HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Կաշենի հանքավայրում անտառածածկ տարածք չկա. հավաստիացնում է Ղարաբաղի պաշտոնյան

Լեռնային Ղարաբաղի կառավարությունն անցած շաբաթ հաստատեց Կաշենի հանքավայրի շահագործման ծրագիրը: Մինչ այդ ստեղծվել էր միջգերատեսչական խումբ, որում ընդգրկված էին մասնագետներ տարբեր ոլորտներից՝ ԼՂ Ազգային ժողովից, կառավարությունից, որոնք էլ «Վալլեքս» խմբի ընկերությունների հետ նախապատրաստել են համապատասխան ծրագիրը։

Տարածքը, որտեղ պետք է իրականացվի արդյունահանումը, ընդգրկում է Մարտակերտի շրջանի Վարդաձոր (Գյուլաթաղ), Ճանկաթաղ (Չինգյաթաղ) և  Ծաղկաշեն գյուղերը:  Հանքավայրը շահագործելու է «Բեյզ Մեթալս» ընկերությունը:  

ԼՂՀ տնտեսկան զարգացման նախարար Կարեն Եսայանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր. «Մենք այս փուլում ունեցած ինֆորմացիայի և եզրակացությունների հիման վրա ընդունեցինք բնապահպանների առաջարկությունը՝ ընտրել այս ճանապարհը։ Եվ դա է պատճառը, որ հնարավոր դարձավ այս հանքավայրում ունենալ առաջին հայացքից բավական փոքր՝ 500 մետրանոց սանիտարական պաշտպանական գոտի և համատեղել այդ աշխատանքը»: Ավելի ուշ Կարեն Եսայանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ նշված բնապահպանները Հայաստանից են, և իրենք դրա մասին մինչ հուլիսի 25-ը տեղեկություն կտեղադրեն տնտեսական զարգացման նախարարության կայքում:

ԼՂՀ  Շրջակա միջավայրի բնական ռեսուրսների վարչության բնական ռեսուրսների կառավարման գործակալության պետ, ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի անդամ Ֆելիքս Դալաքյանը պատասխանել է «Հետքի» հարցերին:

Պարոն Դալաքյան, ի՞նչ է իրենից ներակայացնում Կաշենի հանքավայրը:

Կաշենի հանքավայրը պղինձ-պորֆիրային հանքավայր է: Այն,  Ընդերքի  մասին օրենսգրքի  ու «Կոնցեսիայի  մասին» օրենքի համաձայն, պիտի շահագործվի: «Բեյզ Մեթալս»` այն ժամանական դեռ փակ բաժնետիրական ընկերության դիմումի համաձայն` 2004 թ.-ին  պետական լիազոր մարմնի  կողմից տրամադրվել է երկրաբանության ուսումնասիրության լիցենզիա: Ի տարբերություն նախկին տարիների, այդ ուսումնասիրության աշխատանքներն իրագործվում են ներդնողների հաշվին: Կաշենում ոսկին քիչ է, ավելի նպատակահարմար է պղինձ արտահանել:

Փաստորեն այժմ Կաշենի հանքավայրը նախագծման փուլում է:

Այո, Կաշենի հանքավայրի  նախագիծը ավարտական փուլում է գտնվում և դեռ ավարտված չէ: Նախագիծն ունի բնապահպանական մաս, այնտեղ նշում են, թե ինչպիսի վնաս կա մարդու առողջության և շրջական միջավայրի համար: Եվ նախատեսվում են միջոցառումներ` բնապահպանական սպառնալիքները նվազեցնելու կամ բացառելու համար:

Իսկ Կաշենի հանքավայրի դեպքում բնապահպանական ռիսկերը մե՞ծ են:

Ուսումնասիրության ժամանակ բնապահպանական վնասներ կամ ի հայտ չեն գալիս, կամ  ի հայտ գալու ժամանակ դրանք չնչին են լինում:  Իսկ ըհդհանրապես, յուրաքանչյուր վնասակար ազդեցություն թողնող օբյեկտի համար միջազգային չափանիշներով սահմանված են ազդեցության գոտու չափերը, որոնք կոչվում  են սանիտարապաշտպանական գոտիներ: Սահմանված են կողմնորոշիչ  չափեր, որոնք նախագծման ժամանակ հաշվի են առնում:

Կոնկրետ Կաշենի հանքավայրի ազդեցության գոտին կկազմի  մոտ 300 մետր: Հնարավոր է ուսումնասիրությունը ցույց տա, որ ազդեցության գոտին պետք է ավելացնել ու դարձնել, ասենք, 500 մետր: Դրանք միջազգային չափանիշներ են, որոնք արդյունաբերության տարբեր ոլորտներում տարբեր են, օրինակ` նավթաարդյունաբերության դեպքում 8 կմ է, ցեմենտի արտադրության դեպքում` 3:

Ավելացնեմ, որ հանքավայրի տարածքը անտառածածկ չէ, և անտառահատման կարիք չի լինելու:  «Մեյզ Բեթալս»-ը կօգտագործի լավագույն տեխնոլոգիաները, որպեսզի պոչամբարները  չվնասեն շրջակա միջավայրը. հետադարձ ցիրկուլյացիա կատարելով` արտանետվող ջրերը կմտնեն ու կօգտագործվեն հանքավայրում:

Որքա՞ն ժամանակ կգործի Կաշենի հանքավայրը:

Արդեն «Մեյզ Բեթալս»-ին ուսումնասիրության լիցենզիա տրամադրվել է, բայց դրանից բացի, կա սովորական լիցենզիա և  կա հատուկ լիցենզիա. առաջինը թույլ է տալիս հանքավայրը շահագործել 12 տարով, երկրորդը` 25: Այդ ամենը, իհարկե, հանձնաժողվի դրական եզրակացություն տալուց հետո: Սակայն չեմ կարծում, որ հանքավայրը 25 տարուց կվերջանա: 

Մեկնաբանություններ (3)

another Aram
This was a good reporting with a better comment. Shenorhakalooyoon
Արամ
Հայկ ջան, Եթե մինչև Ֆելիքս Դալաքյանըին հանդիպելը Google Earth-ով դիտեիք հանքավայրի տարածքը, կհամոզվեիք որ այդտեղ անտառներ կան:, բավական խիտ և ընդարձակ: Նույնիսկ հստակ երևում են հետազոտության հետքերը: և եթե հարցազրույցի ժամանակ այդ պետին ցույց տաիք պատկերը, շատ տհաճ անակնկալ կմատուցեիք նրան: Համոզված եմ որ հարցազրույցի բովանդակությունը միանգամայն այլ ընթացք կունենար: Մեկնաբանության փոխարեն ուզում էի կցել այդ քարտեզը, բայց կարծես թե այդ հնարավորուոյունը չի նախատեված մեկնաբանությունների տարացքում: Եթե ցանկանում եք տեսնել իրական պատկերը, ինքներդ Google Earth-ով դիտեք տարածքը, կամ հայտնեք որ e-mail հացեյով ուղարկեմ այն Հարգանքներս, Արամ:
Էդիկ Բաղդասարյան
Շնորհակալություն Արամ, սա առաջին հրապարակումն է, մենք կանդրադառնանք դրան, թող դեռ պաշտոնյաները իրենց տեսակետները հայտնեն: Էդ տարածքում բազմաթիվ հուշարձաններ էլ կան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter