HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Պատերազմի մահաբեր հետքերը

Տասնամյա Բորիսի տնային պարտականություններից մեկը կովերին առավոտյան դուրս տանելն է:

Անցած տարվա մարտին Բորիս Մանվելյանը հերթական անգամ կովերին դուրս տարավ իրենց տան վերեւի բարձունքի ուղղությամբ:

Ետդարձի ճանապարհին նա ոտքերի տակ ինչ-որ տարօրինակ իր տեսավ:

«Բերեցի տուն, մամայիս ցույց տվի, մամաս ասաց` տար շպրտի, ես էլ չշպրտեցի, բերեցի ու սկսեցի քանդել»,- պատմում է Բորիսը:

«Նա պլասկակուպցով պահել է ու մուրճով խփել, փոքր քույրն էլ կողքն է եղել, փա՜ռք Աստծո, նրան բան չի պատահել»,- պատմում է հայրը` Վահրամ Մանվելյանը: «Ուզում էի տեսնել, թե մեջն ինչ կա»,- բացատրում է Բորիսը:

Հենց առաջին հարվածից իրը պայթեց ու դաստակից կտրեց Բորիսի աջ ձեռքը:

Հետո պարզվել է, որ այդ իրը նռնակի պայթուցիչ է եղել: Բորիսի ձեռքը երկու անգամ վիրահատել են, սակայն դեռեւս բեկորներն ամբողջությամբ չեն հանել: Ցույց տալով տղայի ձեռքի մի կապտագույն հատված՝ հայրն ասում է, որ մի անգամ էլ պիտի Երեւանում վիրահատեն ու դրանից հետո պրոթեզ տեղադրեն:

«Մանվելյանենց տան վերեւի ժայռի մոտ զինվորական դիրք է եղել: Նռնակի պայթուցիչը երեւի այդտեղից է հայտնվել»,- պարզաբանում է Քաշաթաղի քաղպաշտպանության շտաբի պետ Քերոբ Մովսեսյանը:

ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի տարբեր հատվածներում փակցված են «Զգուշացե՛ք ականներից» մակագրությամբ ցուցանակներ։ Ռազմական գործողությունների ավարտից հետո շրջանում մնացել են տասնյակ հազարավոր ականներ, փամփուշտներ, զանազան զենք ու զինամթերք: Այս հանգամանքը եւ բազմաթիվ պատահարները հաշվի առնելով՝ ԼՂՀ կառավարությունը շրջանում 2000 թ. ստեղծել է Քաղպաշտպանության շտաբ: Այն արդեն երկրորդ տարին է ղեկավարում է ավագ լեյտենանտ Քերոբ Մովսեսյանը:

Այս տարվա գարնանը շրջանում գրանցվել է եւս մեկ դեպք. «Գանձա գյուղում է եղել այդ դեպքը: Մհեր Մեժլումյանն իր տասնութ տարեկան որդու՝ Սարգսի հետ իրենց այգու աղբը հավաքել են ցանկապատի մոտ ու վառել: Պարզվել է, որ էդ աղբի կուտակած տեղում՝ հողի մեջ, խոշոր տրամաչափի փամփուշտ է եղել, ու տաքությունից այն պայթել է: Հայր ու որդի բեկորային վնասվածքներ են ստացել, բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող վերջացավ»,- պատմում է Ք. Մովսեսյանը:

Ղարաբաղում ականազերծման աշխատանքները հիմնականում իրականացնում է բրիտանական «Հալո Տրաստ» (HALO TRUST) կազմակերպությունը: «Մեզ մոտ վերջին երկու տարվա ընթացքում այդ կազմակերպությունը չորս ականապատ դաշտ է ականազերծել»,- ասում է Ք. Մովսեսյանը:

Ականազերծման աշխատանքները դժվար են ընթանում, որովհետեւ հակառակորդի տեղադրած ականների մասին որեւէ տեղեկություն չկա. «Մենք տեղյակ ենք մեր բանակի կողմից տեղադրված ականների մոտ 80 տոկոսին, իսկ հակառակորդի տեղադրած ականների մասին տեղեկություններ չունենք: Դրանց մասին իմանում ենք հետախուզական աշխատանքներից հետո կամ էլ արտակարգ դեպքերի ժամանակ, երբ, ասենք, անասուններ են պայթում: Նման դեպքերում անմիջապես տեղանքը շրջափակում ենք, դնում ենք համապատասխան նշաններ, համայնքի ղեկավարի միջոցով տեղեկացնում բնակչությանը»,- պարզաբանում է Ք. Մովսեսյանը:

Բացի համապատասխան նշաններ տեղադրելուց, ծառայությունը «Հալո Տրաստի» հետ համատեղ ուսուցողական դասեր է անցկացնում դպրոցներում. «Գնում ենք դպրոցներ, մեզ հետ տանում ենք տարբեր զինամթերքների նմուշներ, նկարներ եւ պատմում դրանց մասին, զգուշացնում երեխաներին, ասում՝ գտնելու դեպքում ինչ անել: Գիտենք, որ պայթուցիչները, զանազան զինամթերքները երեխաների համար հետաքրքիր են, ուզում են իմանալ, թե ինչ է: Մենք հենց դրանք ենք տանում ու ցույց տալիս, պատմում դրանց վտանգավորության մասին: Տարբեր տրամաչափի զինամթերքի ենք հանդիպել տարբեր վայրերում: Ամենաշատը ականանետի, հակահետեւակային ականներ են, վերջիններս տեղադրված են անկանոն, ով որտեղ պատահի տեղադրել է: Ու շատ են նռնակները, առանձին՝ դրանց պայթուցիչները»,- ասում է Ք. Մովսեսյանը

Ամենախիտ ականապատ դաշտերը եղել են այն տեղամասերում, որտեղ ռազմական գործողությունների ընթացքում կատաղի մարտեր են ընթացել: Մեծ քանակությամբ ականներ են հայտնաբերվել շրջանի հարավային մասում, դրանցից մեկը Մարաթուկ գյուղի մոտ էր, որտեղ ժամանակին տեղակայված էին հայտնի «Կոբրա» անունով դիրքերը: Ադրբեջանցիները նահանջելիս ականապատված դաշտեր են թողել շրջանի հյուսիսային մասում:

«Հալո Տրաստ» կազմակերպության տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում ամեն տարի ականների եւ այլ զինամթերքի պայթյուններից զոհվում է մոտ 50-60 մարդ: Իսկ 1993-ից մինչեւ այսօր եղել է 1000 զոհ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter