Ռուբեն Հայրապետյան. «Ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր հանցագործները պատժվեն»
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն է տարածել «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Ստորեւ ներկայացնում ենք Հայրապետյանի հայտարարությունը.
«Այս օրերին ես որեւէ կերպ չեմ արձագանքել «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած անթույլատրելի, որեւէ արդարացում չունեցող միջադեպին, երբ ծեծի են ենթարկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ. մարդիկ, ովքեր առավել եւս նաեւ հայկական բանակի սպաներ են, բժիշկներ: Ի տարբերություն որոշ լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերում հանդես եկող առանձին անհատների՝ ովքեր, ինչպես միշտ, շտապելով իրենց գնահատականներում, իրավապահ մարմիններից առաջ արդեն «բացահայտել էին» հանցագործությունը` այն վերագրելով նույնիսկ իմ ցուցումով կատարելուն, ես չեմ արձագանքել մի պարզ պատճառով, որպեսզի իմ արձագանքը չդիտվի իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողություններն ուղղորդելուն ուղղված քայլ:
Այս պահին, երբ իրավապահ մարմինների կողմից արդեն հայտնաբերվել է հանցագործության հիմնական կատարողը, իրականացվում են համալիր գործողություններ միջադեպի բոլոր մասնակիցներին բացահայտելու, կատարված հանցագործության բոլոր մանրամասները վեր հանելու համար, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր հանցագործները` անկախ այն հանգամանքից՝ նրանք անվտանգության աշխատակիցնե՞ր են, մատուցողնե՞ր, թե՞ այլ ծառայություն իրականացնողներ, պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:
Ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր գործողությունները լինեն թույլատրելիության սահմաններում բաց եւ թափանցիկ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել