HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փախստականները խորհուրդ են տալիս չհավատալ տոնական զեկույցներին

«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի հայտարարությունը՝ փախստականի միջազգային օրվա կապակցությամբ

Հունիսի 20-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես փախստականի միջազգային օր: Այդ օրը աշխարհի տարբեր երկրների կառավարություններն ու ծանրակշիռ միջազգային կազմակերպությունները խոսում են այն մասին, թե որքան է ավելացել փախստականների թվաքանակը աշխարհում, և ով որքան և ինչ որակի օգնություն է տրամադրել ու տրամադրելու իրենց հայրենի օջախները ստիպողաբար լքած թշվառականներին:

Հավանաբար նույնը կլինի նաև այս տարի, և չի բացառվում, որ ՀՀ իշխանությունները, ՀՀ-ում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի գրասենյակը հանդես կգան հաշվետու հայտարարություններով ու հանրությանը կպատմեն, թե որքան շատ բան է արվում Հայաստանում ապաստանած փախստականների համար:

Չհավատաք այդ տոնական զեկույցներին, չհավատաք հրեշտակի թևեր առած, բայց փախստականների բարոյական, նյութական և քաղաքական կործանման դուռը բաց պահող այդ մարդկանց:

Իրականությունն այն է, որ 1988-1992թթ. Ադրբեջանում հայության հանդեպ նախաձեռնած էթնիկ զտումների և ցեղասպանության գործողությունների արդյունքում փախստական դարձած ավելի քան կես միլիոն մեր հայրենակիցների ճակատագիրը տնօրինող տեղական և միջազգային տարատեսակ չինովնիկները փորձում են ադրբեջանահայ փախստականների խնդիրը լուծված ներկայացնել, փորձում են ցույց տալ, թե ինչպիսի արդյունավետությամբ է ընթանում նրանց «ինտեգրման» գործընթացը Հայաստանում:

Գործն այնտեղ է հասել, որ խորհրդարանական ընտրություններին նախորդող քարոզչական հանդիպումներից մեկի ժամանակ պարոն Սերժ Սարգսյանը «ինչի՞, Հայաստանում դեռ փախստական կա՞» հռետորական հարցն է տվել իրեն՝ փախստականների հիմնախնդիրները լուծելու առաջարկով դիմած փախստականներին՝ ավելացնելով, որ Ադրբեջանի իշխանություններն են, որ պետք է փոխհատուցեն ադրբեջանահայերին հասցված վնասները:

Փաստացի, Հայաստանի պետական քաղաքականությունը մերժում է հայ փախստականների իրավունքների ու շահերի պաշտպանության անհրաժեշտությունը: Սա անընդունելի է: Ակնհայտ է, որ միայն Հայաստանի կողմից այս հարցի պաշտոնական արծարծումը և համարժեք գործողությունների նախաձեռնումը կարող են հարցի լուծմանը հանգեցնել, բայց մեր իշխանությունները զլանում են իրենց «ավելորդ» նեղություն տալ:

Իրենց որդեգրած հարազատ ոճը այլ բան է նախատեսում՝ փախստականների համար բնակարանների անորակ շինարարությանը տրամադրված գումարների մսխում, որի համար հավասարապես պատասխանատու են մեր և միջազգային չինովնիկները, փախստականներին ՀՀ քաղաքացիություն ընդունելու պարտադրանք, դրամաշորթություն՝ օրենքով հասանելիքը տրամադրելու համար:

Բանն այնտեղ է հասել, որ ՀՀ կառավարությունն ու խորհրդարանը ձեռք ձեռքի տված փախստականների հետ կապված օրենսդրությանը հետադարձ ուժ են տալիս՝ նախկինում օրենքով փախստական ճանաչված անձանց մեկ այլ օրենքով զրկելով փախստականի կարգավիճակից, շատ անգամ դրա մասին նույնիսկ չտեղեկացնելով մարդկանց: Եվ սա պարզ կամայականություն չէ, սա այլ ոլորտներում տապալված քաղաքականության բացերը փակելու միջոց է:

Ասում եք՝ պետք է հավատանք, որ փոխենք: Փոխվեք, որ հավատանք:

Լուսանկարը՝ Հակբերի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter