HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Չարենացավանի գործարարները դադարեցնում են իրենց բիզնեսը

Չարենացավան քաղաքի գործարարները' փոքր բիզնեսի ներկայացուցիչներ, մայիսի 20-ին հավաքվել էին քաղաքի հրապարակում' Չարենցավանի տարածքային հարկային տեսչության նոր պետի' Ռուբեն Միքայելանի գործելաոճի դեմ իրենց բողոքն արտահայտելու համար:

Տեսչության նոր պետի աշխատաոճը նրանք որակեցին «հարկային տեռոր»: Ցուցարարները հայտնեցին, որ վերջին ամիսներին հարկերի հավաքագրման նրա որդեգրած մեխանիզմի հետեւանքով անելանելի վիճակ է ստեղծվել քաղաքի բիզնես ոլորտում, շատերը հարկադրված դադարեցրել են իրենց գործունեությունը:

Հրապարակում հավաքված փոքր բիզնեսի ներկայացուցիչների ասելով' Չարենցավան քաղաքի հարկային տեսչության պետը հունվար ամսից սկսած մի քանի ամսում քաղաքը հասցրել է ծայրահեղ վիճակի: Մարդիկ այստեղ միայն առեւտրով են ապրում: Քաղաքի գործարաններից 2 է աշխատում, որոնցից ամեն մեկում մոտ 40 մարդ է զբաղված: Մնացյալը փոքր բիզնեսն է, որի գոյությունն արդեն վտանգված է:

 Պետի «հարկային տեռորը», նրանց ասելով, տարբեր դրսեւորումներ է ունենում' ցանկացած պահի չհիմնավորված ստուգումներ են իրականացվում կազմակերպություններում կամ այդ հիմնավորումները «սարքվում են շատ ցինիկ մեթոդներով»:

«Կարող է մարդ ուղարկել խանութ' գործ «սարքելու» համար եւ մեծ տուգանքներ է նշանակում, օրինակ, փոքր հացի խանութին հսկիչ դրամարկղային կտրոն չտրամադրելու համար տուգանելով մինչեւ 75 հազար դրամ»,- հայտնեց գործարար Գրիգոր Խեչոյանը: Խանութների տերերը հայտնեցին, որ օրենքի անկատարության պատճառով են մարդիկ խուսափում ՀԴՄ կտրոնները վճարելուց:

«Ամբողջ ազգը հո գող ու ավազակ չդարձավ, մեր օրենքը թերի է, դրա համար էլ գործարարները չեն կարողանում լիարժեք օրենքով աշխատել, հարկային մարմիներն էլ կառչում են դրանից ու տուգանքներն ավելացնում»,- ասում ենք նրանք: Նրանց ասելով' տուգանքների չափերն այնքան մեծ են, որ մարդիկ բնակարաններն են վաճառում, որպեսզի նշանակված տուգանքները վճարեն ու հեռանան երկրից:

Հարկային տեսչության պետի գործելաոճի հետեւանքով քաղաքի վարձույթի սրահներից երկուսի տերերն արդեն դադարեցրել են իրենց գործունեությունը, սակայն, դա նրանց չի ազատել պատասխանատվությունից:

 Համլետ Աբրահամյանը, ով վարձույթի սրահի համար տարածքը երկու տարի առաջ վարձակալել եւ իր միջոցներով 1 մլն 450 հազար դրամի բարեկարգման աշխատանքներ է իրականացրել, այս տարի, տեսնելով, որ արդարացված չէ նրա գործունեությունը, որոշել է դադարեցնել:

«Ամիսը մեկ, առավելագույնը երկու անգամ կարող էին դիմել վարձակալելու համար, իսկ այս ամիս ընդհանրապես դիմող չի եղել»,- հայտնեց Հ. Աբրահամյանը: Սակայն, երբ ներկայացել է հարկային տեսչություն, որպեսզի համապատասխան ձեւակերպումներով հայտարարի սրահի գործունեությունը դադարեցնելու մասին' ասել են, որ չի կարող դադարեցնել, քանի դեռ չի վճարել բոլոր պարտքերը:

Հարկայինում նրան հայտնել են, որ անհատ ձեռնարկատերը ճիշտ չի վարել իր հաշվապահությունը, պետք է աշխատեր հաստատագրված վճարով, մինչդեռ հարկերը վճարել է ստացած եկամտի 10 տոկոսով, որի համար նա 6 մլն դրամ տուգանք պետք է վճարի:

Սկսյալ անցյալ տարվա ապրիլ ամսից մինչ օրս հաշվարկելով վարձույթի տարածքի 1 քմ-ը 2000 դրամով, որն ամսական կազմում է 200.000 դրամ, նրան ներկայացվել է 6 մլն դրամ տուգանք:

«Ես ասում եմ' դուք ինձ ասել էիք' եկամտի 10 տոկոսը պետք է վճարես, այդպես էլ արել եմ, հաշվետվություններ եմ ներկայացրել եւ ընթացքում ոչ ոք ինձ չի ասել, որ ճիշտ չեմ աշխատել: Բացատրեցի, որ ես միայն տարածքն եմ տրամադրում, իսկ հյուրասիրությունը վարձակալողներն են կազմակերպում, բայց ոչինչ չկարողացա համոզել: Ինձ առաջարկեցին ծանուցագիրը ստորագրել, որից հրաժարվեցի: Ասացին' եթե չստորագրես' եւս 250 հազար դրամ տուգանք է գումարվելու հաշվարկված 6 մլն դրամին: Չստորագրեցի եւ պահանջեցի ծանուցագիրը փոստով ուղարկել»,- պատմում է Համլետ Աբրահամյանը:

Հարկային տեսչությունում նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, դիմել է բուժօգնության եւ նրան միկրոինֆարկտ են ախտորոշել:

Նույն իրավճակում է հայտնվել նաեւ գործարար Գրիգոր Խեչոյանը, որի սեփական շինության տարածքում, իրենից բացի վարձակալական հիմունքներով գործունեություն են իրականացնում նաեւ այլ ձեռնարկատերեր:

 Հաստատագրված վճարի դեպքում նրանց ասելով, իրենք նույնպես հարկադրված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունը: «Մեր հարսանյաց սրահի տարածքն ավելի մեծ է, եւ մենք նույն պայմաններով ենք սրահը վարձակալության տրամադրում, մենք սնունդ մատուցող չենք: Հարկային տեսչության պետի այդ հաշվարկով մեր տուգանքը կկազմի 60 մլն դրամ, դրա համար էլ դեռ չեն ասում, վախենում են գրված թվից»,- հայտնեց Գ. Խեչոյանը:

Նա նշեց, որ չնայած դեռ հարկայինում իր գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն չի ներկայացրել, բայց սրահը տրամադրելու հայտեր չի ընդունում եւ աշխատողներին արդեն ազատել է: Նրա ասելով' իրենց գործունեությունն արդարացված է ՀԴՄ-ով աշխատելու եւ ըստ այդմ եկամտի 20 տոկոսով հարկվելու դեպքում, որով աշխատել են տարիներ շարունակ:

«Սակայն, երբ մեզ ասում են, որ հաստատագրված վճարով պետք է հիմա հարկվեք' արդեն չենք կարող, այդ դեպքում մեր հարկը կկազմի ամսական 7-800 հազար դրամ»,- ասում է Գ. Խեչոյանը:

Նրա ասելով փորձել են տեսչության պետից իր վարած քաղաքականության վերաբերյալ բացատրություն ստանալ, սակայն նա հարկատուներին չի ընդունում ոչ մի հարցով: «Մեկ անգամ է ընդունել է 3 րոպեով, որ ասի' ուր ուզում ես գնա բողոքի»,- հայտնեց Գ. Խեչոյանը:

Հայաստանի ՓՄՁ զարգացման Ազգային կենտրոնի Կոտայքի մասնաճյուղը, տեղեկանալով Չարենցավան քաղաքի գործարարների' իրենց համար ստեղծված դժվարին իրավիճակը իշխանության ներկայացուցիչների հետ քննարկելու ցանկության մասին, մոտ 3 շաբաթ առաջ հանդիպում է կազմակերպել էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հետ:

«Էկոնոմիկայի նախարարը եկել էր տեղեկանալու, թե փոքր եւ միջին բիզնեսը ինչ խնդիրներ ուներ, բայց մեզ լսելու ժամանակ չուներ»,- հանդիպման բովանդակությունը մեկ նախադասությամբ ամփոփեցին գործարարները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter