HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետապնդումների նոր շարք Ջավախքում. նոր ձերբակալություն Ախալքալաքում

Երեկ գիշեր ձերբակալվել է Ախալքալաքի բնակիչ Գեորգի Մխչյանը: Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը նրան մեղադրում է փաստաթղթեր կեղծելու մեջ. իբր՝ Գեորգին ցանկացել է յուրացնել քաղաքի կենտրոնում գտնվող 1.100 քառակուսի մետր ընդհանուր տարածքով եռահարկ շինությունը`  կից հողատարածքով: Գեորգի Մխչյանին կարող է սպառնալ 4-7 տարվա ազատազրկում: 

Տվյալ շինությունը, որը գտնվում է Թամար թագուհու փողոցի վրա,  Ախալքալաքի նախկին Կենցաղի տունն էր, որտեղ բոլորովին վերջերս տեղակայվել է Վրաստանի ընդդիմադիր` Բիձինա Իվանիշվիլու «Քարթուլի օցնեբա» («Վրացական երազանք») կուսակցության գրասենյակը: 

Իսկ տարածքը տնօրինել են Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, այժմ հետախուզման մեջ գտնվող Մելիք Ռաիսյանը և Գ. Մխչյանը, սակայն փաստացի սեփականատերը Գեորգին է եղել:   

Մելիք Ռաիսյանը մայիսի 27-ից է հետախուզման մեջ: Իսկ դրանից երկու օր առաջ` մայիսի 25-ին անդամագրվել է «Վրացական երազանք» կուսակցությանը: Մելիք Ռաիսյանին մեղադրում են խարդախության մեջ: 

Նա եղել է Վրաստանի խորհրդարանի` Ախալքալաքի շրջանից ընտրված պատգամավոր մինչև 2008 թվականը: 2 անգամ է ընտրվել: Մինչ 2004 թվականը Մ. Ռաիսյանն ու իր ընտանիքը ապրել են Ախալքալաքում, 2004-2007թթ.-ը Թբիլիսիում: 2007-ից պատգամավորն իր ընտանիքով տեղափոխվել է Հայաստան` միևնույն ժամանակ Մ. Ռաիսյանը մշտապես եղել է նաև Թբիլիսիում ու Ախալքալաքում: Իսկ 2008-ից սկսած վերջնականապես հաստատվել է Հայաստանում: 

Գեորգի Մխչյանը 5 տարի եղել է Մելիք Ռաիսյանի վարորդը: Նա էլ, Մելիք Ռաիսյանի հետ, անդամագրվել է «Վրացական երազանք» կուսակցությանը: Ըստ պաշտոնական հայտարարության՝ Գ. Մխչյանին մեղադրում են Կենցաղի տան շենքի սեփականաշնորհման ընթացքում փաստաթղթերը կեղծելու մեջ: «Ոստիկանության ասածով՝ նրան մեղադրում են այն բանի համար, որ իբր նա սեփականության կեղծ փաստաթղթեր է ներկայացրել: Նրան նախնական երկու ամսով կալանավորել են՝ մինչև հանգամանքների պարզվելը»,- ձերբակալության մասին «Հետքին» պարզաբանել են «Քարթուլի օցնեբա» կուսակցության Ախալքալաքի գրասենյակից: 

Մելիք Ռաիսյանի որդին ու ընտանիքը հոր նկատմամբ հետապնդումն ու Գ. Մխչյանի ձերբակալությունը կապում են վերջիններիս` «Վրացական երազանք» կուսակցությանը անդամագրվելուն: Դա է վկայում հենց այն փաստը, որ Մ. Ռաիսյանը մայիսի 25-ին Թբիլիսիում է եղել և անդամագրվել կուսակցությանը, դրանից անմիջապես հետո` մայիսի 27-ին, նրա նկատմամբ արդեն հետախուզում են հայտարարել: 

Թե ինչու էր Մ. Ռաիսյանը անդամագրվել ընդդիմադիր կուսակցությանը, եթե մինչև 2008-ը` այսինքն` Մ. Սահակաշվիլու ղեկավարած տարիներին, աշխատել է գործող նախագահի  հետ, Մ. Ռաիսյանի որդին «Հետքի» հետ զրույցում հետևյալ կերպ հիմնավորեց. «Հայրս տեսնում էր, որ Ջավախքը արդեն թրքացման են տանում, իսկ նա չէր ուզում, որ մեր հայրենիքը թրքանա, դրա համար մտավ այդ կուսակցությունը: Հայրս, հասկանալով Ջավախքի և ջավախքցիների ծանր քաղաքական ու սոցիալական վիճակը, ձգտում էր ու ձգտում է հասնել Ջավախքի բարելավմանը ու ջավախքցիների իրավունքների պաշտպանությանը: Եվ փորձում է թույլ չտալ Վրաստանի իշխանություններին շարունակել հալածել ու վախի մթնոլորտի մեջ պահել ջավախքցիներին: Այդ պատճառով Վրաստանի իշխանությունները, սարքելով սուտ գործ, հետախուզում են նրան»,- ասաց Կարլոս Ռաիսյանը: 

Մանրամասներ, թե կոնկրետ ինչպես պետք է «փրկվեր» Ջավախքը թրքացումից և ինչ էր առաջարկել «Վրացական երազանք» կուսակցությունը, որ հայրը համաձայնել էր ընդգրկվել նրանց շարքերը, որդին չգիտեր: 

Գեորգի Մխչյանի հայրը` Յուրիկ Մխչյանը համոզված է, որ որդուն ձերբակալել են «Վրացական երազանք» կուսակցությանն անդամակցելու համար: «Մանչս ակտիվիստ էր, կուզեր ըստեղ հայ ազգությունը չփախնիր, լավ ըլնիր, նիզաշտո մանչուս բռնել են: Օֆիսը իրանն էր, կեղծ տարածեն կը, օր փաստաթուղթ է կեղծել: Ինչ եղել է նաչալնիկ պալիցիայի ստորագրությունով է եղել, առաջ օր հայ էր (խոսքը Ախալքալաքի շրջանի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի մասին է-Ք. Ա.), սաղ ադ դակումենտները կան: Կեղծ բանմա չկա, իրանք նպատակներ ունին իսի օֆիսը փակեն»,- ասաց Յուրիկ Մխչյանը: 

Գեորգիի փաստաբանը հորը տեղեկացրել է, որ պետք է երկու ամիս սպասել մինչև կայանա դատը:  Գեորգիին ձերբակալելուց հետո տեղափոխել են Ախալցխա, այնուհետև` Թբիլիսի: 

Լուսանկարում` Մելիք Ռաիսյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter