի օր»:

Բնապահպանական ծրագրերից արդեն իսկ մոտ 3 մլն դրամ է ներդրվել Ծավ համայնքում, մնացած ծրագրերը կամաց-կամաց առաջ են ընթանում:

Նախկին ավագանի Սպարտակ Ավետիսյանը իրեն համարում է համայնքի ակտիվ խմբի ներկայացուցիչ: Նա գերմանացիների ծրագրերը իրատեսական չի համարում, նրանց գովաբանություններին էլ չի հավատում: «35-հազարական դրամ են բաժանել, բայց սեպտեմբերին այդ 35 հազարը պետք է հետ տանք: Իբր ներդրում է արել գյուղատնտեսության մեջ, բայց այդ 35 հազարով կարգին բան անել էլ հնարավոր չի լինի»,- ասում է նա: Ծավեցին համոզված է, որ եթե ուզում են գյուղացին գյուղում մնա, պետք է նրան աշխատանքով ապահովել, այլապես գյուղացին իր արտադրածով չի կարողանում ապրել:

«Եթե ստեղ ուզում են պահել անարատ գոտի, մեզ էլ տեղափոխեն, սաղիս հանեն, գերմանացուն բերեն, ասի` ուխայ, էս ինչ լավ տեղ ա, գա հանգստանա գնա: Մենք կոտորվենք էստեղ, գերմանացին գա վայելի, իսկ մեր ապրուստին, մեր տանջանքին ոչ մեկն ուշադրություն չի դարձնում»,- ասում է ավագանու նախկին անդամը: Սպարտակ Ավետսիսյանը հետազոտական աշխատանքների մեջ վտանգ չի տեսնում, ասում է` նույնիսկ հանքին դեմ չի լինի, եթե հանքի սեփականատերերը ներդրում անեն ու գյուղը սնուցող աղբյուրի ջրերը տեղափոխեն, որ խմելու ջրին ոչինչ չսպառնա: 

Այնուամենայնիվ, համայնքապետը վստահեցնում է, որ եթե շահագործման հարց առաջանա, և ամբողջ գյուղն ասի` մենք 99 տոկոսով կողմ ենք, ինքը չի համաձայնի: «Ես որպես գյուղապետ կասեմ` «ես փոխում եմ ազգությունս» (նկատի ունի` հրաժարական կտա: Մեջբերումը` Պ. Սևակից-Ք. Ա.):

Մեկնաբանություններ (6)

Lilit
I have to support this project and from what we have seen on the video it looks like the villagers are also keen on the development of these mines, why wouldnt they be? it will provide them with some kind of job opportunities and standards of living... People, we have to be open minded and embrace progress and industrail development, it is THE ONLY way, why dont we learn from developed capitalist world, America would have not become the powerful country it is now, if people were to oppose any industrail revolution, and to stick to their own backward ways of doing things. This major's talk about eco tourist, PLEASE this is a joke, ecotourism unfortunately will not be a big enough business for Armenia and for a small area like Shikahogh with no infrastructure in place, how can it compete with other eco touristic destinations, no way. Lets say we have couple of tourist visiting every now and then, how does that benefit all this villagers? its simply is not profitable enough by miles! besides my friends I completely understand those patriotic remarks over having a foreign investment but again we have to be open minded, theres NOTHING wrong with foreign investment , our whole economy depends on foreign investment, so will it be better to keep the mines undeveloped, and see how the population slowly diminishes (please check statistical evidence of this taking place year by year) ? Life goes forward not backward people , the mine is there to be explored in a responsible manner which is what the Germans seem to have in mind as well, so why dont we give the village people a chance to improve their lives? I hope this project works out
KARLSON
Մազրայի հանքի շահագործումը վերջնականապես խաչ կքաշի թե Շիկահողի արգելոցի, թե Կապանի ամբողջ տարածաշրջանի վրա: Իրենց գրպանները լցնել ցանկացող հարգարժան պարոնայք, ձեռք քաշեք այդ գաղափարից քանի դեռ ուշ չէ՝ քանզի էս մի բուռ ժողովուրդը էլ գնալու տեղ չունի, էլ իվիճակի չէ դիմադրելու պետական ՏԵՌՈՐԻՆ: Մեղք են , առանձ այն էլ նրանց հասցրել էք ծայրահեղ վատթար վիճակի ձեր ԱՆԿՈՒՇՏ ՓՈՂԱՍԻՐՈՒԹՅԱՆ պատճառով: ԵՎ վերջապես երբ են մեր գերագույն ատյանները հասկանալու, որ ԷՍ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ՀԱՆՈՒՄ ՏԱՆՈՒՄ ԵՆ, ԴԱ ՄԻԱՅՆ ԻՐԵՆՑ և ԻՐԵՆՔ ՆՄԱՆ ՄԵՑԱՑՈՂ ԵՐԵԽԱՅԱՆՄԱՆ ՇՆԱԳԱՅԼԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԷ: Սերունդները դեռ շատ առիթներ կունենան 100-ամյակներ հետո ԹՔԵԼՈՒ ՁԵՐ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ, ՀԱՎԱՏԱՑԱԾ ԵՂԵՔ: Միթե մեր կառավարության շարքերում չկան մարդիկ, որոնք ապագայի համար մտածեն................ Տո ասա ինչ էս նստե , ում վրա էս հույս դնում: Դրանց հեչ պետքա, թե սերունդ պիտի գա, ապագայի խնդիրներ ունենք, երկիրը թուրքի ՔՈՉԻ պես թողնող հեռացող 10-յակ հազարավոր հայեր կան: Հետո էլ կասենք թե մենք աշխարհի ամենահին և ամենախելացի ազգերից ենք: Բա ոնց......Խելոք ձևով ժողովրդին քշում են ՀԱՅԱՍՏԱՆԻՑ: Ինչ չկարաց անի ԹՈՒՐՔԸ, արեցին և դեռ շարունակում Է անելՄԵՐ ՎԱՅ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ. 100-ամյակներ թշնամու դեմ մեջք չծռած ՍՅՈՒՆԵՑՈՒՆ այսօր ուզում են չոքեցնեն, այն էլ ՄԻ ԲՈՒՌ ՈՍԿՈՒ ՀԱՄԱՐ........ ՄԻԹԵ ԴՐԱՆ Է ԱՐԺԱՆԻ ԲԱԶՈՒՄ ԶՐԿԱՆՔՆԵՐ ՏԵՍԱԾ ԷՍ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, հետո էլ թե...ՀԱՎԱՏԱՆՔ, ՈՐ ՓՈԽԵՆՔ.........
Geolog
ՄԱԶՐԱՅՈՒՄ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱԶՄԵԼ ՄԻՆՉև ՎԷՑ ՀԱՐՅՈՒՐ ԿԻԼՈԳՐԱՄ ԴԱ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ Է ՎԱՂՈՒՑ ՄՆԱՑԱԾԸ ԲԼԵՖ Է և ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ
kathy babayan
I will never vote for Mr Martirosyan for mayor's job again.... If a mayor is willing to change his nationality rather than fight for his town rights, then he should not be a mayor.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սա իրոք դիլեմա է: Ես հասկանում եմ,որ մարդիկ աշխատանք/փող պիտի ունենան,որ ապրեն: Ուղղակի հանքը, եթե բացվի, պրոբլեմը պիտի տեղափոխի ապագա: Հանքերը փակվելուց հետո մարդիկ էլի պիտի աշխատանք փնտրեն. ուղղակի այդ ժամանակ կունենան նաև աղտոտված միջավայր և հավանաբար վատ առողջություն: Սյունիքում ՊԵՏԱԿԱՆ-ՄԱՐԶԱՅԻՆ մակարդակով ծրագրեր պիտի իրագործվեն. չեմ իմանում/հասկանում,թե ինչու չեն անում: ՄԱՍՆԱՎՈՐ (օտարներին պատկանող) հանքեր բացելը ՄԻԱՅՆ կարճաժամկետ ԿԻՍԱ-լուծում է. դեռ չեմ խոսում բնապահպանական վտանգների մասին:
Աչքներդ Բացեք!
Այս վերջին տարիներին հանկարծ պարզվել է, որ Հայաստանի սարերը ոսկու պահեստ են! Ով չի ալարում, գնում է նախարարություն, շաբաշը տալիս ու մի թղթի կտոր առած, ընկնում գյուղերը: Այնտեղ էլ ով է մնացել՝ մի քանի անգործ ալկոհոլիկ ու կիսակենդան ծերուկներ: Սրանց էլ երկու կոպեկ են տալիս, աշխատանք խոստանում ու իրենց ավերն սկսում: Իրենց տված աշխատանքը գյուղացուն որը կարող է լինել՝ քլունգից ու սեփական բնակավայրն ավիրելելուց բացի? Բայց այստեղ լուրջ հարց է առաջանում - տասն անգամ նույն տեղը քանդում են որ ինչ անեն? Այստեղից երեւում է, որ կամ խաբեբայություն է կատարվում (բլեյֆ են ասում) վարկ - մարկ պոկելու նպատակով: Կամ շատ ավելի վատ բան (մեղա Աստված!) - այստեղ ուղղակի թուրքի - մուրքի ծրագիրն է խորքում ընկած: Ինչ կա անտրամաբանական? 15-20 մլրդ - ի զենք առնելու, հազարներով զոհ տալու փոխարեն, մի քանի միլոն դոլլար են դնում ու իրենց ձեռքերով սեփական երկիրն ամայեցնում - ոչ մարդ է մնում ոչ էլ պրոբլեմ! (Այսպիսի խորհուրդ հավանաբար իրենց բարեկամ ջհուդներն են տվել:)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter