HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օսկանյան. «Պաշտոնական Երևանը մի քանի անհապաղ քայլեր պետք է ձեռնարկի»

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանն այսօր «Facebook»-ի իր էջում անդրադարձել է սիրիահայերին օգնելու թեմային:

Երեկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն արդեն ընդունեց, որ երկիրը պատերազմական վիճակում է: Խոսքը բնականաբար քաղաքացիական պատերազմի մասին է: Հաշվի առնելով Սիրիայի էթնիկ և կրոնադավանական կառուցվածքը, ինչպես նաև ուժերի դասավորությունը այս պահին, շատ լուրջ վտանգ կա, որ այնտեղ իրոք լայնածավալ քաղաքացիական պատերազմ սկսվի: 

Սիրիայում այսօր մոտ 60 հազար հայ է ապրում, որից 45 հազարը՝ Հալեպում: Հալեպի հայ համայնքը «մայր համայնք» է կոչվում, որովհետև Ցեղասպանությունից հետո կազմավորված առաջին համայնքն է եղել, որտեղից հետագայում ճյուղավորվել են տարբեր այլ համայնքներ Մերձավոր Արևելքում և այլուր: Առաջին օրվանից համայնքը ոչ միայն գոյատևել է, այլև բարգավաճել և դարձել Սփյուռքի ամենակենսունակ և հյուրընկալ հայկական կենտրոններից մեկը:

Հայաստան-Սփյուռք հարաբերություններում սիրիահայերը, հատկապես՝ Հալեպի համայնքը, միշտ եղել են առաջատար դիրքերում: Այսօր սիրիահայ համայնքի գոյությունը լուրջ վտանգի տակ է: Անկանխատեսելի է, թե ինչ զարգացումներ կլինեն: 

Թե՛ խորհրդային շրջանում, թե՛ հատկապես Հայաստանի անկախությունից հետո հայաստանցի պաշտոնյաների, մտավորականների, գեղարվեստական խմբերի և առևտրականների այցելության ամենասիրված, հաճելի և շահավետ վայրերից մեկն է եղել Հալեպը:

Լինելով հալեպցի՝ ես բնականաբար կապի մեջ եմ այնտեղի ընկերներիս և հարազատներիս հետ: Երեկ մի զրույցի ընթացքում իմացա, որ վերջին առնվազն ութ ամիսների ընթացքում Հայաստանից որևէ պաշտոնյա չի այցելել Հալեպ կամ Սիրիա: Մի խոսքով՝ համայնքը թողնված է սեփական հույսին: Հալեպի միությունները, կազմակերպությունները, համայնքն ընդհանրապես իրենց թիկունքում չեն զգում հայրենի պետության զորակցությունը:

Ես կարծում եմ, որ թեկուզ ուշացումով, բայց այս թերացումը պետք է շատ արագ ուղղել, քանի որ իրավիճակն օրեցօր բարդանում է, և համայնքը չգիտի՝ իրեն ինչ է սպասում: Պաշտոնական Երևանը մի քանի անհապաղ քայլեր պետք է ձեռնարկի:

Նախ, Անվտանգության խորհրդի նիստ պետք է հրավիրի և կողմնորոշվի, թե զարգացումների ինչ սցենարներ կարող են լինել և դրանցից յուրաքանչյուրի դեպքում ինչ աջակցություն կարելի է տրամադրել Սիրիայի հայ համայնքին:

Երկրորդ, առանց որևէ հրապարակայնության՝ նախագահի կողմից լիազորված անձ պետք է մեկնի Հալեպ, համախմբի այնտեղ գործող հայկական կուսակցությունների, կազմակերպությունների ներկայացուցիչներին, կրոնական հարանվանությունների առաջնորդներին, լսի նրանց, որի արդյունքում համատեղ ծրագիր պետք է մշակվի ոչ ցանկալի զարգացումների դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկելու և համայնքի վնասները նվազագույնի հասցնելու համար:

Հայաստանի պետությունն իրավունք չունի հապաղել:

Մեկնաբանություններ (1)

david
Պարոն Օսկանյան, եկել եք մեզ փրկեք, թե՝ Ձեզ։ Ամեն բան Ձեր քաղաքականության շարունակությունն է. Պետրոսյանի կառավարությունը պարանը փաթաթեց ժողովրդի վզին, Քոչարյանինը՝ հանգույցը կապեց, ներկայինս էլ ձգում է պարանը. ով հասցնում փախչում է երկրից, ով էլ չհասցնի՝ կմեռնի դանդաղ։ Ուղղակի դաժանություն է, որի փրկության եզրը դեռևս չի երևում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter