HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Դատավորներին կդատե՞ն

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի վերաբերյալ վճիռների կատարման ընթացքը» թեմայով Սահմանադրական դատարանում այսօր տեղի ունեցած միջազգային համաժողովին մասնակցում էր նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը:

«Հետքը» նրանից հետաքրքրվեց, թե արդյոք քննարկվո՞ւմ է այնպիսի մոտեցման կիրառումը, որ «սխալի» հեղինակ դատավորները ենթարկվեն պատասխանատվության, եւ այդ «սխալների» պատճառով Եվրադատարանի վճիռներով սահմանված նյութական փոխհատուցումը վճարեն հենց այդ դատավորները, ոչ թե ՀՀ պետբյուջեն:

«Այս պահի դրությամբ ես կարող եմ բերել մեկ օրինակ: Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով մենք միջնորդություն ներկայացրինք արդարադատության նախարարին՝ տվյալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին: Եվ դատավորն արդարադատության խորհրդի կողմից ենթարկվեց պատասխանատվության: Նրա նկատմամբ կիրառվեց կարգապահական տույժ. խիստ նկատողություն՝ աշխատավարձի 25 տոկոսի պահումով: Սա այն պատասխանատվության ձեւն է, որը մեր օրենսդրությունը նախատեսում է»,- ասաց Գեւորգ Կոստանյանը:

Ինչ վերաբերում է դատավորներին նշյալ «սխալների» համար քրեական պատասխանատվության ենթարկելուն, Կոստանյանի խոսքերով՝ դա կարող է լինել միայն ակնհայտ անարդար, ապօրինի վճիռ կայացնելու դեպքում, ընդ որում՝ այդ վճիռը կամ դատավճիռը պետք է անպայման բեկանված լինի վերադաս դատարանի կողմից: Իսկ նման դեպք Հայաստանում դեռ չի եղել:

«Որովհետեւ մենք չունենք ակնհայտ ապօրինի եւ անարդար դատավճիռ: Կարող ենք ունենալ դատավճիռ, որի հետ համաձայն չենք, կամ կողմը համաձայն չէ, բայց դա դեռ չի նշանակում, որ այդ դատավճիռն ակնհայտ ապօրինի կամ անհիմն է: Դա դատավորի դիրքորոշումն է՝ հիմք ընդունելով իր ներքին համոզմունքը»,- ասում է Կոստանյանը:

«Հետքը» նկատեց, որ Աբովյանի 3/2 հասցեն օտարված ոչ մի գոտում ներառված չէ, բայց դատարանները, հղում անելով Գլխավոր պողոտային վերաբերող Կառավարության համապատասխան որոշմանը, տունը սեփականատերերից խլել են:

«Սա ակնհայտ անարդար եւ ապօրինի վճիռ չէ՞»,- հարցադրմանն ի պատասխան՝ Գեւորգ Կոստանյանն ասաց. «Ես վստահ եմ, որ վերադաս դատական ատյանը, եթե նման պարագա է, անպայման կբեկանի նման դատական ակտը, եւ արդեն դատավորի պատասխանատվության հարցը եւս լրացուցիչ քննարկման առարկա կդառնա»:

Վերադաս դատական ատյան ասելով՝ նկատի ունեք Եվրադատարանի՞ն:

Ոչ, նկատի ունեմ ներպետական դատական ատյանները:

Բայց գործը ներպետական բոլոր ատյաններով անցել է եւ որեւէ բան չի փոխվել:

Եթե 3 ատյաններն էլ անցել է, ապա, եթե դիմել են Եվրոպական դատարան, վճռի հիման վրա նոր հանգամանքով գործը կվերաբացվի եւ ըստ այդմ՝ կքննարկվի դատավորի կողմից ակնհայտ ապօրինի կամ անարդար լինելու վճիռ կայացնելու հարցը: Եվ, իհարկե, կարող է առաջ գալ նաեւ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, որովհետեւ մեր օրենսդրությունը նման բան նախատեսում է:

Մեկնաբանություններ (2)

Վեհարի
Այսպիսով, այսուհետ ևս դատավորները իրենց ակնհայտ ապօրինի վճիռների դիմաց երբեք,երբեք պատասխանատվություն չեն կրելու, քանի որ դրանք այսուհետ ևս հիմնվելու են դատավորների ներքին համոզմունքի վրա: Իսկ այդ համոզմունքը ինչպես գիտենք հնարավոր չէ ոչ կշեռքով կշռել, ոչ էլ խորանարդ մետրերով հաշվել կամ այլ տրամաբանական միջոցներով հայտնաբերել:
Заришкина Татьяна
Слов нет одни мысли. Костанян, это великий махинатор. Отменный лгун. Поэтому и выслужился до высокого чина. Человек, который способен лгать от имени правительства РА в Евросуде.В статье явно видно что на вопрос журналиста, он развёл демагогию,ни какого вразумительного ответа. Одна ложь. Ну не может человек говорить правду! Наказывать судей? А его кто накажет ? Ничего придёт и его черёд

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter