Կիրակի, 26 մայիսի

Բարեկարգվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակը


16:48, 4 հուլիսի, 2012

Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բազմիցս հայտարարել է, որ յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա նաև իր որոշակի կենտրոնատեղին, որը կդառնա ինչպես հանգստի կազմակերպման, այնպես էլ տոնական միջոցառումների անցկացման վայր: Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի առաջարկով դիտարկվեց հենց այդպիսին ու քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս տարի ամբողջությամբ բարեկարգվեց ու կանաչապատվեց:

Բարեկարգված տարածքի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանին: Քաղաքապետը և Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ շրջել են եկեղեցու հարակից տարածքում, ծանոթացել կատարված բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներին:

Նորք-Մարաշի բնակիչները գոհունակություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին իրենց փոքրիկ վարչական շրջանի միակ կենտրոնատեղին բարեկարգելու հարցում օժանդակելու համար և վստահեցրել, որ սա իսկապես անհրաժեշտություն էր նորքեցիների համար:

Տարոն Մարգարյանն իր հերթին շնորհավորելով նորքեցիներին տարածքի բարեկարգման կապակցությամբ վստահեցրել է, որ հետևողական է լինելու մյուս վարչական շրջաններում ևս նմանատիպ կենտրոնների ստեղծման հարցում: «Երևանը պետք է հարմարավետ լինի բոլորի համար: Անկախ նրանից, թե բնակիչը որ վարչական շրջանում է բնակվում, նա պետք է իրեն զգա մայրաքաղաքի լիարժեք քաղաքացի: Այս հարցում մեր դիրքորոշումը հստակ է և մենք քայլ առ քայլ հասնելու ենք այդ նպատակի լիարժեք իրականացմանը»,- շեշտել է Տարոն Մարգարյանը:

Տարածքում շրջելուց և կատարված աշխատանքներին ծանոթանալուց հետո, քաղաքապետը ծաղիկներ է դրել եկեղեցու տարածքում կանգնեցված զոհված ազատամարտիկների հուշարձանին, որից հետո մտել է նաև եկեղեցի և մոմեր վառել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»