HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլոբալ շարժում հանուն փոփոխության

Աշխարհի առաջնորդները հավաքվելու  են մի կարևոր առիթով` մասնակցելու Ռիո դե Ժանեյրոյում ՄԱԿ-ի Կայուն զարգացմանը նվիրված համաժողովին: Արդյո՞ք այն հաջողություն կունենա: Կարծում եմ, որ այո: Անկասկած,  բանակցությունները բավականին երկարաձգվել են: Նույնիսկ հիմա համաժողովից ակնկալվող այսպես կոչված «վերջնական փաստաթղթի» մանրամասների հարցում  կա ավելի շատ տարաձայնություն, քան համաձայնություն: Սակայն դա բնավ էլ չափորոշիչ չէ: Շատ ավելի կարևոր են այն քայլերը, որ Ռիոյի համաժողովն արդեն ձեռնարկել է: Իսկ դա հանուն փոփոխության գլոբալ շարժման ձեռնարկումն է:

Ռիո+20 մեզ սպասվող երկար ճանապարհի ուղենիշն է:  1992թվականին կայացած աշխարհի հայտնի գագաթաժողովը  կայուն զարգացման ծրագիրը ներառեց համաշխարհային օրակարգի մեջ: Այսօր մենք  արդեն եկել ենք այս վաղեմի հրամայականի առավել լայն ու խորը գիտակցմանը. ինչպե՞ս ավելի ճիշտ հավասարակշռել աշխարհի աճող բնակչության զարգացման կարիքները ուղեկցվող առողջ  տնտեսական աճի հետ` հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուրին վայելելու  բարգավաճման պտուղները, միաժամանակ պահպանելով մեր մոլորակի առավել թանկարժեք ռեսուրսները, որոնք են հողը, օդը և ջուրը: Ռիոյում ավելի քան 100 երկրների և կառավարությունների ղեկավարներին կմիանան մոտ 25,000 մասնակիցներ` պլանավորելու մեր առաջիկա ծրագրերը:

Արդեն շատ վաղուց է, ինչ մենք փորձում ենք գտնել  դեպի բարեկեցություն տանող մեր ուղին: Ցավոք, այդ մոդելն իրեն սպառել է: Ռիոյի շրջանակներում  մենք պետք է փորձենք ստեղծել մի  նոր մոդել` նախատեսված 21-րդ դարի տնտեսության համար, որ կհերքի արտադրության  աճի և շրջակա միջավայրի միջև զրոյական հավասարակշռության ստեղծման առասպելը: Ավելին, մենք գիտակցում ենք,  որ պետական ​​ խելամիտ քաղաքականություն վարելու պարագայում կառավարությունները կարող են զարգացնել  իրենց տնտեսությունները, նվազեցնել աղքատության մակարդակը, ստեղծել աշխատատեղեր և խթանել սոցիալական առաջընթացը, միաժամանակ հաշվի առնելով մեր Երկրի բնական ռեսուրսների սահմանափակ քանակը:

 Այս առումով, ես խորապես համոզված եմ, որ սկսված փոփոխության գործընթացը այլևս անշրջելի է և ոչ ենթակա բեկման: Ապացույցներն ամենուր են, բոլոր երկրներում` լինեն դրանք փոքր թե մեծ, հարուստ կամ աղքատ: Բարբադոսը, Կամբոջան, Ինդոնեզիան, Հարավային Կորեան  և  Հարավային Աֆրիկան, ի թիվս շատ այլ երկրների, արդեն իսկ որդեգրել  են «կանաչ աճի» մարտավարությունը, համաձայն որի առավել արդյունավետ են օգտագործվում  սահմանափակ բնական ռեսուրսները, ստեղծվում են աշխատատեղեր և խթանվում է ցածր ածխածնային աճը: Հայաստանը, Ադրբեջանը, Եգիպտոսը, Քենիան, Հորդանանը, Մալայզիան, Մեքսիկան, Նեպալը, Սենեգալը  և  Ուկրաինան  կիրառում են «կանաչ աճին» նպաստող տեխնոլոգիաներ արդյունաբերության տարբեր ոլորտներում` սկսած գյուղատնտեսությունից մինչև զբոսաշրջությունը: Գործող հնգամյա ծրագրի շրջանակներում Չինաստանը պարտավորվել է  մինչև 2020 թվականը պահանջվող էներգիայի 16 տոկոսը ստանալ վերականգնվող աղբյուրների էներգետիկ պաշարներից, ինչպես  նաև նախատեսում է ավելի քան  450 միլիարդ դոլլար ներդնել  թափոնների վերամշակման և մաքուր տեխնոլոգիաների զարգացման ոլորտներ:

Բրազիլիայում թափոնների վերամշակման բնագավառում աշխատում է ավելի քան  500,000 մարդ, որոնց մեծ մասը հազիվ է գոյատևում: Հնդկաստանը, համաձայն   Գյուղական զբաղվածության երաշխիքի մասին ազգային օրենքի , դրամական միջոցներ է հատկացնում  բնակչությանը բնական ռեսուրսների` ասենք անտառների ու մաքուր ջրի, էլ ավելի պատշաճ ու խնայողաբար  օգտագործման համար: Տեսնում ենք, որ ամենուր ազգային և տեղական ինքնակառավարման մարմինները ամրագրում են սկզբունքներ և ձեռնարկում քայլեր, որոնք,  միասին վերցրած, կարող  են մեզ  շրջակա միջավայրի քայքայման  և աճող սոցիալական անհավասարության հեռանկարից տանել  դեպի համընդհանուր և հավասարակշռված կայուն աճի մի նոր ժամանակաշրջան:

Կառավարություններն ու երկիր-պետությունները միայնակ չեն այս փոփոխությունը կյանքի կոչելու գործում: Ռիոյում բոլոր մայրցամաքներից ժամանած շուրջ 1000 կորպորատիվ ղեկավարներ հանդես կգան ընդհանուր հաղորդագրությամբ. բիզնեսն, որպես այդպիսին այլևս չի գործում: Շատերը ՄԱԿ-ի «Գլոբալ կոմպակտ» համընդհանուր պայմանագրի անդամ են` մասնավոր սեկտորի աճող շարժման կամավորներ, որոնք գիտակցում են, որ 21-րդ դարի կորպորատիվ պատասխանատվությունը հավասարազոր է կորպորատիվ կայունության: Այսպես օրինակ,  Nike ընկերությունը (այսպես կոչված, «փակ հանգույց» արտադրության առաջատարը, որը նվազագույնի է հասցնում արդյունաբերական աղտոտումը) նախաձեռնել է մի նոր ծրագիր “Mata no Peitօ”` (պորտուգալերեն նշանակում է «մարտահրավեր նետել»)` նպաստելով բրազիլական էկոհամակարգերի պահպանմանը: Unilever ընկերությունը պարտավորվել է մինչև 2020 թվականը ամբարել  կայուն աղբյուրներից ստացվող ամբողջ հումքը: Քենիայի Safaricom ընկերությունն արդեն ներառել է գենդերային հավասարությունը իր ներքին քաղաքականության մեջ նպատակ ունենալով ստեղծել հարազատ ու բարեկամական   մթնոլորտ:

Միևնույն ժամանակ Microsoft-ը հայտարարել է, որ շուտով որդեգրելու է ածխածնի չեզոքացման ծրագիր: Չինաստանի Broad Group ընկերությունը արտադրում է ոչ էլեկտրական օդորակման սարքավորումներ, որոնք 200 տոկոսով ավելի քիչ էներգատար են: Այժմ նրանք զբաղվում են էներգիա խնայող այլ արտադրանքների հետազոտման և կայուն շինությունների ստեղծման հարցերով: Մավրիտանիայի ToughStuff ընկերությունը ձգտում է մինչև 2016 թվականը Աֆրիկայի 33 միլիոն բնակչությանը  ապահովել մատչելի և հուսալի արևային էներգիայով, իսկ Աբու Դաբիի «Ապագայի էներգիա» ընկերությունը աշխատում է էլեկտրաֆիկացնել Աֆղանստանի գյուղական համայնքները և ապահովել էներգիայով Խաղաղ օվկիանոսի հարավային  Տոնգա կղզու ժողովրդին:

Էներգիային վերաբերող հարցը Ռիոյում կլինի  ուշադրության կենտրոնում: Ես այն կոչում եմ «Ոսկե թել», որն իրար է կապում  դեպի կայուն ապագա տանող բոլոր ուղիները, այն դեպի զարգացում, սոցիալական ներգրավվածություն և բնապահպանություն, ներառյալ  կլիմայի փոփոխությունը, տանող շարժիչ ուժն է: Ահա թե ինչու, ես 2011 թվականին  հանդես եմ եկել նոր նախաձեռնությամբ, որը կոչվում է «Կայուն էներգետիկա բոլորի համար»: Մեր նպատակն է ապահովել ամբողջ աշխարհի էներգիա չօգտագործող բնակչության ամեն հինգերորդին ժամանակակից էներգետիկ ծառայությունների հասանելիությամբ, նվազագույնի հասցնել էներգիայի սպառումը` կրկնապատկելով էներգիայի կիրառման արդյունավետությունը, և,  վերջապես, կրկնապատկել վերականգնվող էներգիայի մասնաբաժինը արտադրվող  էներգիայի համընդհանուր ծավալի մեջ: Ռիոյում կառավարության, բիզնեսի և քաղաքական հասարակության ղեկավարները հայտարարելու են գործողությունների մի ամբողջ շարքի մասին` ուղղված կյանքի կոչելու վերոնշյալ նպատակները` սկսած էկոլոգիապես ավելի մաքուր ու արդյունավետ օջախներ ստեղծելուց մինչև կառավարություններին օժանդակելը ավելացնելով պետությունների  երկրաջերմային և այլ վերականգնվող էներգիայի ներուժը:

«Կայուն էներգիա բոլորի համար» նախաձեռնությունը համարվում է ապագայի  համագործակցության մոդելը: Սկզբունքը պարզ է, սակայն ազդեցիկ:  ՄԱԿ-ն օգտվելով իր բոլորին իրար հետ հավաքելու անզուգական հնարավորությունից,  մի  սեղանի շուրջ կհավաքի համապատասխան դերակատարներին, որպեսզի վերջիններս կարողանան աշխատել ընդհանուր շահ հետապնդող ընդհանուր խնդիրների վրա: Ի վերջո, Ռիո+20- ը  հենց այս ամենի մասին է:  Իսկապես, բանակցություններն ինքնին  շատ կարևոր են: Համաձայնագրերը, որոնք կարող են թղթին հանձնվել այսօր, ձևավորելու  են վաղվա  քննարկումները: Բայց Ռիո+20-ի դերը վեր է այս ամենից: Այն դեպի փոփոխություն տանող համընդհանուր ակտիվ շարժման  արտահայտումն է, և կարևոր քայլ` դեպի ապագա, որին  ձգտում ենք հասնել: 

Բան Կիուն
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար`

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter