HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարձր տեխնոլոգիաների ասպետները

Ինկուբատոր-ՏՏՁՄ-ի մասնակցությամբ այս տեսանյութը անպայման նայեք:

http://www.youtube.com/watch?v=3sMipOTM5gM&feature=share
Ինկուբատոր-ՏՏՁՄ-ն ներկայացնողը հիմնավորում է հերթական նախարարությունը ստեղծելու անհրաժեշտությունը: Սկզբից մինչև վերջ հոյակապ տեսանյութ է, բայց մի կտոր արժի մեջբերերել՝
«Մեր երկիրը խնդիրներ ունի, մենք էս երկրի քաղաքացիներն ենք, մենք չենք ուզում, որ ադրբեջանական ճշգրիտ զենքը պայթի, ասենք, խոսքի, Հանրապետության փողոցի վրա (Երևանի կենտրոնում), մենք կարող ենք դա կանխել, ընդ որում ավելին ասեմ, մենք կարող ենք այնպես անել, որ էդ ռումբը պայթի Նիզամիի փողոցի վրա (Բաքվի կենտրոնում)»: 

Իսկ ինչո՞ւ միայն ադրբեջանական: Բավական է, որ աշխարհում մի տեղ կռիվ լինի ու ռումբեր արձակվեն, օրինակ՝ Հնդկաստանը Պակիստանի դեմ, կամ Իսրայելը Իրանի դեմ և մեր Ինկուբատոր-ՏՏՁՄ-ն կարող է նրանց արձակած բոլոր ռումբերի ուղղությունները շուռ տալ ու անձրևի պես թափել Նիզամիի վրա:

Գործի բերումով այնպես է ստացվել, որ մենք միշտ առընչվել ենք Ինկուբատոր-ՏՏՁՄ-ի հետ: Երկու դրվագ պատմեմ, որ մոտավորապես պարզ լինի, թե էս մարդիկ ինչ ճանապարհ են անցել, մինչև ռումբերի ուղղությունները էս ու էն կողմ փոխելը և այդ գործի համար ընդամենը մի նախարարություն պահանջելը:

Հայտարարվել էր գանձապետարանի աշխատանքներն ավտոմատացնող համակարգի մրցույթ: Մրցույթի համար միջազգային բանկը 300000 դոլար վարկ էր տրամադրել Հայաստանին: Մրցույթն իրականացնում էր Ֆիննախի Արտասահմանյան Ֆինանսական Ծրագրերի Կառավարման Կենտրոնը, (տնօրեն՝ Բագրատ Ենգիբարյան):

Մրցույթի երկրորդ փուլ պետք է անցնեին 2 հայկական ընկերություն և 4 արտասահմանյան: Սկզբում պարզ չէր, թե ինչու, հետո հասկացվեց: ԱՖԾԿ կենտրոնը հայկական ընկերությունները դասակարգել էր այսպես՝ 1. Լսոֆթ, 2. Labor Sistems, որը ստեղծվել էր երկու շաբաթ առաջ,և երրորդը ոլորտի բացարձակ առաջատար Հայկական Ծրագրերն էր: Համաշխարհային բանկը մերժեց Լսոֆթ և Labor Sistems ընկերություններին, որպես պահանջներին չբավարարող: ԱՖԾԿ-ն հաջորդ հայկական ընկերությունները առաջարկելու փոխարեն առաջարկեց երեք արտասահմանյան ընկերություններ: Որն ուզում եք, միայն ոչ Հայկական Ծրագրերը: Այսպիսով ԱՖԾԿ կենտրոնը, Բագրատ Ենգիբարյանի գլխավորությամբ, դուրս թողեց հայկական ընկերությունը, որը շատ ավելի բարդ համակարգեր էր մշակել, քան մրցույթի առաջադրանքն էր:

Երկրորդ փուլ էին անցել հնդկական MDP Consultants ընկերությունը, PA Managment կանադական ընկերության Ռումինիայի գրասենյակը, հնդկական Nucleus Software և Նիդերլանդական Technology Associates ընկերությունները: Հայկական կողմից երկրորդ փուլ էր անցել KPMG-ն ...
PAManagment ընկերությունը համաշխարհային բանկի կառույցներից է: Հայաստանում էլ էր գործում այդպիսի անունով ընկերություն: Հնդկական Nucleus Software և Նիդերլանդական Technology Associates ընկերությունները երկրորդ փուլում հրաժարվեցին պայքարից:

Այստեղ մի շատ հետաքրքիր նրբերանգ կա: Technology Associates ընկերությունը մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել ոչ թե թղթով, ստորագրությամբ և ոչ էլ գոնե իր mailbox-ից, այլ [email protected] հասցեից: Compuserve-ը հայտնի պրովայդեր է, որը նաև mail-երի ծառայություն ունի, ինչպես օրինակ՝ gmail.com, mail.ru և այլն: Այդ ծառայություններից մարդիկ օգտվում են իրենց անձնական նամակագրության համար: Այդ ծառայությունները թույլ են տալիս ամեն մեկին, ցանկացած անունով հասցե բացել, օրինակ՝ [email protected] կամ s[email protected] կամ [email protected]:

Որևէ ընկերություն իրեն թույլ չի տա հասարակական փոստարկղից նամակներ ուղարկել: Եվ որևէ ընկերություն այսպիսի հասցեներից ստացված նամակները չի դիտարկում որպես պաշտոնական: Ընկերություններն իրենց կորպորատիվ փոստարկղերն ունեն: Օրինակ` Ինկուբատորն ունի [email protected] հասցեն: ՏՏՁՄ-ն ունի [email protected] հասցեն: Բոլոր ընկերությունները ունեն իրենց փոստարկղերը, միայն Technology Associates-ը չունի: Հասցե է բացում compuserve-ում, mail-ով հայտ է ուղարկում Երևան, անցնում է երկրորդ փուլ, հետո նորից mail-ով հրաժարվում է պայքարից: Այսպիսի բաներ:

Ուրեմն Nucleus Software և Technology Associates ընկերությունները հրաժարվեցին: PA Managment ընկերությունն էլ համաշխարհային բանկի կառույց է: Հաղթող ճանաչվեցին հնդկական MDP Consultants ընկերությունը և KPMG-ն: Մենք երկար փնտրելուց հետո գտանք, որ MDP Consultants-ը խորհրդատվական ընկերություն է և հիմնադրվել է մի քանի շաբաթ առաջ համաշխարհային բանկի կառույցների կողմից:

Այս պատմությունը հայտնվեց համաշխարհային բանկի անդամ երկրների ուշադրության կենտրոնում: 

MDP Consultants-ը, չկարողանալով մշակել համակարգը, դիմեց հայկական Լսոֆթ-ին, ստացված գումարի մի փոքր մասն առաջարկելով աշխատանքի դիմաց: Լսոֆթ-ը մերժեց առաջարկը, և մրցույթը տապալվեց: Վաշինգտոնում, Համաշարհային բանկի տարեկան ժողովում, այս դեպքը նշվել էր որպես մեծ տապալում:

Այս մասին գրվել է Դելովոյ Էքսպրես թերթում 13.04.2002թ. և նույն օրերին նաև «Առավոտում»: Հերքումներ չեն եղել:

Ամենահետաքրքիրը սկսվեց հետո

Համաշխարհային բանկը, երևի համարելով, որ Բագրատ Ենգիբարյանը ճիշտ է տնօրինել ՀԲ-ի Հայաստանին տված վարկը, տվեց նոր վարկ՝ 5 մլն դոլար, որ Բագրատ Ենգիբարյանի համար ՏՏ ոլորտը զարգացնելու Ինկուբատոր բացեն: Հայաստանի կառավարությունն էլ, համարելով, որ Բագրատ Ենգիբարյանը շատ լավ է պաշտպանում Հայաստանի ՏՏ ոլորտի շահերը, սիրով համաձայնեց:

Երկրորդ դրվագը: Մեջբերում, Դելովոյ էքսպրեսս, 3 հունիսի 2008 թ.
ՏՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանը հայտարարում է՝
«Արտասահմանյան ընկերությունները, ծրագրային ապահովման համար, Հայաստանի բանկերից տարեկան 20-30 մլն դոլար են տանում»:

Եվ խորհուրդ է տալիս այդ միջոցներն ուղղել ներքին շուկա.
«Այդ նպատակով ընկերությունները պետք է աշխատեն բարձրացնել իրենց ռեյտինգը, որպեսզի բանկերը վստահ լինեն, որ այդ ընկերությունները վաղը չեն փակվի և կկարողանան ծրագրերը վաճառելուց հետո սպասարկել դրանք»: !!!

Մենք բանկային համակարգեր մշակող ենք և լավ գիտենք շուկան: Ցավոք այն ընդամենը 2-3 մլն է: Եվ բոլորն աշխատում են տեղական համակարգերով, բացի HSBC-ից և Պրոկրեդիտից, որոնք ստիպված են աշխատել իրենց հոլդինգի համակարգով: Նրանք էլ շատ մոդուլներ ձեռք են բերում տեղական ընկերություններից:

Այս դրվագը ոչ պակաս խայտառակ է, քան առաջինը: Բանկերը շատ զգայուն կազմակերպություններ են: Նրանց հաճախորդները նախընտրում են հուսալի բանկեր: Եվ բանկերն իրենց հերթին ամեն կերպ խուսափում են անհուսալի գործընկերներից:
Իսկ Հայաստանի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության տնօրենը, զգուշացնում է բանկերին հեռու մնալ հայկական ընկերություններից՝ այսօր նրանք ձեզ ծրագիր կծախեն, իսկ վաղը կփակվեն:

ՏՏՁՄ տնօրենի այս հայտարարությունը ոչ մի բանկի չհամոզեց: Հայկական ՏՏ ընկերություններն էլ չփակվեցին:

Ինկուբատոր-ՏՏՁՄ զույգը, այս գործելակերպով, արդեն տասը տարի զարգացնում է ՏՏ ոլորտը և հիմա ավելի արագ զարգացնելու համար նրանց նախարարություն է պետք: Պարզվեց, որ մեկ է, թե ինչ նախարարություն: ՏՏ նախարարությունը չեղավ, պահանջում են Ինովացիոն նախարարություն: Անտեր ոլորտ է, դեմեր չեն լինի:

Բերում են ցանկացած փաստարկ:
Բոլոր խելոք երկրներն ունեն այդպիսի նախարարություն: Սուտ է, ոչ մեկը չունի:
200 կազմակերպություն պահանջում են նախարարություն: Մենք խնդրել էինք հրապարակել այդ 200-ի ցանկը, չեն արել, որովհետև սուտ են ասում:
Իսկ եթե հանկարծ 200 դեղատուն (կամ թերթի կրպակներ, կամ տաքսի սերվիսներ, կամ տուրիստական գործակալություններ) ստորագրահավաք անեն ու նախարարություն պահանջեն, ի՞նչ ենք անելու:
Ոլորտը 30% աճ ունի: Խնդրեցինք այդ30%-ի բացվածքը: Չեն տալիս: Ստիպված նայեցինք Վիճվարչության կայքը: Նշված է 10.6%: Որտեղ անհնար է, այդտեղ էլ են սուտ խոսում: Այդ աճի մեծ մասը դրամի փոխարժեքի անկման հաշվին է: Մնացած մասն էլ Ինկուբատորի ծախսած վարկերի:

Հիմա Ինկուբատոր-ՏՏՁՄ-ն հպարտությամբ հայտնում է, որ Ինկուբատորն արդեն վարկային 20 մլն դոլարի «կարևորագույն» ծրագրեր է անում: Այդ գումարը մի քանի անգամ մեծ է, քան բոլոր տեղական ՏՏ ձեռնարկությունների բյուջեն միասին վերցրած: Եվ վարկը փակելու բեռը ընկնելու է մեր ՏՏ ձեռնարկությունների ուսերին:

Մենք մեծ անհանգստությամբ արձանագրում ենք, որ ՏՏ ոլորտը խորը ճգնաժամի մեջ է, և Ինկուբատորը մեծ բացասական դեր ունի այս հարցում: Օբյեկտիվ պատկեր ստանալու համար պետք է Ինկուբատորի գործունեության անկախ մասնագիտական և ֆինանսական աուդիտ կատարել, ներգրավելով ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին:

Աուդիտը կամ ցույց կտա Ինկուբատորի արդյունավետ աշխատանքը, կամ ցույց կտա Ինկուբատորի ոչ արդյունավետ աշխատանքը, և մենք կմտածենք, ինչպես զարգացնել ՏՏ ոլորտը:
Աուդիտը պետք է արագացնել: Իսկ մինչ այդ ճիշտ կլինի սառեցնել Ինկուբատորի գործունեությունը: Վարկի գումարը կվերջանա, իսկ վարկը մարողները քչանում են:

Աշոտ Խաչատրյան
«Հայկական ծրագրեր» ընկերություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter