Երևանում բացվել է նոր, հարմարվետ ու խաղային ատրակցիոններով կահավորված ևս երկու բակ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանի և հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի հետ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բացել է նոր, հարմարվետ ու խաղային ատրակցիոններով կահավորված ևս երկու բակ:
Բակերի համալիր բարեկարգման 2012թ. ծրագրի շրջանակում համագործակցելով «Փյունիկ» հիմնադրամի հետ՝ Երևանի քաղաքապետարանը հիմնանորոգված բակային տարածքներում տեղադրում է նաև հիմնադրամի տրամադրած խաղային ատրակցիոններ և մարզական գույք:
Դրոյի 24 շենքի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել՝ ընդգծելով, որ երկար տարիներ են սպասել բարեկարգ ու հարմարավետ բակային տարածք ունենալուն, իսկ Սարկավագի 72 շենքի բնակիչները դեռ նախորդ տարի էին դիմել Տարոն Մարգարյանին՝ իրենց շենքին հարակից տարածքը ևս բակերի բարեկարգման տարեկան ծրագրում ընդգրկելու խնդրանքով:
Հաշվի առնելով, որ տվյալ տարածքը ժամանակին օտարվել էր և ուներ օրինական սեփականատեր՝ Տարոն Մարգարյանի հանձնարարականով, սեփականատիրոջ հետ բանակցությունների արդյունքում, տվյալ տարածքն արդեն համայնքային սեփականություն է և բարեկարգված ու խաղային ատրակցիոններով կահավորված հանձնվում է բնակիչներին:
«Երևանի բոլոր վարչական շրջաններում միայն այս տարվա ընթացքում մոտ 20-30 բարեկարգված խաղահրապարակ կհանձնենք շահագործման: Քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության արդյունքում առաջիկա տարիների ընթացքում ամբողջ Երևան քաղաքում կբարեկարգենք բոլոր բակերն ու կհանձնենք բնակիչներին՝ հարմարավետ միջավայր ապահովելով մեր բոլոր համաքաղաքացիների համար»,- ասել է Տարոն Մարգարյանը:
Լևոն Սարգսյանը ևս վստահեցրել է, որ ծրագիրը լինելու է շարունակական, ավելին, առաջիկայում փոքրիկ երևանցիների համար կյանքի կկոչվեն նաև համատեղ այլ բարեգործական ծրագրեր: «Վերջին տարիների ընթացքում մենք շուրջ 300 մանկական խաղ ու մարզական գույք ենք տրամադրել քաղաքապետարանին»,- ասել է Լևոն Սարգսյանը:
Բակերի բարեկարգման ծրագրի շրջանակում քաղաքապետարանն ամբողջությամբ բարեկարգում, կանաչապատում է բակային տարածքները, տեղադրում նստարաններ, զրուցարաններ, անցկացում արտաքին լուսավորության նոր ցանց, տարածքն ապահովում ոռոգման նոր համակարգով՝ դրան զուգահեռ բակը կահավորելով հիմնադրամի կողմից տրամադրվող մանկական ժամանակակից խաղերով և մարզասարքերով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել