HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

«Կեղծված» հացեր

Դեռեւս մի քանի տարի առաջ հաց թխելու տեխնոլոգիան բավականին աշխատատար էր, եւ 10-12 ժամ էր պահանջվում, որպեսզի խմորը խմորվի եւ պատրաստ լինի թխման համար:

Այսօր բարելավիչների եւ խմորիչների օգտագործումը մի քանի անգամ կրճատել են այդ ժամանակը. հացերը պատրաստվում են 3-4 ժամում: Բարելավիչները, որոնք հացթուխների շրջանում հայտնի են որպես հացի վիտամին, այնպիսի համալիր բուսական եւ քիմիական նյութեր են, որոնք հնարավորություն են տալիս խմորման ընթացքը դարձնել ավելի ինտենսիվ: Հացը դառնում է առեւտրային տեսակետից ավելի գրավիչ` ծավալով ավելի մեծ եւ փափուկ: Իրականում ստեղծվում է օպտիկական խաբկանք, քանի որ հացի ներսում կարող է դատարկ լինել:

Բարելավիչների օգտագործումն արգելված չէ, դրանք կիրառվում են նաեւ եվրոպական երկրներում: Սակայն, այնտեղ սպառողը տեղեկացված է, թե որ հացն է պատրաստված բարելավիչով, իսկ որի մեջ ոչ մի հավելանյութ չկա: Բացի այդ, վերջինն անհամեմատ էժան է: Մեր խանութներում շատ քիչ հացերի վրա կան գնապիտակներ, որտեղ գրված է հացի տեսակը, բաղադրությունը, էներգետիկական արժեքը, գինը, քաշը, արտադրողի վերաբերյալ տվյալներ: Չփաթեթավորված հացի խմբաքանակի հետ խանութ է բերվում ուղեկցող թերթիկ, որտեղ գրված է թվարկված տեղեկատվությունը, սակայն սպառողները դրա գոյության մասին գրեթե տեղյակ չեն եւ չեն էլ պահանջում:

Բարելավիչների օգտագործումն արդարացված է կոմերցիոն տեսակետից, քանի որ խնայվում է ժամանակ եւ լրացուցիչ ազատ արտադրական տարածք, ինչը հնարավորություն է տալիս շատացնել հացի տեսականին: Սակայն հացի եւ սննդի տեխնոլոգները դեմ են բարելավիչների օգտագործմանը: «Ես ինքս դեմ եմ ցանկացած բարելավիչների օգտագործմանը: Հացի ճիշտ խմորման դեպքում հացի մեջ գոյանում են 17-18 տիպի տարբեր միացություններ, որոնք հացին յուրահատուկ բուրմունք են տալիս: Բայց մենք արդեն եկել ենք դրան, պարզապես սպառողը պետք է տեղեկացված լինի եւ ինքն ընտրի այն, ինչի համար ուզում է վճարել»,- ասում է Ագրարային համալսարանի բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, հացի, մակարոնեղենի եւ հացամթերքների արտադրության տեխնոլոգիայի առաջատար մասնագետ Արամ Նազարյանը:

2006թ. Հայաստան էին ներկրվել թուրքական արտադրության բարելավիչներ, որոնք հետագայում վերացան Հայաստանի շուկայից, բայց դրանց փոխարինեցին եվրոպականները: Հայաստան բարելավիչներ բերում են Ֆրանսիայից, Ավստրիայից, Գերմանիայից, նաեւ արտադրվում են Եղվարդում: «Մեկ տարի առաջ Հայաստան եկավ թուրքական արտադրության «Պակմայա» բարելավիչների խմբաքանակ, որի վրա ոչ մի տեղեկատվություն չկար ո՛չ ապրանքի, եւ ո՛չ էլ արտադրողի մասին: Մոսկվայում պատահաբար ցուցահանդեսի ժամանակ իմանում եմ, որ թուրքական «Պակմայա» բարելավիչներ այլեւս չեն արտադրվում, շատ անակնկալ էր ինձ համար, որովհետեւ այդ ժամանակ Հայաստանում դա վաճառվում էր: Անմիջապես եկել եւ հայտարարել եմ դրա մասին: Հետո խմբաքանակն անմիջապես անհետացավ, բայց անընդունելի է նման կերպով վերաբերվել սննդի անվտանգությանը»,- ասում է Արամ Նազարյանը:

Ի՞նչ գույն ունի տարեկանի հացը

Բժիշկները եւ դիետոլոգները վաղուց խորհուրդ են տալիս ծեր, հիպերտոնիկ եւ շաքարախտով հիվանդ մարդկանց հրաժարվել սպիտակ հացից եւ օգտագործել միայն սեւ կամ տարեկանի հաց: Բայց պարզվում է, որ, գնելով մուգ գույնի հաց, դա դեռեւս չի նշանակի, որ այն թխված է տարեկանի ալյուրից: «Շատ են դեպքերը, երբ սպիտակ ալյուրից թխված հացը ներկում են: Սկզբում դարչինով էին ներկում, հետո մտածեցին վառած շաքար ավելացնել կամ կակաո, բայց հետո էլ անցան սննդային ներկերին: Իհարկե, դրանցից ոչ ոք չի մահանա, բայց խաբված լինելն էլ քիչ բան չէ: Ի վերջո, այդ հացերն օգտագործում են հիմնականում առողջական խնդիրներ ունեցող մարդիկ»,- ասում է Արամ Նազարյանը:

«Սեւ եւ տարեկանի հացերը շատ ավելի օգտակար են մարդու օրգանիզմի համար, սակայն տարեկանի ալյուրը վատ հումք է հացաթխման համար: Տարեկանի ալյուրը բարձրանալու ուժ չունի: Այդ պատճառով, երբ խանութներում տեսնում ենք տարեկանին նմանեցված բոքոններ, դա, հավանաբար, սպիտակ ալյուրով եւ բարելավիչներով թխված եւ ներկված սուրոգատ է: Սպիտակ ալյուրը, ընդհակառակը, պակաս օգտակար է մարդու համար, սակայն այն հրաշալի բարձրանում է եւ ունի լավ տեսք: Սպիտակ ալյուրի մեջ շատ է օսլան եւ քիչ են վիտամինները, որքան ալյուրը մգանում է, պակասում է օսլան, որը բարձրացնում է խմորը, եւ շատանում են վիտամինները»,- ասում է բիոտեխնոլոգ, գիտնական Ալեքսանդր Սելիմյանը:

«Մոտ 1 ամիս առաջ մենք հետաքրքրվել եւ պարզել էինք, որ Հայաստանի շուկայում տարեկանի ալյուր չկար: Մենք ներկրեցինք եւ փոքր խմբաքանակով վաճառեցինք միայն մի կազմակերպության, որի արտադրանքը ճանաչում ենք, սակայն, այդ ընթացքում, երբ Հայաստանում չկար տարեկանի ալյուր, բոլոր խանութներում տարեկանի հաց կար՝ ինչքան կուզեք»,- ասում է «Հայր եւ որդի Երիցյաններ» հացի արտադրամասի տնօրեն Արմեն Երիցյանը:

Այս տարվանից Ալեքսանդր Սելիմյանի տեխնոլոգիայով «Հայր եւ որդի Երիցյաններ» հացի գործարանում արտադրվում է «Բիո հաց»: «Այս հացում օգտագործում ենք հատուկ իմ հայտնագործած թթվակաթնային շիճուկ: Այս հացի մեջ չկան խմորիչներ եւ արհեստական հավելանյութեր: Ես կողմ եմ միայն էկոլոգիական մաքուր հացի, որում կան լիպիդներ, միներալ միացություններ, օրգանական թթուներ, վիտամիններ եւ պիգմենտներ: Իր սննդարար նշանակությամբ հացը չունի մրցակիցներ ուրիշ սննդակարգերում, որոնք անհրաժեշտ են մարդու համար: «Բիո հացի» պիտակի վրա իմ ստորագրությունն է, եւ ես պատասխանատու եմ դրա որակի համար»,- ասում է Ալեքսանդր Սելիմյանը:

Հացը չի ստուգվում

«Ստուգումների մասին» օրենքի համաձայն՝ սննդի օբյեկտներում ստուգումներ իրականացվում են տարին մեկ անգամ: Սակայն առայժմ դեռեւս ձեւավորման փուլում է այն կառույցը, որը պետք է վերահսկի սննդամթերքի արտադրության, մշակման, վերամշակման, փաթեթավորման, մակնշման, փոխադրման, պահման, իրացման, ինչպես նաեւ առեւտրի եւ հանրային սննդի ոլորտում ծառայությունների մատուցման փուլերում սննդի անվտանգությունը: Այսուհետ ստուգումներ իրականացնելու են Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության եւ անասնաբուժության տեսչության մարզային կենտրոնները: «Սննդի օբյեկտներում ստուգումներ սկսել ենք ապրիլից, բայց հացի ոլորտում դեռ ստուգումներ չենք անցկացրել: Բայց երեւի հաջորդ շաբաթ սկսենք նաեւ հացի ոլորտում»,- ասում է Երեւանի մարզային կենտրոնի սննդի անվտանգության եւ անասնաբուժության տեսչության պետի տեղակալ Գրիգոր Դանիելյանը: Այն հարցին, թե քանի հացի արտադրամաս կա Երեւանում, պրն Դանիելյանը պատասխանեց, որ չգիտի: Այդ դեպքում ո՞ւմ են ստուգելու մյուս շաբաթ:

Լուս. Նելլի Շիշմանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter