HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ծառայողական քննությունը դեռ չի պարզել, թե ինչ է պատահել չտեսնող քաղաքացուն Էրեբունու անձնագրային բաժանմունքում

«Ի՞նչ է եղել չտեսնող քաղաքացուն ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքում» հոդվածի առթիվ ոստիկանության սկսած ծառայողական քննությունը դեռևս ընթացքի մեջ է և կարող է տևել 2 ամիս (օրենքը երկամսյա ժամկետ է սահմանում ծառայողական քննության համար): Այս մասին «Հետքին» հայտնեց Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հսկողության բաժնի պետ Հայկ Քոչինյանը:

Մինչդեռ 7 օր առաջ նույն բաժնի ավագ տեսուչ Արսեն Գևորգյանն այլ տեղեկություններ էր հայտնել: Ավագ տեսուչն ասել էր, որ քննությունը եզրափակիչ փուլում է, և հնարավոր է, որ որոշումը կայացված լինի, ու արդյունքները հայտնի դառնան հունիսի 22-ին կամ 25-ին: Արսեն Գևորգյանը նշել էր, որ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված ամբողջական տեղեկությունների մասին հունիսի 22-ին կամ 25-ին կզեկուցվի ծառողական քննությունը նշանակած անձին՝ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանին, ով պետք է որոշում կայացներ:

«Ի՞նչ է եղել կույր քաղաքացու հետ ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքում» հոդվածում նշվում էր, որ Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետ Նաիրա Բարսեղյանը Ալինա Հարությունյանին, ով 15-16 տարեկանում կորցրել է տեսողությունը, արգելել էր բաժանմունքից նոր անձնագիր ստանալիս, ստորագրելու փոխարեն, դնել անհատական կնիք, և գոռացել էր քաղաքացու վրա: Իսկ անձնագրային բաժանմունքի պետն ասել էր, որ ընդհակառակը՝ քաղաքացին և իր մայրն են գոռացել բաժանմունքում, իրենց ագրեսիվ պահել:

Երևանի անձնագրային այլ բաժանմունքներում տեսողական խնդիրներ ունեցող քաղաքացիների դեպքում, առանց խոչընդոտների, կիրառվում է ձեռքով ստորագրելու փոխարեն անհատական կնիք դնելու պրակտիկան:

Ծառայողական քննության շրջանակներում Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հսկողության բաժնի աշխատակիցներն արդեն խոսել են և Ալինա Հարությունյանի, և Նաիրա Բարսեղյանի հետ: «Այս պահին դեռ բավարար ապացույցներ չկա՞ն»,- հարցին Հայկ Քոչինյանը պատասխանեց. «Միայն կողմերի տեսակետները նայելով՝ չենք կարող եզրահանգումներ անել: Նախ, պետք է հիմնավոր ուսումնասիրվի նաև ոլորտը՝ ի՞նչ է խախտումը, ինչի՞ համար է թույլ տրվել, ի՞նչ իրավական ակտով է կանոնակարգված, ո՞րն էր արգելք, ո՞րը արգելք չէր, իրավունք ունե՞ր արդյոք նման կերպ վարվել, իրավունք չունե՞ր: Մինչև դա չհիմնավորվի, չէ՞ որ մենք մարդուն արարք ենք մեղսագրում և առանց հիմնավոր ապացույցների՝ ինչպե՞ս կարելի է եզրահանգումներ անել»:

Հայկ Քոչինյանն ասաց, որ իրավունք չունի մանրամասներ հայտնել ծառայողական քննության ընթացքի մասին: «Ծառայողական քննությունը իր սահուն հունով ընթանում է, և արդյունքների մասին կտեղեկանաք անպայման»,- ասաց հսկողության բաժնի պետը:

Մեկնաբանություններ (1)

ԱԼԻՆԱ
Ես շատ շնորհակալ եմ բոլոր անձնագրային, վիզաների վարչության աշխատակազմից, հանձինս Հայկ Քոչինյանի, որ շուտ արձագանքեց հետք.ամ-ի հոդվածին և աշխատակազմին ուղարկեց մեր տուն: Պարոն Քոչինյան, ես հետևում եմ ամեն մի նոր գրված հոդվածին և ցանկանում եմ իմ տեսակետը հայտնել... Դուք գիտեք, որ իրոք կատարվել է իմ իրավունքի խախտումը: Ուղղակի փաստեր ունենալու համար, հաշվի առեք մեր հանրության կարծիքը... Ես երբևիցե հունից դուրս չեմ գալիս և առավել ևս բղավում, ինչպես ասել է Նաիրա Բարսեղյանը, իսկ փաստաթղթերին ես նույնիսկ չեմ կպել: Իսկ որոշման համար կասեմ. ինչ որոշելու եք, արդեն իսկ ինձ չի հետաքրքրում. ես իմ իրավունքները հետք.ամ-ի շնորհիվ բարձրաձայնեցի և շնորհակալ եմ խմբագրությանը, որ ինձ աջակցեցին...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter