HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկի՞ն, թե՞ Շիկահողի արգելոցը. պետությունն ընտրում է ոսկին, շիկահողցիները՝ արգելոցը

Սյունիքի մարզի Շիկահող գյուղի բնակչին տված առաջին հարցիս, թե ինչպես են ապրում գյուղացիները, հարցով պատասխան ստացա. «Թումանյանի՞ լեզվով ասեմ, թե՞ մեր»: «Եվ Թումանյանի, և ձեր»: «...Ապրում ենք, էլի, ամեն մի մեռնողին երանի տալով: Իսկ մեր լեզվով' յոլա ենք գնում»: Իրենց ապրած խորհրդային լավ ժամանակաշրջանը հիշելով' ներկա ժամանակը ծանր գնահատեց շիկահողցի Անդրանիկ Մարգարյանը:

Գյուղացիական տնտեսությամբ զբաղվողներ այստեղ գրեթե չկան, շարքային գյուղացիներն էլ ապավինում են Աստծուն: 150 հա գյուղնշանակության հողերն անջրդի են, ոռոգման ջուր Շիկահողը չունի, արտադրություն կազմակերպելու մասին խոսք լինել չի կարող: Ծավ գետը խորհրդային տարիներին ջրհան կայանի միջոցով հասել է Շիկահող: Հիմա այդ կայանն այլևս չի գործում, գյուղացիներն էլ ոչինչ չեն մշակում: Անդրանիկ Մարգարյանը, այս ամենը պատմելով, նորից Թումանյանին է հիշում. «Մի կտոր չոր հաց, էն էլ հրեն, հա~, երկնքից կախված»:

Եթե Ծավի գյուղացիները ոգևորված են Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքի շահագործմամբ, որ աշխատատեղ են ունենալու, ապա Շիկահողի գյուղացիներին հանքի գոյությունը միայն մտահոգում է: Գյուղացիներն իրենց համայնքի զարգացումը կապում են Շիկահողի արգելոցի հետ, իսկ հանքի առկայությունը կարող է վտանգել տուրիստական ծրագրերը, որոնց մեկնարկն արդեն իսկ տրված է:

Շիկահողցիները գիտեն, որ արգելոցի բնությունը, ինչպես նաև իրենց արտադրած անարատ գյուղմթերքը բավական են, որպեսզի գրավեն եվրոպացի զբոսաշրջիկներին: «Վայրի կենդանու և մեր տնական կենդանու միսը նույնն է, որովհետև նույն ձևով է սնվում, մեր այգու պոմիդորը, բանջարեղենը կամ միրգը, ուտելուց համը միանգամից զգում ես, անարատ են»,-ասում է գյուղացիներից մեկը: Սակայն արդյոք այդ մթերքը կմնա անարատ, եթե ոսկու բաց հանք շահագործվի արգելոցից մի քանի կմ վերև:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքավայրի տարածքը անմիջականորեն սահմանակից է «Շիկահող» պետական արգելոցի տարածքին, նպատակահարմար չենք համարում նախատեսվող գործունեության իրականացումը վերը նշված տարածքում»: Սա «Շիկահողի» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Մկրտչյանի եզրակացությունն է Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքի բաց շահագործման նախագծին: Ռուբեն Մկրտչյանը չի թաքցնում, որ դեմ է հանքավայրի շահագործմանը: «Ես ավազի հանքին էլ եմ դեմ, ինչի՞ մասին է խոսքը»,- ասում է նա:

«Շիկահողի» պետական արգելոցը ստեղծվել է 1958-ին: Գտնվում է Հայաստանի հարավային մասում' Սյունիքի մարզի Կապանի շրջանում: Զբաղեցնում է 12 հազար 137 հա տարածություն: Արգելոցի մեջ է մտնում նաև երկու արգելավայր' հայտնի «Սոսու պուրակը» և «Զանգեզուրը»:

«Շիկահողի» ֆլորայի 18 տեսակներ գրանցված են նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում' սովորական նռնենին, կովկասյան խուրման, գարշահոտ գիհին, թզենին, խոլորձազգիների 6 տեսակ և այլն: Արգելոցում հայտնաբերված միջատների 1000 տեսակից 37-ը հանդիպում են միայն արգելոցում, 27-ը' հազվագյուտ, անհետացող և սահմանափակ տարածում ունեցող են, իսկ 4-ը' ծայրահեղ հազվագյուտ տեսակներ են: Միջերկրածովային կրիան և հայկական իժը գրանցված են Միգազգային կարմիր ցուցակում: Թռչնաֆաունան ներկայացված է 135 տեսակներով' հիմնականում անտառաբնակ թռչուններով, որոնցից կովկասյան մարեհավը գրանցված է Միջազգային կարմիր ցուցակում: 37 կաթնասունների տեսակից կովկասյան ընձառյուծը, բեզոարյան այծն ու գորշ արջը նույնպես գրանցված են Միջազգային կարմիր ցուցակում:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության «Օփուլենդ թրեյդինգ սոլյուշնս» ընկերության գնահատման հաշվետվությանը «Շիկահողի» արգելոցի տնօրենն իր առաջարկություններն ու դիտողություններն է ներկայացրել: Նշել է, որ կենդանական աշխարհին վերաբերող բաժինը վերանայման կարիք ունի, քանի որ ներկայացված չեն անողնաշար և ողնաշարավոր այն կենդանատեսակները, որոնք հանդիպում են կոնկրետ հանքավայրի տարածքում: Նշված չէ նաև հանքավայրի տարածքում հանդիպող ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակները, այլ ներկայացված է «Շիկահող» արգելոցի կենդանական աշխարհը:

Լիարժեք չէ նաև բուսական ծածկույթին վերաբերող հատվածը, քանի որ նախագծում ընդհանուր տեղեկատվություն է տրված Զանգեզուրի տարածաշրջանի բուսականության և ֆլորայի վերաբերյալ, մինչդեռ անհրաժեշտ է ներկայացնել նաև օտարման տարածքի ֆլորայի արժեքավոր, ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակները:

«Նշված տարածքը հարակից է «Շիկահող» պետական արգելոցին, Ծավ, Ներքին Հանդ և այլ գյուղերին, որտեղ աճում են ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված բազմաթիվ բույսեր, այդ թվում' խոտաբույսեր և ծառաթփային տեսակներ»,- նշել է Ռուբեն Մկրտչյանը:

Անդրադառնալով շրջակա միջավայրի վրա սպասվող ազդեցությանը' արգելոցի տնօրենը նշել է, որ անհրաժեշտ է թվարկել այն կենդանատեսակները, որոնց բնադրման, միգրացիոն ուղիների, ձվադրման վայրերի վրա հնարավոր բացասական ազդեցություն կարող են թողնել նախատեսվող աշխատանքները: Ավելին' անհրաժեշտ է նախատեսել համապատասխան միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն օտարման տարածքի բուսականության և ֆլորայի պահպանմանը կամ բացասական ազդեցության նվազեցմանը:

«Օփուլենդ թրեյդինգ սոլյուշնս» ընկերությունը շրջակա միջավայրին հասցվելիք վնասը 14 տարիների ընթացքում գնահատել է 6 մլն դրամ: Թե ինչպես է գնահատում իրականացվել, արգելոցի տնօրենը չգիտի: Ծավում տեղի ունեցած հանրային քննարկմանը տնօրենը բարձրացրել է շրջակա միջավայրի աղտոտվածության խնդիրը, կազմակերպության ներկայացուցիչների պատասխանը սպառիչ չի եղել: Մտահոգիչը հանքավայրի նախատեսված տարածքում ջրերի ակունքներն են: Հենց այդտեղից է սկիզբ առնում Մազրա գետը և քիչ ներքև Շիշկերտ գետի հետ միանում Ծավին:

«Վերևի մասը ջրի ակունքն է համարվում, ինչքան էլ ուզենաս պահպանել, աղտոտվածություն կմնա: Ասում են, որ պայթեցման ժամանակ ոչինչ չի լինելու, վնաս չեն տալու: Ինչ ուզում ես արա, մի հատ որ անձրև գա, էդ նյութերը կներծծվեն հողի մեջ, էս փոքր գետը (Ծավը) մի հատ հսկա գետ է դառնում, էդ անձրևները քշելու են փոշին ու էդ նյութերը բերեն լցնեն գետը, և սա քեզ աղտոտվածության դեպք: Էսօր խոսում ենք ուրանի մասին, ի՞նչ կարաս ասես' ինչ ռադիացիա կամ քիմիական տարրեր կան մեջը, կամ սնդիկ և այլն: Էսօր կապանի վիճակը շատ լուրջ է, և մենք հարսանիքների փոխարեն արդեն ավելի շատ թաղումների ենք մասնակցում: Մահվան դեպքերն ավելացել են, հիվանդություններն ավելացել են մեր տարածաշրջանում: Մեր ժողովուրդը չի հասկանում, որ ամենից թանկը առողջությունն է»,- ասում է Ռուբեն Մկրտչյանը:

Նա որոշ չափով մեղադրում է Ծավի բնակիչներին, որոնք գերադասում են հանքավայրում աշխատատեղ ունենալ' չմտածելով սպասվող վտանգների մասին:

«Իրենք չգիտեն, որ իրենց ջրի ակունքը հենց այդտեղ է, իրենց խոտհնձի տարածքները, անասնապահության զարգացման համար դա է»,- ասում է Ռ. Մկրտչյանը: Նա ջրերի մասին իր մտահոգիչ եզրակացությունն առանձին է ներկայացնելու: Ասում է' գրելու դեռ շատ բան կա:

«Շիկահող» արգելոցի տնօրենը համոզված է, որ մի քանի տարի հետո արգելոցը կարող է գրավիչ տուրիստական վայր դառնալ: Արգելոցի տարածքում թույլատրվում է միայն էկոտուրիզմը և պատմամշակութային ու գիտաճանաչողական տուրիզմը. տարածքը հարուստ է բնական ժառանգությամբ, քարանձավներով, հին գյուղատեղերով, ամրոցներով ու եկեղեցիներով: Ընդ որում' արգելոցի տարածքում գիշերելն արգելվում է, և տուրիստներին առաջարկվում են գիշերելու օթևանատներ արգելոցին հարակից գյուղերում, որը կնպաստի այդ համայնքների զարգացմանը: Արգելոցին սահմանակից է 5 գյուղ' Շիկահողը, Սրաշենը, Ծավը, Ներքին Հանդը և Շիշկերտը: Արգելոցը տուրիստներին արդեն իսկ հետաքրքրում է, սակայն տուրիստների համար հարմար պայմաններով տները դեռ քիչ են: Օրինակ' 272 բնակիչ ունեցող Շիկահող գյուղում 1-2 նման պատրաստի տուն կա: Բայց արդեն իսկ արգելոցի վարչական շենքում երկու հարմարավետ սենյակ կա, որտեղ կարող են մնալ զբոսաշրջիկները:

Ապագայի համար ծրագրերը շատ են, այդ թվում' համայնքների սոցիալական զարգացման ծրագրերը, որոնք սկսել են իրականացնել գերմանացիների հետ և նրանց միջոցներով: Սակայն հանքավայրը կարող է վտանգել էկոտուրիզմի զարգացումը: Օրինակ' հայտնի' 574 սոսիներից և 196 ընկուզենիններից կազմված «Սոսու» պուրակի արգելանոցով է անցնում նաև Ծավ գետը, որի աղտոտումը հանքի շահագործման դեպքում անխուսափելի է:

Ռուբեն Մկրտչյանի համոզմամբ, Հայաստանի զարգացման համար տուրիզմը լավագույն ուղիներից մեկն է, որը նաև եկամտաբեր է: Հենց այդ ճանապարհով պետք է ընթանան նաև «Շիկահողի» արգելոցն ու ու շրջակա գյուղերը: Անդրանիկ Մարգարյանը, ով նաև «Շիկահողի» արգելոցի ինժեներ-մեխանիկն է, հաստատում է, որ որպես գյուղացի ի վիճակի է գյուղի իր տանը տուրիստներ ընդունել: Սակայն պետք է այդ ամենն արագացնել. քչից սկսել, մի քանի փորձ անել, որպեսզի առաջընթաց լինի: Անգլիացիների, գերմանացիների, ֆրանսիացիների արդեն ընդունել են, նույնիսկ գոհացրել, բայց զբոսաշրջիկների այցելությունների հաճախականությունը տակավին քիչ է: Դրա պատճառն էլ Անդրանիկ Մարգարյանը գիտի. տուրիստական գործակալությունները զբոսաշրջիկներին բերում են մինչև Տաթև, և Կովկասում ամենախոշոր բնական արևելյան սոսու պուրակը բնավ չի գովազդվում: «Խաչը տերն է զորավոր անում»,- ասում է Անդրանիկ Մարգարյանը:

Մեկնաբանություններ (2)

Nylson
Մազրայում ոսկու պաշարները շատ քիչ էն ,այդ երբ են հասցրել.... Երկրաբանությունը դարձրել են նկարչություն հերիք է... Ափսոս է Մազրայի բնությունը... Ափսոս...Ախր այնտեղ բաց մշակման հանքավայր չկա.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սյունիքի հանքային մաֆիայի դեմ «խաղ չկա»-մտքները կարճ, փորներն անհատակ, դատավորը «արդարադատ», օրենքը «գործուն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter