HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Էքստրիմը` առանց սահմանների

«Ընտրել ենք բարդության այնպիսի աստիճաններ, որոնք հաստատ հաղթահարելի են, իսկ եթե խնդիրներ էլ լինեն, մենք պատրաստ ենք նույնիսկ մեր ուսերի վրա նրանց հասցնել նպատակին, որը արդեն մի քանի անգամ արել ենք» 

Շուրջ մեկ ամիս է ` մեկնարկել է «Սահմաններ չկան. կան միան արգելքներ» ծրագիրը, որի հեղինակներն են «Արմենիան էքստրիմ» ակումբը եւ «Հայ էսքտրիմ» ՀԿ-ն:

Ծրագրի նպատակն է Հայաստանում բնակվող հաշմանդամություն ունեցող մարդկանց ներգրավվածության ապահովումը էքստրեմալ սպորտաձեւերում: Ծրագրի ղեկավարները, չնայած բազմաթիվ խնդիրներին, հավատացած են, որ այն կարող է եւ պետք է իրականանա:

Այս թեմայի շուրջ զրուցեցինք «Արմենիան էքստրիմ» ակումբի նախագահ Գոռ Հովհաննիսյանի հետ:

Ինչպե՞ս ծնվեց նախաձեռնության գաղափարը: Արդյո՞ք մինչ այս հաշմանդամություն ունեցող մարդիկ հնարավորություն ունեին էքստրեմալ սպորտով զբաղվելու:

Մինչ այդ մեր ակումբում նման մի քանի անդամ ունեցել ենք. այժմ նրանք մեր լավագույն ընկերներն են: Ժամանակի ընթացքում հասկացանք, որ նրանցից շատ բան ունենք սովորելու և շատ բան կարող ենք տալ. նկատի ունեմ այն, ինչը քաղաքում չեն կարող գտնել: Որոշեցինք հավաքել հաշմանդամություն ունեցող ակտիվ երիտասարդներին, օգնել, սովորեցնել և բարձրացնել լեռները:

Միանգամից հասկացանք, որ բարդ գործ ենք ընտրել, մի պահ նույնիսկ ուզում էինք հետ կանգնել մտքի իրականացումից, սակայն պատկերացրեցինք, թե որքան բարդ է լինելու նրանց համար և, եթե նրանք հետ չեն կանգնում, ուրեմն մենք հաստատ իրավունք չունենք: Այժմ դեռ աշխատում ենք խմբի հավաքագրման վրա:

Այս ծրագիրն իրականացնելու համար համագործակցության առաջարկներ եղե՞լ են:  

Ուղարկել ենք մի քանի նամակներ, բայց արձագանքներ չեն եղել: Ցավոք, պիտի նշեմ, որ շատ հաջողություններ չենք գրանցել, քանի որ առաջին հերթին պոտենցիալ համագործակցող կազմակերպությունները չեն հավատում ծրագրի իրականացմանն ու հաջողությանը, բացի դա՝ մասնակիցների, ցանկացողների ծնողների հետ կապված նույնպես խնդիրներ կան: Վախենում են վտանգներից, սակայն մենք մի քանի անգամ նշել և ներկայացրել ենք, որ մեզ հետ աշխատում են պրոֆեսիոնալ բժիշկների մի քանի խմբեր:  

Տեխնիկապես նույնպե՞ս ապահովված եք:

Ունենք բոլոր հնարավոր իրերը գործը սկսելու համար, սակայն գիտենք, որ կան հաշմանդամություն ունեցող մարդկանց համար նախատեսված հատուկ տեխնիկաներ, որոնք բավականին թանկ են, բացի դա՝ դեռ պետք չի դրա մասին մտածել, քանի որ չգիտենք, թե խմբում ինչ խնդիրենր ունեցող անձինք ենք վերջնականապես ընդգրկվելու: Երբ ժամանակը գա, Աստծո օգնությամբ այդ հարցերն էլ կլուծենք: 

Իսկ պետական աջակցություն ստանալու համար դիմե՞լ եք որեւէ համապատասխան մարմնի:

Ոչ, բայց պատրաստվում ենք: Ուղղակի գտնում ենք, որ հարկավոր է նախ ինչ-որ լուրջ գործ անել` նախնական դասընթացներ, թեթև փորձ ու արդյունքներ ցուցադրել և նոր միայն պետությունից գումար կամ նման մի բան պահանջել: Հակառակ դեպքում մերժում ստանալու հավանականությունը մեծ է:  

Ո՞ր  սպորտաձերեւերն եք մասնավորապես փորձում մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:

Նախնական աշխատում ենք լեռնագնացության սկսնակ մակարդակի վրա, որից հետո արդեն կմտածենք: Նորից ուզում եմ նշել, որ բավականին բարդ ու երկար աշխատանք ունենք անելու:

Կա՞ն անդամագրվողներ:

Ունենք վերջնականապես հաստատված ընդամենը 3 մասնակից` չնայած խումբը մեծ չի լինելու` առավելագույնը 7-8 անձ: Նախատեսվում է վերելք դեպի Հատիս լեռ սեպտեմբերին:

Այս պահին յուրաքանչյուր աջակցության ձեւ եւ հնարավորություն խիստ կարեւոր է ծրագիրն իրականացնելու եւ վստահության լայն շրջանակներ ձեռք բերելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter