HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Եվրոպական դատարանը կալանքի վերաբերյալ հիմնարար որոշումներ կայացրեց»

Իրավաբանների գնահատմամբ՝ Եվրոպական դատարանը «Կամո Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի հանրապետության» գործով հիմնարար որոշումներ կայացրեց: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը ավազակային հարձակման մեջ մեղադրվող Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի նկատմամբ շարունակական կալանքի որոշումներ էր կայացրել՝ սկզբում նախաքննության ժամանակ, ապա գործը դատարան ուղարկելուց հետո: «Հետքն» այս գործին անդրադարձել է: Ծանր հանցագործության մեջ մեղադրվող Կ. Փիրուզյանը կալանավորվել էր 2006թ. հոկտեմբերի 19-ին եւ կալանքի տակ էր պահվել մինչեւ 2007թ. դեկտեմբերի 5-ը, այսինքն, մինչեւ այն ժամանակ, երբ գործով մասնակցող դատախազը հրաժարվեց մեղադրանքից ու նրան ազատ արձակեցին:

Մոտ մեկ տարի 2 ամիս Կ. Փիրուզյանին անօրինական կալանքի տակ պահելու փաստերը Եվրոպական դատարանը (ԵԴ) քննել է մի քանի տեսանկյունից եւ կոնվենցիայի բազմաթիվ խախտումներ է արձանագրել: Բողոքը, որը ԵԴ-ին ներկայացրել էին Կ. Փիրուզյանի փաստաբան Լուսինե Սահակյանը եւ իրավաբան Արա Ղազարյանը, դատարանը քննեց 2012թ. հունիսի 26-ին,  նրան կալանքից ազատելուց շուրջ 4,5 տարի հետո: Խոսելով կայացված վճռի առանձնահատկությունների մասին, իրավաբան Արա Ղազարյանն ընդգծեց, որ այս գործով ՄԻԵԴ-ը նախադեպ ստեղծեց ոչ միայն Հայաստանի հանրապետության, այլեւ Եվրոպայի համար: 

Խոսքը վերաբերում է անձին կալանքի տակ պահելու համար ներկայացվող «քննչական գործողություններ կատարելու» շատ տարածված պատճառաբանությանը, որի վերաբերյալ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ «քննչական գործողություններ կատարելը», անձին կալանքի տակ պահելու բավարար պայման չի համարվում: Դատարանը նշել է, որ բողոքաբերի նկատմամբ շարունակական կալանք կիրառելու համար դատարանները վերաբերելի եւ բավարար պատճառներ չեն ներկայացրել: «Եվրադատարանը սրանով Եվրոպայի համար նախադեպ սահմանեց, քանի որ այս միտքը արձանագրելիս որեւէ նախադեպի հղում չի կատարել»,- նշեց իրավաբանը: Վերջինս նկատեց նաեւ, որ այս դրույթը հակասության մեջ է մտնում Ասլան Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի կայացրած նախադեպի հետ:

ՄԻԵԴ-ի սույն գործով կայացված վճռից Արա Ղազարյանն առանձնացրեց հետեւյալը.

  1. Եվրոպական դատարանը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում ճանաչեց նախնական կալանքի հարցը քննելիս եւ գործով քննության ժամանակ Կամո Փիրուզյանին ճաղավանդակում պահել՝ դա որակելով նվաստացուցիչ վերաբերմունք անձի համար: Դատարանը հարցը քննել է հետեւյալ տեսանկյունից՝ նրան ճաղավանդակում պահելու անհրաժեշտություն կա՞ր եւ հետեւություն է արել, որ պատճառ չկար եւ չի համաձայնել այն տեսակետի հետ, որ դա արվել է անվտանգության նկատառումներից ելնելով: Դատարանը փաստել է, որ կալանավորի հիմնական տեղը դատարանում նույնն էր, ինչ ճաղավանդակում նրա հիմնական տեղը, այսինքն՝ այլ տեղ չուներ, նա մեխանիկորեն ճաղավանդակում էր պահվում: Այս հիմքով նաեւ մի հետաքրքիր եզրահանգում է կատարել նշելով, որ կալանավորին ճաղավանդակում պահելը կարող էր իր մասին քննվող հարցից նրա ուշադրությունը շեղելու գործոն հանդիսանալ:
  2. Կ. Փիրուզյանը շուրջ 22 օր՝ 2007 թ. փետրվարի 19-ից մինչեւ մարտի 12-ը, նախնական կալանքի տակ էր գտնվել առանց դատարանի որոշման: Այս փաստին ԵԴ-ն արդեն անդրադարձել էր «Սիլվա Ասատրյանն ընդդեմ Հայստանի» գործով, որի դեպքում 19 ժամի համար 2000 եվրո տուգանք սահմանեց պետության համար: Դատարանն անընդունելի է համարել «նախաքննությունից-դատաքննություն անցումային փուլում կալանքի ժամկետի հոսել արտահայտությանը»: ՎԴ-ն արդեն մեկ այլ գործով տվել էր այս հարցի լուծումը՝  գործը դատարան պետք է ուղարկել կալանքի ժամկետը լրանալուց ամենաքիչը 15 օր շուտ, որպեսզի գործի դատական նախապատրաստական փուլում կալանքի հարցին անդրադառնալու հարկ չլինի:
  3. ԵԴ-ն արձանագրել է, որ սույն գործով դատարանները վերացական ու շաբլոնային որոշում են կայացրել, եւ նշել է, որ կալանքի որոշումները պետք է կայացվեն փաստական տվյալների հիման վրա եւ ոչ թե վերացական ձեւակերպումներով:
  4. Փաստաբանը միջնորդել էր Կ. Փիրուզյանի նկատմամբ գրավ կիրառել, որը մերժվել էր պատճառաբանելով, որ արգելվում է գրավի կիրառումը ծանր հանցագործության դեպքում: Դատարանն անընդունելի է համարել այս տեսակետը՝ հղում կատարելով արդեն իսկ իր ստեղծած նախադեպերին: Ա. Ղազարյանը նշեց, որ օրենսգրքի այս հոդվածը 2007թ.-ից ներպետական դատարանները չեն կիրառում:
  5. ԵԴ-ն արձանագրել է, որ յուրաքանչյուրն իրավունք ունի իր կալանքի որոշումը վիճարկել կոնկրետ փաստերով: Մինչեւ խոհրդակցական սենյակ գնալը դատավորը քննիչից պահանջել է քրեական գործի նյութերը, ստացել է դրանք եւ գնացել է խորհրդակցական սենյակ:  Որոշումը կայացնելիս, ի թիվս այլ նյութերի, դատավորը հղում է կատարել քննիչի նյութերին, որի վերաբերյալ փաստաբանն իր բողոքում նշել էր, որ դրանով արդեն խախտվել են դատավարության մրցակցության պայմանները, որովհետեւ քննիչն այդ նյութերը չի տրամադրել իրեն: Քննիչն ասում է, որ չէր կարող տրամադրել, որովհետեւ ավանդույթի համաձայն՝ կա նախաքննական գաղտնիք հասկացությունը: ԵԴ-ն հարցը քննել է հետեւյալ տեսանկյունից՝ հարցի քննության ժամանակ մրցակցային կանոնները պահպանվե՞լ են, թե` ոչ, եւ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ մինչեւ խորհրդակցական սենյակ գնալը դատավորը քննիչից պահանջել է նյութերը, նշանակում է դատավորը դրան կարեւորություն է տվել: Այս փաստական տվյալից ելնելով, նշանակում է փաստաբանը նույնպես իր ձեռքի տակ պետք է ունենար այդ նյութերը եւ արձանագրել է, որ դիմողը զրկված է եղել արդյունավետ պաշտպանության հնարավորությունից, որպեսզի վիճարկի քննիչի բերած միջնորդությունը, հետեւաբար դատարանը չի կարողացել ապահովել կողմերի հավասարությունը:

Արա Ղազարյանը նշեց, որ ներպետական դատարաններում այս գործը քննվել է մի ժամանակշրջանում, երբ ՎԴ-ն նոր էր անցում կատարել նախադեպային իրավունքին: Խափանման միջոց կալանքի վերաբերյալ ՎԴ-ն նախադեպային իրավունքի ձեւավորումն սկսեց 2007թ.-ին, սակայն իրավական դաշտը Եվրոպական կոնվենցիայի չափանիշներին բերելու նախադեպը կայացրեց 2008 թ. վերջերին` Ասլան Ավետիսյանի գործով: «Ընդ որում, սա արվում էր օրենսդիրի լռության պայմաններում, որը շատ դժվար էր: Դատարանն իրավուք չունի օրենք ստեղծել, ամենաշատը կարող է դրա կիրառությունը մեկնաբանել, որպեսզի չմեղադրեն օրենք ստեղծելու մեջ»,- նշեց իրավաբանը:

Վերջինիս մեկնաբանությամբ, այս դեպքում փաստաբաններ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը առաջ քաշեցին ամենաառջադիմական գաղափարներ, սակայն առաջին ատյանի դատարանը չուներ Վճռաբեկի խոսքը, որպեսզի նորույթը կիրառեր: «Փաստաբանները բերում էին դատական նորույթ եւ ասում էին, որ կարող ես հանգիստ կիրառել, որովհետեւ դա Կոնվենցիայի, Սահմանադրության թելադրանքն է, դատավորները երկմտանքի մեջ էին եւ մերժում էին փաստաբանի բոլոր փաստարկները»,- նշում է իրավաբանը: Իրավաբանի ասելով՝ հիմա դասընթացների ժամանակ այդ միտքը հնչում է՝ եթե որեւէ փաստական տվյալի ես հղում կատարում, ապա փաստաթուղթը պետք է իմ տրամադրության տակ ունենամ, եթե նույնիսկ այն նախաքննական գաղտնիք է պարունակում: Մրցակցային պահանջը դա էր, որը կրկին նորույթ էր: «Փաստաբանի երեւակայությունը բավարարում էր, որպեսզի նորույթը ներկայացնեն, իսկ դատավորներինը`ոչ, բայց սա տարօրինակ չպետք է համարվի, քանի որ փաստաբաններն են պտտում արդարադատության անիվը»,- նշեց Արա Ղազարյանը:

Եվրոպական դատարանն այս գործով պետությանը պարտավորեցրեց 8000 եվրոյի փոխհատուցում տրամադրել Կ. Փիրուզյանին՝ նրան պատճառված բարոյական վնասի համար: Իրավաբանը, արձանագրված մեծ թվով խախտումների առկայության համեմատությամբ, սա մեծ գումար չի համարում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter