HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Տիգրանակերտի պեղումները դադարեցվել են

Հունիսի 16-ին դադարեցվել են Տիգրանակերտի պեղումները:

Այդ մասին Լեռնային Ղարաբաղում տեղեկացրեց պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Նա անցած շաբաթ գտնվում էր Դադիվանքում, որտեղ մի խումբ` ճարտարապետ Սամվել Այվազյանի ղեկավարությամբ, վերականգնողական աշխատանքներ եւ պեղումներ էր կատարում Դադիի գերեզմանի շրջակայքում:

«Այս տարի նոր ամրոց ենք պեղել Տիգրանակերտի դիմաց` Խաչենագետի ձախ բլրի վրա: 50 մետր ժայռափոր պարիսպներն ենք բացել: Եւ մի քանի տեղ հետախուզական պեղումներ ենք արել, ունենք շատ հարուստ նյութեր»,- ասաց պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը:

Պեղումների աշխատանքները դադարեցվել են ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Աշխատանքները ստանձնել էր «Երկիր» միությունը, սակայն վերջինս չի կարողացել բավարար գումարներ հայթայթել:

«Դիմել ենք Հայաստանի կառավարությանը, Արցախի իշխանություններին, միջազգային բազմաթիվ կազմակերպությունների, ըստ էության` մարդիկ խոսում-խոսում են, բայց իրական օգնություն ցուցաբերող չկա: Հուսով ենք, որ շուտով ինչ-որ մեկը կաջակցի եւ գոնե մեկ ամիս էլ կկարողանանք աշխատել: 20 հազար դոլարի բյուջե ենք կազմել, դիմել էինք «Երկիր» միության քույր կազմակերպություններին, արդյունքում շվեյցարական միությունն է 25 հազար խոստացել եւ Լոս Անջելեսի «Տիգրանակերտի աջակցության» խումբն է փորձում գումար հայթայթել, այնտեղ էլ աշխատանքները նոր են սկսել,- շաունակում է Հ. Պետրոսյանը:

Արշավախումբը մեկ ամիս տեւած հետախուզական աշխատանքների վրա, ըստ իրենց հաշվետվության, ծախսել է մոտ 10 հազար դոալր:

«Պեղումներն ընդհանրապես շատ թանկ են, այս խումբը փոքր էր: Բայց նորմալ աշխատելու համար պետք է օրական մոտ 60 բանվոր աշխատի եւ 10 մասնագետ: Արշավախումբը պահելու համար օրական մոտավորապես 500 դոլար է պետք, եւ 500 դոլար էլ` մնացած ծախսերի համար, մեքենաները, տեխնիկական բազան եւ այլն: Այսինքն` օրական 1000 դոլար է պետք»,- ասում է Հ. Պետրոսյանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի թեկնածուներից մեկն այցելել է Տիգրանակերտ եւ խոստացել ընտրվելուց հետո 1մլն դոլար հատկացնել պեղումներին: Պեղումները սկսելուց առաջ Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը ականազերծել է տարածքը, ինչը, ըստ Համլետ Պետրոսյանի, շատ կարեւոր եւ մեծ գործ էր:

«Տիգրանակերտը շատ հարուստ քաղաք է: Ստրաբոնը նկարագրում է, որ երկրի այդ հատվածն աշխարհի ամենաբարեբեր հատվածներից մեկն է: Հիմա այստեղ վայրի թզենիներ եւ նռնենիներ կան: Քաղաքն էլ սպիտակ է եղել էդ դարավանդներով, եւ մի հրաշալի տեսարան է բացվել: Տիգրանակերտը մեր պատմության մի էջ է, որ վերականգնված չէ: Հայաստանի կենտրոնի քաղաքները տուֆից եւ բազալտից են կառուցված եւ դասական առումով լավ քաղաքներ են, տարբեր երանգների, սակայն սպիտակ չեն: Հունահռոմեական քաղաքի իդեալը սպիտակ քաղաքն էր, եւ Աղդամն այդպիսին էր, Աղդամ նշանակում է սպիտակ տուն: Պեղումներից հետո եթե անձրեւ է գալիս, սպիտակ ժապավենների նման այդ հատվածները փայլում են»,- ոգեւորված պատմում է արշավախմբի ղեկավարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter