HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ով է այն տղամարդը, որ կարող է փրկել Տաթեւը

Նման հարցադրումն առաջանում է այն ժամանակ, երբ չեն գործում պետական ինստիտուտները: Այդ ինստիտուներից յուրաքանչյուրում մտածում են միայն փող «փախցնելու» եւ սեփական բիզնեսն «առաջ բրդելու» մասին:

Այս տարվա հունվարին Լոնդոնի բորսայում չինական «Ֆորչյուն Օյլ» ընկերությունը Հայաստանում ձեռք բերեց երկաթի երեք հանքավայր` Հրազդանում, Աբովյանում եւ Տաթեւի վանական համալիրից մի քանի կմ հեռավորությամբ գտնվող Սվարանց գյուղում:

Բացի լրատվամիջոցներից, ՀՀ որեւէ պետական կառույց չարձագանքեց: Տեղեկություններ ստանալու նպատակով դիմեցինք էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն, որտեղից հայտնեցին, թե իրենք տեղյակ չեն գործարքի մասին:

Նույն պատասխանը ստացանք նաեւ էկոնոմիկայի նախարարությունից: Կատարված գործարքը այս երկու նախարարությունների անմիջական պարտականությունների շրջանակում էր, եւ նրանք պարտավոր էին նախապես իմանալ գործարքի բոլոր նրբությունները: Ինչքան էլ տարօրինակ հնչի, գործարքն իրականացնողները Հայաստանի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ էին` ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանը եւ Տիգրան Արզաքանցյանը:

Վարդան Այվազյանը ԱԺ Ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահն է եւ այս օրերին լծված է «Ընդերքի մասին» նոր օրենքի լոբբինգի աշխատանքներին:

Առհասարակ, Հայաստանում գրեթե բոլոր գործարքներն «անցնում են» Ազգային ժողովով, քանի որ տնտեսությունն ամբողջովին կենտրոնացված է ԱԺ պատգամավորների ձեռքում:

Հայաստանի ԱԺ-ն նման է բորսայի, այստեղ են հավաքված սննդամթերք, դեղորայք, օծանելիք, հագուստ ներկրողները, լցակայանների, բանկերի, հանքավայրերի, գործարանների, սուպերմարկետների, ռեստորանների, հէկ-երի սեփականատերերը: Այստեղ ամեն օր զանազան գործաքներ են տեղի ունենում, պատգամավորները սակարկում են, գին որոշում:

Եւ վաղուց, կարծես թե, եկել է Ազգային ժողովը Ազգային բորսա վերանվանելու ժամանակը: Չինացիներին հանքավայրերը վաճառելուց հետո Վ. Այվազյանն ամեն ինչ արեց, որ ընկերության ներկայացուցիչները հանդիպեն վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Ասում են, երբ Տիգրան Սարգսյանը հանդիպել է չինացիներին, դեռեւս չգիտեր, որ այդ հանքավայրերից մեկը` Սվարանցի երկաթի հանքավայրը, Տաթեւի հարեւանությամբ է:

Համենայնդեպս, հանդիպման ընթացքում այդ մասին խոսակցություն չի եղել, իսկ դա նշանակում է` վարչապետը հավանություն է տվել չինացիների ներդրումային ծրագրին:  Իսկ վարչապետը, եթե հիշում եք, տարբեր առիթներով հպարտանում էր «Տաթեի վերածնունդ» ծրագրով:

Տաթեւը գովազդելու նպատակով Կառավարությունը նույնիսկ գումար հատկացրեց տեսանյութեր պատրաստելու եւ դրանք CNN-ով ցուցադրելու համար: Իսկ չինական այս գործարքով Տաթեւի պրոֆիլը, կարծես թե, փոխվելու է, եւ առանց գովազդի հազարավոր չինացիներ կգան Տաթեւ` իրենց հանքավայրում աշխատելու:

Հնարավո՞ր է, արդյոք, ձախողել վարչապետի եւ Վարդան Այվազյանի հրավերով Սվարանցում չինացիների իրականացնելիք ծրագիրը: Իհարկե, հնարավոր է: Ընդամենը մեկ զանգով կարելի է «Սփայս Սթիլ Արմենիա» ՓԲԸ-ին զրկել Սվարանցի հանքավայրի ուսումնասիրման լիցենզիայից:

Այդ ընկերության սեփականատերերն են Վարդան Այվազյանի որդին` Սուրենը, եւ Տիգրան Արզաքանցյանը: Դրանից պատգամավորները բաձարձակ վնաս չեն կրի: Նրանք երեք հանքավայրերի համար չինացիներից ստացել են 24 մլն դոլար, կանխիկ: Հիմա պետք է վերադարձնեն մոտավորապես 8 մլն դոլար:

Չի բացառվում, որ պատգամավորներ Վ. Այվազյանը եւ Տ. Արզաքանցյանը դիմեն դատարան, եթե իշխանությունները նման բան անեն: Այդ դեպքում պարզապես նրանց պետք է զրկել երկու տասնյակ հանքավայրերի ուսումնասիրման եւ շահագործման լիցենզիաներից, որոնք նրանք ստացել են, երբ Վ. Այվազյանը բնապահպանության նախարար էր:

Վ. Այվազյանը նաեւ Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է, իսկ դա նշանակում է` նա մտերիմ է Սերժ Սարգսյանի հետ: Եւ Տաթեւը փրկելու միակ խոչընդոտը, կարծես թե, այդ հանգամանքն է: Այսպիսով, նժարի մի կողմում հանրապետական պատգամավորներ Վ. Այվազյանն ու Տ. Արզաքանցյանն են, մյուս կողմում` Տաթեւը:                                  

Մեկնաբանություններ (2)

arthur
the guy with red ti was the minister of ecolgy in armenia. He took all the mines and now he sells it to consolidate his fortune.
Emil
Wait let's see, are not mines national? how come they are being sold by individuals? Do this people own all there is in Armenia? including the poor souls?...Wow wait a minute..........how sad is the situation of Armenia.... poor country...... being torn by greedy wolves.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter