Ինչ է քննարկվել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հունիսի 19-ին Վարդան Այվազյանի նախագահությամբ տեղի ունեցած Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
Պատգամավորները քննարկեցին Ազգային ժողովի հինգերորդ գումարման առաջին նստաշրջանի ավարտից անմիջապես հետո գումարվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված այն նախագծերը, որոնց քննարկման համար գլխադասային էր նշանակված ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը:
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Փաթեթի առաջին նախագծով առաջարկվում է օրենքով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին հնարավորություն ընձեռել արտոնագրային վճար վճարող համարվելու դիմում-հայտարարությունը ներկայացնել ցանկացած ամսվա ընթացքում: Առաջարկվում է նաև վերանայել արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածները՝ հարկ վճարողներին հնարավորություն ընձեռելով տարվա ցանկացած ժամանակահատվածի համար համարվելու արտոնագրային վճար վճարող:
Հանրային սննդի ոլորտում մինչև 50 քառ.մ տարածքի համար նախատեսված արտոնագրային վճարի նվազագույն չափը տարանջատվում է մինչև 20 քառ.մ և 21-50 քառ.մ տարածքների համար արտոնագրային վճարների չափերի, որը հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող գերփոքր տնտեսավարող սուբյեկտներին 2.5 անգամ ավելի պակաս արտոնագրային վճար վճարելու հնարավորություն կտա:
Սահմանվում է արտոնագրային վճարի չափը նվազեցնող գործակից, որը, կախված արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածի տևողությունից, յուրաքանչյուր ամսվա հաշվով կնվազի 0.02 գործակցով՝ արդյունքում նվազեցնելով նաև տվյալ ժամանակահատվածի համար արտոնագրային վճարի չափը:
Բնակության միևնույն հասցեում գրանցված անձանց, նրանց ամուսիններին, ծնողներին, երեխաներին, եղբայրներին, քույրերին հնարավորություն է տրվում միևնույն թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրման գործունեություն իրականացնելու մեկ արտոնագրով՝ միաժամանակ ամրագրելով, որ այդ դեպքում արտոնագրային վճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար յուրաքանչյուր վարորդի մասով ավելացվում է 1000 դրամով:
Բացառապես գիշերային ժամերին գործող ավտոկանգառների համար սահմանվում է 0.5 լրացուցիչ ուղղիչ գործակից, իսկ վարչարարության իրականացման տեսանկյունից առավել հեշտացվում են պատասխանատվության միջոցների կիրառման ընթացակարգերը:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է վերանայել մեկ ավտոմոբիլով տաքսի ծառայություն մատուցող անհատ ձեռնարկատերերին պատկանող տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը՝ սահմանելով, որ հիշյալ անձանց պատկանող տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննությունն անցկացվում է տարին մեկ անգամ:
«ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ, ինչի արդյունքում հարկային մարմինը հնարավորություն կունենա ստուգումներ իրականացնելու ոչ միայն «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված ելակետային տվյալների, այլև «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված ելակետային տվյալների ճշտության ստուգման ուղղությամբ:
Հանձնաժողովը քննարկեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Լիցենզավորման ոլորտում իրականացվող քաղաքականության նպատակն է պարզեցնել և հստակեցնել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, հեշտացնել լիցենզավորման գործընթացը:
Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Հաշվի առնելով խաղատների և շահումով խաղերի գործունեության դադարեցման դեպքում պետական բյուջեի եկամուտների նվազեցման ռիսկը և նպատակ ունենալով խրախուսել շարունակելու գործունեությունը՝ նախագծով առաջարկվում է պետական տուրքի չափը մինչև 2013 թ. հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար որոշել տարեկան պետական տուրքի գումարի 1/12-ի և 2012 թ. ընթացքում հերթական պետական տուրքի վճարման ամսվանից մինչև 2013 թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում ներառված ոչ ամբողջական ամիսների թվի արտադրյալով:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ քննարկված օրինագծերի վերաբերյալ հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել