HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Մոսկվան, Վաշինգտոնն ու Փարիզը՝ ընդդեմ Անկարայի հերթական սադրանքի

Ինչպես կանխատեսվում էր, Փարիզում հունիսի 18-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների մասնակցությամբ, չհանգեցրեց որևէ կոնկրետ արդյունքի:

Շատ ավելի կարևոր և անսպասելի էր համանախագահ պետությունների նախագահների համատեղ հայտարարությունը հաջորդ օրվա առավոտյան՝ G-20-ի հերթական գագաթաժողովի ժամանակ: Մինչ դրա հրապարակումը ոչ մի կանխատեսում կամ նախանշան չկար, որ Վ.Պուտինը, Բ.Օբաման և Ֆ.Օլանդը ընդհանրապես կանդրադառնան Ղարաբաղյան թեմային: Մանավանդ որ Պուտին-Օբամա 1,5-ժամանոց հանդիպման օրակարգը խիստ հագեցած էր, և պարզվեց, որ խնդրահարույց հարցերի՝ հատկապես հակահրթիռային պաշտպանության համակարգի և սիրիական ճգնաժամի հետ կապված Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները մնում են իրարամերժ:

Եվ այդ ամենի կողքին հանկարծ ընդունվում է հայտարարություն Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, ուր համանախագահ պետությունների ղեկավարները հենց առաջին պարբերությամբ բավական հստակ «մեսիջ» են հղում հակամարտության կողմերին. «Մենք միասնական ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մեր հաստատակամության մեջ: Հակամարտության կողմերը այլևս չպետք է հետաձգեն կարևոր որոշման ընդունումը, որն անհրաժեշտ է հաստատուն և խաղաղ կարգավորման համար: Մենք կոչ ենք անում ղեկավարվել Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներով, հատկապես ուժի չգործադրման կամ դրա գործադրման սպառնալիքի բացառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման, ինչպես նաև կարգավորման այն տարրերով, որոնք արտահայտված են մեր երկրների կողմից Ակվիլայում և Մուսկոկում ընդունված հայտարարություններում»:

Ի՞նչ է սա նշանակում: Առաջին հերթին սա պատերազմի վերսկսումից ձեռնպահ մնալու «մեսիջ է», որը սկզբունքորեն հերքում է ադրբեջանական որոշ փորձագետների պնդումները, թե շփման գծում հրադադարի խախտումները «բզբզում» է Ռուսաստանը՝ բնականաբար Հայաստանի միջոցով: Ինչպես նաև որոշ ռուսական վերլուծաբանների տեսակետները, թե Վաշինգտոնն է հրահրում Բաքվին հրադադարի խախտման, գուցե կարճաժամկետ պատերազմի՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների անվան տակ ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները տեղակայելու համար:

Ըստ այդմ, ավելի համոզիչ է դառնում այն վարկածը, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներն ու դիվերսիոն գործողությունները հրահրված էին Անկարայից: Պատահական չէր, որ հենց ադրբեջանական խոշոր դիվերսիաների օրերին Բաքվում էին գտնվում Թուրքիայի զինված ուժերի բոլոր զորատեսակների հրամանատարները: Այսինքն՝ Անկարան պարբերաբար ցույց է տալիս համանախագահներին, որ ինքը տարածաշրջանում սեփական շահերն ու հավակնություններն ունի, ինչպես նաև այնքան ազդեցություն Բաքվի վրա, որ կարող է ցանկացած պահի ապակայունացնել իրավիճակը: Ինչը չի կարող չմտահոգել Վաշինգտոնին, Մոսկվային և Փարիզին, որոնք վաղուց ի վեր Մինսկի խումբը վերածել են տարածաշրջանային հարցերի քննարկման հարթակի, ուր Թուրքիան մուտք չունի, և այնտեղ խցկվելու բոլոր փորձերն արդյունք չեն տալիս: Համատեղ հայտարարության այդպիսի անսպասելի ընդունումը «մեսիջ» է Բաքվին, որ կարիք չկա մեծ հույսեր կապել Թուրքիայի դերակատարության հետ, որովհետև այդ դերակատարության աճը չի բխում ո՛չ Վաշինգտոնի, ո՛չ Մոսկվայի, ոչ էլ Փարիզի շահերից:

Սա չի հակասում տարածաշրջանում որոշակիորեն սրված ռուս-ամերիկյան մրցակցությանը: Վաշինգտոնը բնականաբար ձգտում է դուրս մղել Մոսկվային, բայց աշխատում է անել դա առանց ռազմական ապակայունացման, որովհետև հենց այդպիսի ապակայունացումը վրաց-օսական հակամարտության գոտում առիթ ծառայեց Ռուսաստանի համար՝ դիմելու կոշտ միջամտության և իր լիարժեք հսկողության տակ վերցնելու Աբխազիան ու Հարավային Օսիան: Ոչ մի երաշխիք չկա, որ նույնը չի արվի Ղարաբաղյան հակամարտության թեժացման դեպքում: Վաշինգտոնը ակնհայտորեն նախընտրում է, Հայաստանն իր ազդեցության ուղեծրում ընդգրկելով, «վերցնել» տարածաշրջանը, և Քլինթոնի այցը ցույց տվեց, որ որոշ հաջողություններ կան:

Մյուս կողմից ռազմական գործողությունների վերսկսումը գոնե այս պահին չի բխում նաև Մոսկվայի շահերից, քանի դեռ ռուս-ադրբեջանական բանակցությունների օրակարգում է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի հարցը: Բացի դրանից՝ Կրեմլը մտահոգ է, որ ստատուս քվոյի վերանայման ռազմական փորձը կհանգեցնի ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման հակամարտության գոտում, նկատի ունենալով նաև այն, որ պաշտոնական Երևանի հնարավոր դիմադրությունը դրան այժմ այնքան էլ հավանական չէ: Ըստ ամենայնի, Մոսկվան կողմնակից կլինի ստատուս քվոյի պահպանման առնվազն մինչև Հայաստանում նախագահական ընտրությունները, որոնց արդյունքներից էլ պարզ կդառնան Հայաստանում և տարածաշրջանում Ռուսաստանի հետագա ազդեցության հեռանկարները:

Վահան Վարդանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter