HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրավապաշտպանները բարձրաձայնում են բռնությամբ ձեռք բերված ապացույցների մասին

Հայտարարություն  Ս.Հովակիմյանի և Վ.Քերոբյանի իրավունքների խախտման վերաբերյալ

26 հունիսի 2012թ.

Անցել է ավելի քան երկու տարի Ստեփան Հովակիմյանին և Վահրամ Քերոբյանին 2010 թ. փետրվարի 6-ին Մոսկվա կինոթատրոնում 2010 թ. հունվարի 10-ին գողություն կազմակերպելու և իրականացնելու համար մեղադրանք առաջադրելուց հետո: Նրանք գրեթե 28 ամիս  կալանավորված են:

Ս. Հովակիմյանի և Վ. Քերոբյանի գործի նախաքննության ընթացքում թույլ են տրվել մարդու հիմնարար իրավունքների բազմաթիվ կոպիտ խախտումներ` խոշտանգումների, դաժան և անմարդկային վերաբերմունք կիրառելու, ինչպես նաև պաշտպան ունենալու իրավունքը սահմանափակելու հետևանքով Ս. Հովակիմյանից կորզվել է խոստովանական ցուցմունք, որը հետագայում դրվել է մեղադրանքի հիմքում: Դաժան վերաբերմունքի վերաբերյալ Ս.Հովակիմյանի բողոքների կապակցությամբ ՀՀ իրավասու մարմինները մինչ օրս արդյունավետ քննություն չեն կատարել: ՀՀ դատական բոլոր ատյաններն ուժի մեջ են թողել խոշտանգումների փաստի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժելու մասին Հատուկ քննչական ծառայության որոշումը:

Այս գործն արժանացել է բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությանը: Դաժան վերաբերմունքի վերաբերյալ արդյունավետ քննություն կատարելու, գործի քննության ողջամիտ ժամկետները պահպանելու, անձնական ազատության իրավունքը հարգելու վերաբերյալ պահանջով ՀՀ իշխանություններին են դիմել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) Հայաստանում իր անդամ կազմակերպության՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հետ համատեղ[1]։ 

Ս. Հովակիմյանի և Վ. Քերոբյանի գործին անդրադարձ է կատարվել  նաև ԱՄՆ Պետական Քարտուղարության` Մարդու իրավունքների վերաբերյալ 2011 թ. զեկույցում։ Մասնավորապես,  հիշատակվել են ոստիկանությունում շարունակական ֆիզիկական և հոգեբանական բռնության հետևանքով խոստովանություն կորզելու, կիրառված դաժան վերաբերմունքի մասին հայտարարությունների վերաբերյալ անկախ հետաքննություն չիրականացնելու, գործի հիմքում միայն ինքնախոստովանական ցուցմունքներ դնելու պրակտիկային վերջ տալու խնդիրները[2]:

Դատական քննությունը շարունակաբար ձգձգվում է՝ անցնելով ողջամիտ ժամկետները: Դատարանը հետաձգել է դաժան վերաբերմունքի հետևանքով ձեռք բերված ապացույցների անթույլատրելիության հաստատումը` հայտարարելով, որ այդ հարցին կանդրադառնա միայն դատական քննության վերջում` խորհրդակցական սենյակում գործը լուծող վերջնական ակտ կայացնելու ժամանակ:

Ըստ էության, խոստովանական ցուցմունքը հանդիսանում է մեղադրանքը հաստատող գլխավոր ապացույցը և դրա անթույլատրելիությունը հաստատվելու դեպքում ինքնաբերաբար առաջանալու է անհիմն երկար տևողությամբ կալանքի տակ ապօրինի պահվող երկու երիտասարդների արդարացման անհրաժեշտությունը և որպես դրա հետևանք` պետության պատասխանատվությունը:

Մենք՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, պահանջում ենք ՀՀ իշխանություններից.

Կատարել խոշտանգումների հայտարարությունների անկախ, արդյունավետ և լիարժեք քննություն,

Անթույլատրելի ճանաչել բռնության և ճնշումների միջոցով ստացված ապացույցները,

Ապահովել մեղադրյալներիի ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի իրականացումը,

Անհապաղ ազատ արձակել Ս. Հովակիմյանին և Վ. Քերոբյանին՝ կալանավորումը փոխարինելով գրավով:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» 

ՀԿ նախագահ`                                                                           Արման Դանիելյան

«Ընդդեմ իրավական կամայականության»
ՀԿ նախագահ`                                                                           Միքայել Արամյան 

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի»
Վանաձորի գրասենյակի նախագահ`                                           Արթուր Սաքունց

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե»
իրավապաշտպան ՀԿ նախագահ                                                 Ավետիք Իշխանյան

«Իրավունքի և ազատության կենտրոն»
ՀԿ նախագահ`                                                                            Վարդան Հարությունյան

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության»
ՀԿ նախագահ`                                                                            Ստեփան Դանիելյան

«Մարդու Իրավունքների Պաշտպանության
Երևանյան կենտրոն» ՀԿ նախագահ`                                          Սուրեն Իսկանդարյան



[1] http://www.fidh.org/FIDH-and-CSI-demand-fair-trial-and

[2] http://photos.state.gov/libraries/armenia/231771/PDFs/hr2011_arm.pdf

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter