HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ո՞րն է ելքը՝ ահաբեկչությո՞ւնը

Երգահան Ռուբեն Հախվերդյանի կարծիքով՝ տպավորությունն այնպիսին է, որ ՀՀ բոլոր կառավարությունները եկել են մեր ժողովրդին կողոպտելու: Նրանք «լավ քանդողներ էին», եւ իզուր է շատերին թվում, որ մենք «Սովետից դուս ենք պրծել»:

«Քանի մեր ղեկավարների ուղեղները դեռ սովետական են, նրանք չեն կարող սոցիալիստ դառնալ, որովհետեւ էն գլխից էլ գռփողներ էին»,- ասում է Հախվերդյանը եւ ասածները հիմնավորելու համար նկատում՝ այդ ինչպե՞ս եղավ, որ «հենց կոմսոմոլի քարտուղարները, պարտկոմները դարձան պրեզիդենտներ»: Ախր, «դրանք նախկինում էլ էին ջրի երեսին»:

Երգահանը զարմանում է, որ մեր նախագահներից ոչ մեկը մինչ օրս ժողովրդին չի ասել՝  այսինչ հարցում սխալ ենք եղել: Բոլորը ճիշտ են եղել, բայց երկիրն անընդհատ դատարկվում է, իսկ նվազագույն սպառողական զամբյուղ կոչվածը շարունակում է լցվել դատարկությամբ:

«Ամենասարփասելին այն է, որ մեր ղեկավարներն ու ղեկավարիկները լսում են, թե «ռուս ձյաձյան» ինչ կասի վերեւից»,- ասում է Հախվերդյանը: Իսկ Դավիթ Ամալյանը նշում է, թե մենք ուղղակի դեմք չունենալու պրոբլեմ ունենք: Դրա համար էլ մեր հասարակությունում անընդհատ գերիշխում է դավաճանությունը: Ուստի, ինչ-որ մեկին դաշնակցելու հնարավորություն երբեւէ չենք ունենա, պարզապես պետք է լինենք այդ ինչ-որ մեկի ստրուկը:

«Մեր անհատները բոլորը գնում են դրսերում ինչ-որ արժեք են ներկայացնում: Բայց երբեք մենք այդ անհատական միասնությունը չենք ունեցել»,- ասում է Ամալյանը: Նրա բանախոսը՝ Հախվերդյանն էլ զարմանում է, թե ինչպե՞ս կարող ենք միասնական լինել, «երբ ռուսն է նշանակում ստեղ պրեզիդենտ»:

«Բոլոր ասպարեզներում, ովքեր խոսք ունեն ասելու, պետք է իրենց խսքն ասեն: Երբ մարդն ասելիք ունի, իրեն Ռուսաստանը կամ Պարսկաստանը չեն կարող խանգարել: Երբ Արկադի Իվանովիչը Շուշին ազատագրելու ծրագիր մշակեց, Ռուսաստանը չորոշեց՝ ինքը մշակի՞, թե՞ ոչ: Ինքը որպես անհատ իր գործն արեց»,- հակադարձեց Ամալյանը: Իսկ կռիվը, ըստ նրա, փառք Աստծո՝ վերջացել է:

«Ինձ թվում է՝ պատերազմը շարունակվում է ավելի սարսափելի ձեւով. մեր մեջի թշնամին ավելի սարսափելի է, քան թուրքը: Որովհետեւ մեր մեջինը թիկունքից է խփում,- ասում է Ռուբեն Հախվերդյանը,- այսինքն՝ մեզ դեռ Լեւոնի ժամանակվանից վախեցնում են, որ եթե քաղաքացիական պատերազմ լինի, եթե հանկարծ ընդվզեցիք կամ պահանջենք պրեզիդենտի հրաժարականը եւ այլն, կարող է ադրբեջանցիներն էլի պատերազմ սկսեն: Եվ այդ բանից օգտվելով՝ մեր իշխանավորները լրիվ կլպում են ժողովրդին եւ ավելի են շատացնում իրենց գերշահույթները»:

Վերջինս հարցնում է, թե ինչ իրավունքով է որեւէ չինովնիկ, ճարպակալած գեներալ, նախագահ կամ գրասենյակային աշխատող դառնում գերշահույթի տեր եւ իր կամքը թելադրում ժողովրդին. «Մեր երկիրը վերածվել է ֆյոդալական ահռելի, գարշելի զուգարանի, որտեղ հենց պրեզիդենտի կողմից են նշանակվում (կամ աչքերը փակում է) այդ մարդիկ: Եվ դրանք ինչեր են անում իրենց գյուղացիների, իրենց մարզի մարդկանց հետ»:

Այս ամենը, Հախվերդյանի խոսքերով, հատուկ ծրագիր է, քանզի «ռուսը գիտի, թե ում դնի նախագահ, որ հենց վերջինիս ձեռքով «մեր հերն անիծի»:

Բայց չէ՞ որ Սերժ Սարգսյանն անցել է արցախյան պատերազմի թոհուբոհով եւ նրան գոնե ապազգային լինելու մեջ չենք կարող մեղադրել: Դիտարկմանն ի պատասխան` Ռուբեն Հախվերդյանը նշում է. «Իհարկե, ռուսական հետախուզությունը կոնտրոլի տակ էր պահում ամբողջ պատերազմը. Սերժ Սարգսյանն իրենց սիրած, վստահելի մարդն է: Իհարկե, նա ամագ ունի էդ պատերազմում, բայց դա չի նշանակում, որ նա պրեզիդենտացու է: Պրեզիդենտն ուրիշ բան է, պատերազի մասնակիցը՝ ուրիշ»:

Բանախոսի բառերով՝ պատերազմին մասնակցելը որեւէ գեներալի չի արդարացնում, եթե նա «իրեն այլանդակ է պահում, կրակում է ռեստորանում կամ հայհոյանք է տալիս»:

«Ես, իհարկե, չեմ նախանձում Սերժ Սարգսյանին, որովհետեւ մի մարդ, որ, ասենք, խոսում է, թե պետք է սպիտակ էջից սկսենք, թող սկսի իրենից: Եթե ինքը կոռուպցիոն համակարգի մի մասն է կազմել, եւ եթե ամեն մի շարքային քաղաքացի գիտի, որ էդ մարդն Ամերիկայում էլ տներ ունի, բիզնեսներ ունի, ստեղ՝ Թումանյանի վրա, 3 հարկանի շենք է վերցրել, յուր գերդաստանն է այնտեղ բնակվում, սենց խայտառակություն կլինի՞: Ժողովուրդը սոված մեռնում է, դու սենց շենքեր ես սարքում, բիզնեսներ ես դնում: Թող սկսի իրենից,- ասում է Ռուբեն Հախվերդյանը եւ հարցնում,-ինչո՞ւ է ժողովուրդը լռում, ես չեմ հասկանում: Պտի տան սպանեն, թող սպանեն: Ի՞նչ է եղել. մարդը մի անգամ ծնվում, մի անգամ էլ մեռնում է»:

Հախվերդյանի խոսքերով՝ եթե նույնիսկ հավատա էլ, որ Սերժ Սարգսյանն «այդ տեսակ մարդ չէ», միեւնույն է, նրա «թագավորության օրոք» մեր երկիրն ավելի գորշացավ. «Հիմա մենք շատ գորշ վիճակի մեջ ենք, ավելի, քան Քոչարյանի, Լեւոնի օրոք»:

Իսկ Ռուբեն Հախվերդյանը մասնակցելո՞ւ է առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին:

«Իհարկե, չեմ էլ քվեարկելու, որովհետեւ գիտեմ, թե հաշվողներն ովքեր են: Ուզում ես ամբողջ ազգով ընտրիր մեկին, բայց իրենք կհաշվեն նենց, որ էս մեկն է դարձել պրեզիդենտ: Մի քանի անգամ դուք ականատես չեղա՞ք էդ բանին»:

Ուրեմն ինչպե՞ս փոխել իրավիճակը, ո՞րն է ելքը:

«Դա իմ խոսքերը չեն, Ուլյանով Լենինն է ասել՝ եթե խաղաղ հեղափոխությամբ ոչինչ անել չի լինում, էդ ժամանակ ի հայտ է գալիս տերոռը, ահաբեկչությունը: Դա մի բան է, որ հետեւանք է, ոչ թե պատճառ»,- նշում է Հախվերդյանը:

Իսկ Դավիթ Ամալյանն ահաբեկչությանը դեմ է, որովհետեւ «քաղցկեղի բջիջը կտրելով չեն վերացնում»:

«Կտրելու դեպքում ավելի վատ է լինում: Միակ բուժման միջոցը անտարբերությունն է: Անտարբերությունը դավաճանության հանդեպ, էս ամեն ինչի հանդեպ, այսինքն՝ ընտրություններին ուղղակի կարելի է չմասնակցել: Որ իշխանությունը տեսնի՝ ժողովուրդն իրեն իշխանության տեղ չի դնում, էդ դեպքում ինքը կորոշի որպես իշխանություն հանդես գալ»,- եզրափակում է Ամալյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter