HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Չպետք է մոռանալ, որ 100 հազար հայերին վտարելու մասին հոխորտացողը հենց Էրդողանն էր»

49-ամյա Սըրը Սյուրեյա Յոնդերը թուրք կինոռեժիսոր է, գրող, լրագրող: Հունիսին կայանալիք Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում Յոնդերն առաջադրվել է որպես անկախ թեկնածու: Նրան աջակցում է «Աշխատանք, ժողովրդավարություն, ազատություն» ընդդիմադիր բլոկը:

Յոնդերը պատմում է, որ քաղաքականությանը սկսել է առնչվել դեռ 14 տարեկանում, հայրը, ինչպես եւ ինքը, սոցիալիստ է եղել: 16 տարեկանում Սըրը Սյուրեյան մասնակցել է Մարաշի կոտորածի թեմայով ակցիաներին, ինչի համար բանտ է նետվել, մեկ անգամ էլ` 12 տարով, բանտարկվել է զինվորական խունտայի կողմից 1980-ի սեպտեմբերի 12-ին պետական հեղաշրջում իրականացնելուց հետո: Բանտում հացադուլներ է արել:

Ազատվելուց հետո էլ սկսել է քաղաքական թեմաներով ֆիլմեր նկարել: Մինչեւ վերջերս իր սյունակն է ունեցել թուրքական «Ռադիկալ» օրաթերթում, սակայն քաղաքականություն մտնելուց հետո նրան ազատել են աշխատանքից, ինչից հետո սկսել է գրել քրդական թերթերից մեկում: 

«Ես Ադիյաման քաղաքից եմ, քրդական հողերի վրա եմ ծնվել, բայց թուրք եմ, ինչը միշտ մատնանշում եմ: Շատ կարեւոր եմ համարում 30 տարի պատերազմող քրդական ժողովրդի ինքնության ճանաչումն ու խաղաղությունը, սրանց զուգահեռ`  բոլոր մյուս ժողովուրդների ինքնության ճանաչումը, ինչը պետք է հիմք դառնա ազգերի միջեւ համագործակցության ու եղբայրության համար,- ասում է Ս. Յոնդերը,- իսկ երրորդ խնդիրս դասակարգային հավասարության համար պայքարն է: Հենց այս նպատակներով եմ մտել քաղաքականություն»:  

«Այդքանից հետո ինչպե՞ս են Ձեզ նայում մյուս թուրքերը» հարցին պատասխանում է ժպտալով. «Ինչպես որ գուշակում եք: Բայց նրանք ինձ միշտ են այդ աչքով նայել: Այստեղ եթե սոցիալիստ ես, ապա քրդից կամ հայից շատ չես տարբերվում: Սակայն թրքական քաղաքականությունն այլեւս պետք է վարժվի այս իրականությանը»:

Սըրը Սյուրեյան Հայկական հարցին անդրադառնալիս օգտագործում է «Ցեղասպանություն» տերմինը, նա թուրք մտավորականների նախաձեռնած «Հայեր, ներեք մեզ» ակցիայի մասնակիցներից է, ասում է, որ իրեն հասարակությունը ճանաչում է նաեւ այդկերպ: Սպառնալիքներ միշտ էլ ստացել է, ինչն արդեն սովորական է դարձել, սակայն ընտրությունների շրջանում դրանք ավելացել են:

Այդուհանդերձ, ինչպես նշում է, ամենաքիչն էլի ինքն է ստանում սպառնալիքներ. «Պատճառներից մեկն այն է, որ ես միշտ այսպիսին եմ եղել, չեմ շեղվել իմ ճանապարհից: Հետո էլ` ես նույն տեսանկյունից եմ նայում նաեւ հավատքի ազատությանը, ինչն իմ դիրքորոշումն ավելի համակրելի է դարձնում մարդկանց»:

Ս. Յոնդերն առաջադրվել է Ստամբուլում: Նրա ընտրազանգվածի մեջ շատ են Շիշլիում, Կումկափիում, Բաքիրքյոյում, ծովամերձ մյուս շրջաններում ապրող քրդերը, հայերը, սոցիալիստական կողմնորոշում ունեցողները: Խոստովանում է, որ աշխատանքից բացի չունենալով եկամտի այլ աղբյուր` քարոզարշավի ընթացքում իրեն մեծապես օգնում են համակիրները: Ըստ թեկնածուի` ինքը հաղթելու բավականին լավ հնարավորություններ ունի, ինչի պատճառով էլ ընտրողների առաջ մեծացել է պատասխանատվությունը:

Խոսելով Հայկական հարցի մասին` ասում է, որ իշխանությունն այդ ուղղությամբ ջայլամի քաղաքականություն է վարում. «Ջայլամին բեռ են տալիս, ասում է` ես թռչուն եմ, ասում են` դե թռիր, ասում է` չէ, ուղտ եմ: Պետությունն էլ այսպես է: Ազգային փոքրամասնությունները Լոզանի պայմանագրով մի շարք իրավունքներ ունեն, երբ պետությանն ասում ես` կիրառիր դրանք, ասում է` ոչ, նրանք մեր հայրենակիցներն են, ասում ես` դե լավ, ուրեմն այդպես կիրառիր նրանց իրավունքները, ասում է` չէ, Լոզան կա»:

Թեկնածուն վստահություն է հայտնում, որ հայերից բավականին ձայներ է ստանալու, քանի որ փոքրամասնությունների նկատմամբ իր վերաբերմունքն ինքը ցույց է տվել դեռ մինչեւ քաղաքականություն մտնելը: Պատմում է, որ իր ծննդավայր Ադիյամանը ժամանակին հայաշատ քաղաք էր, իսկ հայերի ոչնչացումից հետո մեծ թիվ են կազմել քրդերը, չնայած որ փոքրաթիվ հայեր էլի ապրում են:

«Ադիյամանի ներկայիս հարստության պատճառը հեռացած հայերի գույքը յուրացնելն էր: Այս իրականությունը ես փոքրուց հասկացա ու փոքրուց պայքարել եմ այդ ամենը անիրավ կերպով ձեռքբերողների դեմ»,- պատմում է Ս. Յոնդերն ու հավելում, որ ադիյամանցի հայերն ավանդաբար եղել են մուսուլման պատանիների, այսպես ասած, կնքահայրերը. թլպատման ժամանակ հայ տղամարդ է բռնել պատանուն:

Սա հայերի եւ մուսուլմանների բարեկամության ապացույց է: Որպես այլ օրինակ հիշում է 1990-ականներին երկու կողմի համատեղ ջանքերով Ադիյամանի հայ եկեղեցու վերանորոգումն ու իշխանությունների կողմից հայերի գերեզմանոցի ոչնչացման դեմ հաջող պայքարը, ինչից հետո վերջինս աղբանոցից վերածվել է բարեկարգ վայրի:  

Սակայն այսօր պոլսահայության մի մասն ասում է, որ իրենց ներկայիս իրավունքների մեծ մասը ձեռք է բերվել վարչապետ Էրդողանի կուսակցության իշխանության տարիներին` 2002-ից: Սոցիալիստ Սըրը Սյուրեյա Յոնդերը գտնում է, որ սա թյուր կարծիք է:

Ըստ նրա` երբ Հրանտ Դինքի սպանությունից հետո հայերը, քրդերը, սոցիալիստները ընդվզեցին, Էրդողանը տհաճություններից խուսափելու համար մի շարք բարեփոխումներ արեց, սակայն դրա կողքին չպետք մոռանալ այն, որ 100 հազար հայերին վտարելու մասին հոխորտացողը հենց Էրդողանն էր, Կարսի հուշարձանի ապամոնտաժումը նրա նախաձեռնությունն էր, ընտրությունների ընթացքում Էրդողանի կարգախոսներն ուղղված են Հայաստանի դեմ, իսկ Ցեղասպանության հարցը պատմաբաններին թողնելը «աշխարհի ամենամեծ ֆաշիստական քայլն է»:

«Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է հավատալ Էրդողանի անկեղծությանը»,- հռետորական հարց է տալիս Ս.  Յոնդերը:                                    

Ստամբուլ-Երեւան

Մեկնաբանություններ (1)

Armenuhi
Ադիյամանը հայկական երկիր էր, և ես ձեզ արգելում եմ ասել, որ մեծացել եք քրդական հողի վրա: Ադիյամանը Կիլիկիայի պատմությունն է, և դա հայկական երկիր էր: Այնտեղ ապրում էին հույներ, հայեր, ասորիներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter