HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Խարդախության իրական զոհերը, կամ ինչպես են պաշտոնյաները համալրում իրենց ունեցվածքը

սկիզբը

Այս տարվա մարտին դիմակավորված եւ զինված ոստիկանները ձերբակալեցին 63-ամյա Գագիկ Պապոյանին: Նրա գործը քննում է ՀՔԾ-ն, դրանում կան պաշտոնյաների անուններ, իսկ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել խարդախությամբ մոտ 1 մլն դոլարի՝ 407,4 մլն դրամի հափշտակության համար:

«Արամի 72-80 հասցեներում գտնվող կիսակառույց շենքի 150 բնակարանի վերաբերյալ Գագիկ Պապոյանը 520 պայմանագիր է կնքել: Նույն բնակարանը նա 3-4 հոգու վրա ծախել է: Իսկ եթե նույնիսկ նվազագույն գներով հաշվենք՝ քմ-ի գինը 1000 ԱՄՆ դոլար, եւ հաշվի առնենք այն, որ այդ 16 հարկանի շենքի 1 բնակարանը Պապոյանը 3-4 անգամ վերավաճառել է, ապա պարզ թվաբանությամբ հափշտակված գումարը կկազմի ոչ թե 1 մլն դոլար, ինչպես ՀՔԾ-ն է հաշվել, այլ մոտ 70 մլն դոլար»,- ասում է Լեւ Մնացականյանը եւ հույս հայտնում, որ նախաքննության ընթացքում ՀՔԾ-ն, այնուամենայնիվ, կպարզի հափշտակված գումարի իրական չափը:

Լեւ Մնացականյանը Բուզանդի փողոցի նախկին բնակիչ է: Արդեն 7 տարի է՝ նա իր երկհարկանի սեփական տնից զրկվել է եւ կրտսեր որդու ընտանիքի հետ ապրում է վարձով: Իսկ Մնացականյանի ավագ որդին այսուայնտեղ վարձով ապրելուց հետո ընտանիքով Հայաստանը լքել է:

2004թ. Կառավարությունը 909-Ն որոշմամբ Երեւանի կենտրոնում «պետության կարիքների համար» վերցված տարածքներում կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով առանց մրցույթի հողամասեր տրամադրեց մի շարք ընկերությունների: Արամի փողոցի 72-80 հասցեների կառուցապատման իրավունքը տրվեց «Գապբնակշին» ՍՊԸ-ին, իսկ Բուզանդի 13-21 հասցեների իրացումը, տարբեր աճպարարություններից հետո, բաժին ընկավ «Վիզկոն» ՍՊԸ-ին:

Բուզանդի փողոցում ապրող ընտանիքներից 21-ը չնչին փոխհատուցմամբ տարածքից վտարվեց, իսկ մյուս 37 ընտանիքին (այդ թվում՝ Լեւ Մնացականյանին) «Վիզկոնը» պարտավորվել է բնակարաններ տրամադրել Արամի փողոցի 72-80 հասցեներում՝ «Գապբնակշինի» կառուցելիք շենքից: Շենքի կառուցումը մինչ օրս չի ավարտվել, իսկ «Գապբնակշինի» հիմնադիր-տնօրեն Գագիկ Պապոյանը վաճառել է նաեւ Բուզանդի նախկին բնակիչներին հասանելիք բնակարանները: Սակայն ուշագրավն այն է, թե ովքեր եւ ինչպես են գնել այդ բնակարանները:

«Միայն Հովհաննես Հովսեփյանը՝ նախագահի վերահսկողական ծառայության պետը, Արամի 72-80 նորակառույցում բազմաթիվ բնակարաններ է ձեռք բերել, եւ շատ հետաքրքիր է, թե կոռուպցիայի դեմ պայքարող, աշխատավարձով ապրող այս պաշտոնյային որտեղից այդքան գումար»,- ասում է «Պետական կարիքների զոհեր» (ՊԿԶ) ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:

Իսկ Լեւ Մնացականյանը, ով երկար ժամանակ ուսումնասիրել է այս գործը, մանրամասնում է, որ նախագահի վերահսկողական ծառայության պետը նորակառույց էլիտար շենքում իր եւ իր հարազատների անունով ձեռք է բերել 24 բնակարան, 25 ավտոտնակ եւ 1 բիզնես տարածք, որոնց ընդհանուր մակերեսը գերազանցում է 3100 քմ-ն:

Մնացականյանը բացահայտում է հովսեփյանական գնորդներին: Այսպես՝ Հովհաննես Հովսեփյանի բարեկամներից Գոռ Հակոբյանն ունի 1-ական բնակարան ու ավտոտնակ, Վահագն Ատոմյանը՝ 1-ական բնակարան ու ավտոտնակ, Ռոբերտ Մանուկյանը՝ 2-ական բնակարան ու ավտոտնակ, Պողոս Մկրտչյանը՝ 3-ական բնակարան ու ավտոտնակ եւ Ջուլիետա Ջոկլինյանը՝ 3-ական բնակարան ու ավտոտնակ:

Նախագահի վերահսկողության ծառայության պետի հարազատ քույրը՝ Ջեննի Հովսեփյանը, ունի 3 բնակարան եւ նույնքան ավտոտնակ: Վերջինիս ամուսնու՝ Մհեր Բիշարյանի անունով գրանցված են 2-ական բնակարան եւ ավտոտնակ, Հովսեփյանի քրոջ սկեսուրը՝ Կուկլա Համբարձումյանը, ունի 2-ական բնակարան ու ավտոտնակ: Հովսեփյանի կնոջ՝ Էվելինա Միրզաբեկյանի անունով գրանցված են 3-ական բնակարան ու ավտոտնակ, իսկ վերջինիս քույրը՝ Հովսեփյանի քենի Գայանե Միրզաբեկյանը, ունի 2 բնակարան եւ 2 ավտոտնակ: Անձամբ Հովհաննես Հովսեփյանն իր անունով ունի 2 բնակարան, 3 ավտոտնակ եւ 1 բիզնես տարածք:

Արամի 72-80 նորակառույցում վերը հիշատակված բոլոր անձանց ունեցվածքի վերաբերյալ դատական գործերը լսել է նույն դատավորը՝ Էդիկ Ավետիսյանը: Ավելին, բավարարելով բոլոր հայցերը, նույն օրը՝ անցյալ տարվա մայիսի 11-ին, նա կայացրել է 8 վճիռ:

«Դատալեքսում» ամեն գործի հետ, եթե նույնիսկ հայցվորները մի քանիսն են, նշված է միայն նրանցից մեկի անունը: Օրինակ՝ ԵԿԴ /0803/02/11 գործով նշված է Մհեր Բիշարյանի անունը, մինչդեռ նույն գործով իր առանձին բնակարաններով հայցվոր է նաեւ Ջեննի Հովսեփյանը: Կամ ԵԿԴ / 0779/02/11 գործով համահայցվոր է Էվելինա Միրզաբեկյանը, բայց նշված է միայն Հովհաննես Հովսեփյանի անունը:

Ընդհանրապես, Արամի 72-80 նորակառույց շենքի բնակարանների մասով արդեն 129 հոգու ունեցվածքի վերաբերյալ վճիռ կա, եւ աբսուրդն այն է, որ միեւնույն բնակարանը տարբեր վճիռներով հատկացվել է տարբեր անձանց:

Սրա հետ մեկտեղ, իրացված տարածքի՝ Բուզանդի փողոցի նախկին բնակիչներից որեւէ մեկին բնակարան հատկացնելու վճիռ չկա, թեեւ բնակիչներից ոմանք նման հայցով դատարան մտել են:

Փոխարենը, ըստ Լեւ Մնացականյանի, բնակարաններ են ձեռք բերել տարբեր պաշտոնատար անձինք. Երեւանի քաղաքապետարանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ ՊՈԱԿ-ի տնօրեն Լեւոն Հակոբյան, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյան (բնակարանը վերջինիս որդու՝ Պավել Բաղմանյանի անունով է), նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Վարյան (ի դեմս կնոջ՝ Լյուդմիլա Վարյանի), Յուվեցի Կարո մականունով հայտնի ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյան (հանձին կնոջ՝ Հասմիկ Ստեփանյանի), ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյան (ի դեմս որդիների՝ Էդգար եւ Արմեն Փամբուկյանների) եւ այլն: Երկու բնակարան էլ ստացել է «Գապբնակշինի» հիմնադիրներից Արտաշես Կակոյանը:

«Հետաքրքիրն այն է, որ Գագիկ Պապոյանը ուրիշներին քմ-ը վաճառել է 1400-1500 դոլարով, իսկ Հովհաննես Հովսեփյանին՝ 500-600-դոլարով, բայց վճարումների անդորրագրերը չկան: Այսինքն՝ կարող է եւ Հովսեփյանը փող չի տվել, ուղղակի ստիպել են, որ Պապոյանը գրի, թե՝ հա, տվել ա,- հավելում է Լեւ Մնացականյանը, - բացի դրանից՝ նրանց միջեւ կնքված պայմանագրի 5.3 կետով եթե Հովսեփյանը նախատեսված ժամկետներում իր բնակարանները չստանար, Պապոյանը պիտի վերադարձներ կրկնակի գումար: Դուրս է գալիս վաշխառություն, որը քրեորեն պատժվում է: Ու էլի մարդիկ կան, որ նման բան՝ կրկնակի գումար վերադարձնելու պայման են դրել»:

Մնացականյանի խոսքերով՝ Պապոյանն ու նախագահի վերահսկողական ծառայության պետը 1 օր ընդմիջումով նոտար Ալվարդ Մելքոնյանի վավերացմամբ կնքել են 2 պայմանագիր: Սակայն գրանցամատյանում պայմանագրերի համարների տարբերությունը 300-ից ավել է:

«Ստացվում է, որ նոտար Ալվարդ Մելքոնյանը 1 օրում 300-ից ավել պայմանագիր է վավերացրել, ինչը ֆիզիկապես հնարավոր չէ: Եթե ամեն մի գործարք ընդամենը 5 րոպեում էլ աներ, 1 օրը այդքան գործարքին չէր հերիքի, այսինքն՝ կեղծիք է կատարվել, հետին թվով պայմանագիրը սարքել են»,- ասում է Լեւ Մնացականյանը եւ շեշտում, որ պատկերն ամբողջանում է մեկ այլ իրողությամբ. վերոնշյալ էլիտար նորակառույցում բնակարան ունի նաեւ նոտար Ալվարդ Մելքոնյանը:

Դեռ 2006 թվականից իրացման տարածքի բնակիչները դիմում-բողոքներով պատկան մարմիններին հնարավոր խարդախությունների մասին ահազանգել են: Սակայն ամեն տեղից հիմնականում քաղաքապետարան վերահասցեագրված դիմումներին պատասխանել են (մասնավորապես՝ ԾԻԳ-ի այն ժամանակվա պետ Կարեն Դավթյանը), թե ամեն ինչ օրինականության շրջանակներում է, համապատասխան ստորաբաժանումներն իրականացնում են վերահսկողություն եւ անհանգստանալու կարիք չկա: Միայն տարիներ անց իշխանությունները հանկարծ պարզեցին, որ «Վիզկոն»-«Գապբնակշին» փոխգործակցության գրեթե ոչ մի դրվագ օրինական չի եղել:

Արդեն հիմա «խաբված գնորդները եւ իրացված տարածքի բնակիչները» 52 ստորագրությամբ վավերացված դիմում-բողոք են գրել նախագահ Սարգսյանին եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ խնդրելով քրեական գործ հարուցել բոլոր այն պաշտոնատար եւ ոչ պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք մասնակցել են նորակառույցների խայտառակ կեղծիքներին: Նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանից եւ նոտար Ալվարդ Մելքոնյանից բացի՝ դիմումատուները պահանջում են քրեաիրավական գնահատական տալ նաեւ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի գործողություններին:

Դիմումատուները հիմնավորել են, որ Հովսեփյանն իրեն ուղղված բազմաթիվ քաղաքացիների դիմում-բողոքներից ժամանակին տեղեկացել է «Գապբնակշինի» կատարած հանցագործության մասին, բայց համապատասխան մարմիններին իրազեկելու փոխարեն շտապել է համալրել իր ունեցվածքը՝ նույն ընկերության կառուցած շենքի հաշվին:

Նախագահականից մինչ օրս չեն արձագանքել:

Լուսանկարում Գագիկ Պապոյանն է:

Մեկնաբանություններ (3)

Վահե-2010
Այս հոդվածի`,, եւ աբսուրդն այն է, որ միեւնույն բնակարանը տարբեր վճիռներով հատկացվել է տարբեր անձանց,, խոսքերը, ցույց են տալիս, որ հատկացնող դատավորն էլ զբզղվել է աճպարարությամբ: Պաշտոնյաների աճպարարությունը պղտոր ջրում ձուկ որսալու նպատակով է: Ջուրը պղտորելու իրավունքն էլ է նրանց ձեռքին, բնակարանների որսի իրավունքն էլ:
Մանգասար
Որպեսզի չզռկվեն եկամուտներից, յուրացրած գույքը կվաճառեն թուրքերին և պարսիկներին։ Կդավաճանեն,ներսից բացելով դարպասները՝ թշնամու առաջ։ Հետո, երբ գան անձրևները և կլցվեն ճաքերը, կզարմացնեն աշխարհին, իրենց պոռոտախոսությամբ, թե՝ գիտեք ինչեր արեցինք հայրենիքը պաշտպանելու համար։
Կարապետ
Գողը գողից գողացավ, աստված տեսավ՝ զարմացավ։ Դա աստված է զարմանում, իսկ մենք՝ ներքևում գտնվողներս հո լավ գիտենք, որ քաղաքացիների դիմում բողոքները ոչ թե օգնում են քաղաքացիներին, իրենց խնդիրները լուծելու համար, այլ հնարավորություն է ընձեռնում ամենափոքր պաշտոնյային վերցնելու կաշառք, ստանալու ապօրինի եկամուտներ։ Պետության կառավարումը շողուլից ընկած է անկախության օրվանից, շարունակվում է ավելի նորացված մեթոդներով։Հույս չունենաք, թե ինչ որ բան կուղղվի, վարկյան առ վարկյան վատթարանում է վիճակներս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter