
«Հայացք». Սևանա լիճը կարող էր այլընտրանք ունենալ
Եթե կառավարությունը անգործունյա չլիներ
Հայաստանի կառավարությունը հաճախ է խոսում սփյուռքում բնակվող հայկական ներուժի օգտագործման մասին: Ամեն տարի աշխարհի հայերին դիմելով` հորդորում է մայր Հայաստանը միասին կառուցել և ոտքի կանգնեցնել: Բայց երբ այդ մարդիկ կոնկրետ առաջարկներով գալիս են իրենց միջոցներով կոնկրետ ծրագրեր իրագործելու` մնում են անպատասխան: Խոսքը, մասնավորապես «Մասիս, Սիս և նոր Հայաստան. լճափնյա հանգստավայրեր Հայաստանում» ծրագրի մասին է, որի առանցքային կառույցը Սևանի դոնոր Եղվարդի ջրամբարն էր լինելու:
1000 հա մակերես զբաղեցնող ջրամբարը կպահեստավորեր մինչև 90 մլն խմ ջուր: Ջրալցման աղբյուրը Արզնի-Շամիրամ ջրատարն էր լինելու, իսկ ջրային կուտակումները գոյանալու էին գարնանային ձնհալներից ու անձրևաջրերից: Այս ծավալի ջուրը կոռոգեր 34000 հա տարածք. պատկերավոր ասած` Արարատյան դաշտն ամբողջությամբ:
2008-ից ծրագիրը քննարկվում է երկրի պետական կառավարման տարբեր մակարդակներում: Այն նույնիսկ արժանացել է ՀՀ բազմաթիվ նախարարների, Հայկական զարգացման գործակալության, Հանրային խորհրդի, Ջրային պետական կոմիտեի, Կոտայքի մարզպետի և Եղվարդի քաղաքապետի հավանությանը:
350-500 մլն դոլար արժողությամբ ծրագիրն անգամ ֆինանսավորման խնդիր չուներ: «Ես խոսել եմ Միացյալ Նահանգներում, Անգլիայում և Ռուսաստանում ապրող բազմաթիվ ներդրողների հետ, որոնք պատրաստ էին խոշոր ներդրումներ անել, միայն եթե առաջարկը լինի երկրի առաջին դեմքերի մակարդակով»,- ասաց ամերիկյան «Էյ Վի Էյ» անշարժ գույքի գնահատման և շինարարական ընկերության նախագահ, ծրագրի համահեղինակ Արմեն Վարդանյանը: Ըստ նրա` թեև կառավարությունն էլ է ծրագիրը հավանության արժանացրել, բայց միայն` բանավոր: Իսկ ահռելի փողեր ներդրողների համար բանավոր խոսքը երաշխիք չէ:
Ոռոգման նպատակով Սևանա լճից 320 մլն խմ ջուր վերցնելու օրինագծի քննարկումը ծրագրի հեղինակի մեջ տարակուսանք է առաջացրել: «Սևանա լճի մակարդակը բարձրացնելու համար կառավարությունը միլիոնավոր դոլարներ ծախսեց, որ հիմա նորից իջեցնի՞: Բայց չէ՞ որ կար Սևանի այլընտրանքը` Եղվարդի ջրամբարը, որի շինաշխատանքների զգալի մասն արված է: Հատակի 700 հա-ից հանված է հողի շերտը, երկու` արևելյան ու արևմտյան ջրպատնեշների 50-60%-ը կառուցված է: Եթե կարելի էր միայն Եղվարդի ջրամբարով ոռոգել մի ամբողջ Արարատյան դաշտ, ապա ինչո՞ւ ընթացք չտրվեց շահավետ այդ ծրագիրի իրագործմանը: Չէ՞ որ այն լուծելու էր ոչ միայն երկրի տնտեսության, մասնավորապես` գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները, այլև դառնալու էր համահայկական ծրագիր` Հայաստանի պատմության մեջ ամենամեծ մասնավոր ներդրումներով»:
Զրուցակցիս համոզմամբ` եթե Եղվարդի ջրամբարը լիներ, Սևանի ջրթողունակությունը կիսով չափ կնվազեր: «Իսկ այնպիսի իրավիճակում, երբ ամբողջ աշխարհում կլիմայի տաքացման միտում է նկատվում, մեր բնական միակ ռեսուրսի նկատմամբ այսպիսի անխնա վերաբերմունքը տարիներ հետո անդառնալի հետևանքների կբերի: Ջրային հարուստ պաշարներ ունեցող Հայաստանը, որ կարող է նույնիսկ ջուր վաճառող պետություն լինել, մի օր ջուր գնող է դառնալու: Իսկ Թուրքիան ու Ադրբեջանը, որ միլիարդներ արժեցող ջրամբարների կառուցման ծրագրեր են իրականացնում, մշտական պաշար են կուտակելու նաև ի հաշիվ մեր սելավաջրերի: Իսկ նրանց նորակառույց ջրամբարների շահագործումից հետո պակասելու է նաև գետերով մեզ հասնող ջուրը»:
Հայկուշ Ասլանյան
Մեկնաբանել