HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնական արարողություն՝ նվիրված Երևանի և Մարսելի բարեկամության 20- ամյա հոբելյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի մասնակցությամբ Մարսել քաղաքի Բորել այգում տեղի է ունեցել Երևանի և Մարսելի համագործակցության համաձայնագրի 20- ամյա հոբելյանին նվիրված պաշտոնական արարողությունը: Միջոցառման շրջանակում Երևանի և Մարսելի քաղաքապետերը ծաղկեպսակներ են տեղադրել այգում կանգնեցված Երևանի և Մարսելի բարեկամությունը խորհրդանշող խաչքարի մոտ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի և Մարսելի միջև կապերի ամրապնդման գործում իրապես մեծ է Մարսելի քաղաքապետի անձնական ներդրումը:

«Պարոն քաղաքապետ, վստահեցնում եմ, որ Դուք իրապես ցանկալի և սպասված հյուր եք Երևանում ու կարծում եմ, որ կհամաձայնեք առաջիկայում պաշտոնապես հյուրընկալվել մեզ մոտ: Հուսով եմ, որ Երևանում մենք միասին գործնական քայլեր կձեռնարկենք մեր 20- ամյա համագործակցության համաձայնագրի թարմացման ուղղությամբ»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ անցած երկու տասնամյակների համագործակցությունը բոլոր մակարդակներում գնահատում է բարձր:

Օգտվելով առիթից ու դիմելով միջոցառմանը ներկա մարսելահայ համայնքի ներկայացուցիչներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնահատուկ կարևորել է նրանց անմիջական դերակատարումը նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակի և փոխգործակցության ամրապնդման հարցում:

«Նաև ձեր շնորհիվ է, որ այսօր ֆրանսիացիների համար օտար չեն հայ և Հայաստան հասկացությունները: Այս օրերին մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ տեղացիների համար մենք օտարներ չենք, ավելին՝ մեզ հարգում և վստահում են այստեղ և մեծագույն հարգանք ունեն մեր երկրի հանդեպ: Լինելով յուրօրինակ կամուրջ երկու ժողովուրդների և երկրների միջև՝ դուք ևս շատ կարևոր դերակատարում ունեք մեր հարաբերությունների ամրապնդման ու ընդլայնման առումով և կցանկանայի, որ այդ կամուրջը էլ քավելի ամրանա ու լինի անսասան»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենն իր հերթին դիմելով Երևանի քաղաքապետին և հանդիսավոր արարողության մասնակիցներին, վերահաստատել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հնչեցրած հայ-ֆրանսիական բարեկամության և հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակի առկայությունը՝ հավելելով, որ չնայած այդ ամենին՝ Երևանի և Մարսելի համագործակցության ուղղություններն այսօր իսկապես վերանայման կարիք ունեն:

«Պարոն քաղաքապետ, Դուք ճիշտ եք նկատել, որ մեր երկու քաղաքների ներուժն այսօր շատ ավելին է, քան էր 20 տարի առաջ: Եվ իսկապես մեր համաձայնագիրը վերանայման կարիք ունի, ինչը վստահ եմ՝ մենք կանենք հնարավորին կարճ ժամկետներում: Համոզված եմ, որ սա կդառնա մեր փոխադարձ վստահության և հարգանքի ևս մեկ ապացույցը: Ի դեպ, օգտվելով առիթից ես ևս շնորհակալություն հայտնեմ մեր հայ քաղաքացիներին, ովքեր իսկապես մեծ դեր և կարևոր նշանակություն ունեն ինչպես մեր երկուստեք հարաբերությունների, այնպես էլ Մարսելի կայուն զարգացման գործում»,- շեշտել է Ժան-Կլոդ Գոդենը:

Հանդիսավոր միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շփվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, լսել նրանց բարեմաղթանքներն ու առաջարկները: Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս հավաստել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է քննարկելու ներդրումային առաջարկներ, որոնք որոշակիորեն կարող են նպաստել համայն հայության մայրաքաղաքի կայուն զարգացմանն ու առաջընթացին՝ ընդգծելով, որ այս մասին ևս զրուցել են Մարսելի քաղաքապետի հետ, ինչը կարտացոլվի Երևանի և Մարսելի համագործակցության թարմացվելիք համաձայնագրում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter