Երկուշաբթի, 20 մայիսի

Թուրքիայի և Սլովակիայի միջև սկսված սկանդալը հասնում է իր գագաթնակետին


12:20, 19 հունիսի, 2012

Թուրքիայի և Սլովակիայի միջև սկսված սկանդալը՝ կապված Սլովակիայում Հայոց ցեղասպանության մերժման օրենքի հետ, հասնում է իր գագաթնակետին: Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) և Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը Սլովակիայի գլխավոր դատախազին է ներկայացրել Սլովակիայում Թուրքիայի դեսպանուհի Գյուլհան Ուլուտեկին դեմ քրեական գործ՝ կապված Սլովակիայում Հայոց ցեղասպանությունը մերժելու փաստի հետ:

Քրեական գործը կազմել են ԵՀՄՖ-ի իրավաբանները՝ ելնելով Թուրքիայի դեսպանուհու այն հայտարարություններից, որոնք նա արել էր «Տիժդեն» շաբաթաթերթի մայիսյան համարում, որտեղ, արձագանքելով մայիսի 4-ի «Տիժդենում» լույս տեսած «Հայերը, Միկլոշկոն և Հարաբինը» հոդվածին, դեսպանուհին հայտարարել էր, որ «1915թ-ի դեպքերը ցեղասպանություն հայտարարելը լուրջ և միաժամանակ կասկածելի քայլ է: Ցեղասպանությունը լուրջ հասկացություն է, և նրա շուրջ ցանկացած պնդումներ պահանջում են լրիվ ու հիմնովին վերլուծություն՝ հիմնված վստահելի աղբյուրների և գիտական հետազոտությունների վրա, համաձայն միջազգային իրավաբանության համապատասխան սկզբունքների»:

Ինչպես հայտնի է, Սլովակիայում գործում է Ազգային խորհրդի թիվ 1341 բանաձևը՝ հաստատված 2004թ. նոյեմբերի 30-ին, ըստ որի՝ Սլովակիայի ԱԽ-ն ընդունում է «Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ կատարված ոճիր»: Իսկ ըստ Սլովակիայի ՔՕ-ի թիվ 424ա հոդվածի՝ «որոշակի ազգերի, ժողովուրդների, ռասաների, էթնիկ և այլ ծագումներ ունեցող խմբերի նկատմամբ թշնամություն հրահրելու, պարսավելու, ահաբեկելու» դեպքում նախատեսվում է պատիժ, և ըստ 2009թ. թարմացված տարբերակի ու համապատասխան լրացման՝ Հայոց ցեղասպանության մերժումը համարվում է հանցագործություն և պատժվում մինչև հինգ տարի ազատազրկմամբ:

ԵՀՄՖ-ի իրավաբանները Գյուլհան Ուլուտեկինի կատարած քայլում գտնում են վերոհիշյալ օրենքի շրջանակներում կատարված հանցագործության հստակ նախանշաններ ու համոզված են, որ Սլովակիայի գլխավոր դատախազը կկիրառի վերոհիշյալ օրենքը նրա նկատմամբ:

Իհարկե սպասվում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ը կդիմի Սլովակիայի պատկան մարմիններին՝ խնդրանքով կիրառել դեսպանուհու նկատմամբ դիվանագիտական անձեռնամխելիության իրավունքից բխող մեղմացումները և սպասվող ազատազրկումը փոխարինել վերոհիշյալ դիվանագետին երկրից արտաքսմամբ, սակայն ցանկացած տիպի պատիժ ողջունելի է, քանի որ այն օրինակ կծառայի մյուս թուրք ներկայացուցիչների համար, որ ապագայում զերծ մնան Սլովակիայի տարածքում Հայոց ցեղասպանությունը մերժող հայտարարություններ անելիս: Սա կլինի վերոհիշյալ օրենքի առաջին կիրառությունը Սլովակիայում այդ օրենքի ստեղծման օրից ի վեր և կդառնա նախադեպ:

ԵՀՄՖ-ը հետևողականորեն շարունակելու է կիրառելու Սլովակիայում գործող քրեական օրենքը նաև բոլոր այլ հնարավոր զանցառուների նկատմամբ: Միաժամանակ ԵՀՄՖ-ը շարունակում է իր աշխատանքները ԵՄ այլ երկրներում համանման օրենքի ստեղծման շուրջ:

ԵՀՄՖ-ի մամուլի քարտուղարություն
19.06.2012թ.


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Նուբար Ասլանյան13:49 - 19 հունիսի, 2012
Ես ողջունում եմ եւ հիացմունքս հայտնում Սլովակիայի Հայ համայնքին եւ նրա անխոնջ ղեկավար հարգարժան Աշոտ Գրիգորյանին, Հայոց Ցեղասպանության հանդեպ ոտնաձգողին հասցնել մինչեւ դատարան,անկախ սեռից,դավանանքից եւ պաշտոնից:Կուզեմ հուսալ,որ բարեկամ Սլովակիա դատական մարմինները կասեն ԻՐԵՆՑ ԽՈՍՔԸ: Ցեղասպանության մերժողը պիտի դատապարտվի,որպեսզի այն,դաս լինի մյուս ապիկարների համար:Շնորհակալություն նաեւ ԵՀՄՖ-ին:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»