HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Ոսկե ծիրան». անդրադարձ վավերագրական ֆիլմերին

Այսօրվանից մեկնարկում է «Ոսկե ծիրան» 9-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնը: Այս ամառ այն ներկայանում է ավելի հարուստ ֆիլմացանկով:

Կինոփառատոնի «Միջազգային մրցույթին» ներկայացված են 12 խաղարկային եւ 12 վավերագրական ֆիլմ:

Անդրադառնալով վավերագրական ֆիլմերի ցանկին` նշենք, որ այս տարի ներկայացված 12 ֆիլմերից մեկը Հայաստանի ներկայացուցիչ Արման Երիցյանի  «Donkeymentary» ֆիլմն է, որը նկարահանվել աֆրիկյան Լամու (Քենիա)կղզում: Ֆիլմի սյուժետային գիծը բավականին հետաքրքիր է.Լամու կղզում կան 24 000 մարդ, 6000 էշ և ընամենը 2 մեքենա: Սա ոչ միայն սուահիլի մշակույթի հազվագյուտ և բացառիկ օրրաններից մեկն է աշխարհւմ, այլև Աֆրիկայի «էշերի մայրաքաղաքը»:

Այստեղ կարելի է հանդիպել էշերի երթևեկության խցանումների, այստեղ ամենամեծ հումանիստական կազմակերպությունը էշերի ապաստանն է, այստեղ էշերը ապրուստը վաստակելու միակ միջոցն են, և այստեղ յուրաքանչյուր երիտասարդի ամենամեծ երազանքը սեփական էշ ունենալն է:

Ֆիլմի համար ստեղծվել է հատուկ երաժշտություն, որի հեղինակն է Ալեքսանդր Իրադյանը:

Մինչ այս՝ Արման Երիցյանի «Հայաստանի վերջին լարախաղացը» (2010) եւ «Բաց երկնքի տակ» (2005) ֆիլմերը համապատասխան մրցույթներում արժանացել են «Ոսկե ծիրանի» գլխավոր մրցանակներին:

Մնացյալ տասնմեկ ֆիլմերը ներկայացված են տարբեր երկրներից:

Աֆրիկյան հետաքրքիր անկյուններից մեկի մասին է իսպանացի կինոռեժիսոր Իսակի Լակուեստայի «Կավե օրագրեր» վավերագրական ֆիլմը: Ֆիլմը պատմում է նկարիչ Միգել Բարսելոնի` Աֆրիկայում անցկացրած քսան տարիների մասին:

Այնտեղ նա վարժվել է նկարել միջատներով ու կարիճներով շրջապատված, մինչև շոգը չի չորացրել, իսկ քամին չի քշել-տարել նրա կտավները: Բադիագարա ժայռի կատարին Բարսելոն և խորեոգրաֆ Ժոզեֆ Նաջը բեմադրում են «Պասոդոբլ» ներկայացումը, և առաջին անգամ նկարիչը բացում է իր աֆրիկյան արվեստանոցի գաղտնիքները:

«Կավե օրագրեր» ֆիլմն արդեն իսկ ստացել է Բեարից լսատեսողական ծրագրերի կինոփառատոնի ոսկե մրցանակը:

Հատուկ թեմա է շոշափում շվեյցարացի կինոռեժիսոր Ֆերնան Մելգարի «Հատուկ չվերթ» ֆիլմը. Ժնևի մոտակայքում գտնվող Ֆրամբուա բանտում 25 ապօրինի ներգաղթյալներ վտարման են սպասում: Նրանց ընձեռվում է ընտանիքներին հրաժեշտ տալու և քաղաքացիական հագուստով ոստիկանների ուղեկցությամբ, սովորական չվերթով հայրենիք վերադառնալու հնարավորություն: Եթե նրանք հրաժարվում են այս առաջարկից, հատուկ չվերթ է կազմակերպվում` արագ և անսպասելի (ֆիլմն արդեն իսկ ստացել է ժյուրիի մեծ մրցանակ  Մեծ Բրիտանիայի Վավերագրական ֆիլմերի Full Frame փառատոնում):

Հետաքրքիր ճակատագրերի եւ մեկ անհատի պատմության հիման վրա ստեղծված ֆիլմերից է Յի Սըն-չհունի «Խխունջի մոլորակը», որը պատմում է ծանր տենդի հետևանքով փոքր հասակից լսելու եւ տեսնելու կարողությունը կորցրած Յոուն-Չհանի մասին (ֆիլմն արդեն իսկ արժանացել է Ամստերդամի վավերագրական ֆիլմերի ՄՓ-ի մրցանակը` լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի համար):

Անհատի պատմության վրա հիմնված մեկ այլ ֆիլմ էլ ներկայացնում են պաղեստինցի կինոռեժիսորներ Էմադ Բուրնաթը եւ Գի Դավիդին:

«Հինգ կոտրված տեսախցիկ»  ֆիլմը ներկայացնում է  պաղեստինցի գյուղացի Էմադին, որը չորրորդ որդու`Զիբրիլի ծնվելուց հետո ձեռք է բերում իր առաջին տեսախցիկը: Բիլինում` հայրենի գյուղում, բաժանարար պատնեշ է կառուցվում, և գյուղացիները սկսում են դիմադրել որոշմանը: Ավելի քան հինգ տարի Էմադը նկարահանում է պայքարը, որն առաջնորդում են իր երկու մտերիմ բարեկամները` միաժամանակ նկարահանելով նաև, թե ինչպես է հասակ առնում Ջիբրիլը: Շատ շուտով դա անդրադառնում է ընտանիքի և նրա կյանքի վրա: Օրը ցերեկով կատարվող ձերբակալություններն ու գիշերային ստուգումները վախեցնում են ընտանիքին: Էմադի ընկերների, եղբայրների և հենց իր վրա կամ կրակում են, կամ նրանց ձերբակալում: Տեսախցիկը տեսախցիկի հետևից կամ կրակոցների բաժին է դառնում, կամ ջարդվում. յուրաքանչյուր տեսախցիկ Էմադի պատմության մի մասն է անում (ժյուրիի հատուկ մրցանակ, Ամստերդամի վավերագրական ֆիլմերի ՄԿՓ, 2011, միջազգային ծրագրում լավագույն վավերագրական ֆիլմի ռեժիսուրայի մրցանակ, Սանդենս):

Հետաքրքիր եւ բացառիկ պատմություն է ներկայացված  թուրք կինոռեժիսոր Էնիս Ռըզայի «Վերամշակելով կյանքը` աղբի մեջ Դոստոևսկի գտա» ֆիլմում:

Փողոցի երեխաներից մեկը` Օքթայը, մուրացկանի, հնահավաքի, աղբահավաքի մի խառնուրդ, նույնիսկ սոսինձ քաշող, փող ու աղբ է հավաքել փողոցներում, թերթավաճառ եղել, փողոցի շների հետ նրանց բույնը կիսել: Օքթայի կյանքը Ստամբուլում փոխվեց ուսանողների հետ ունեցած պատահական հանդիպումների և այն փչացված գրքերի շնորհիվ, որոնք գտնում էր աղբարկղներում: Նա կարդում էր այդ գրքերը և սկսեց դրանք հավաքել` արդեն իր համար: Այժմ Օքթայը օգտագործված բազմաբնոյւթ գրքերի խանութ ունի:
(Լավագույն վավերագրական ֆիլմ, Կորնթոսի ԿՓ, Հունաստան, 2011, լավագույն վավերագրական ֆիլմ, Բոստոնի թուրքական կինոյի փառատոն, ԱՄՆ, 2011):

Վավերագրական ֆիլմերի մրցույթին ներկայացված մնացյալ վեց ֆիլմերիից յուրաքանչյուրը պատմում է աշխարհի այս կամ անկյունում բնակվող մարդկանց արտառոց կյանքի եւ սովորույթների մասին:

Վրացի կիոնռեժիսոր Սալոմե Ջաշիի «Բախմարո» ֆիլմը եռահարկ աղյուսե շինության մասին է, որը գտնվում է վրաց գավառական քաղաքում: Կառույցի կենտրոնում ռեստորան է` վառ կանաչ ու նարնջագույն պենոպլաստե պատերով, սեղաններ են բացված հաճախորդների համար, որ հազվադեպ են գալիս: Հաճախորդների պես` փոփոխությունն էլ է այստեղ հազվադեպ: Մյուսների նման` մատուցողուհի Նանան և նրա շեֆն էլ են սպասում…
(Երիտասարդ տաղանդների մրցույթի պատվավոր հիշատակում (Լայպցիգի վավերագրական կինոյի փառատոն, Գերմանիա, 2011), Մրցանակ` Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի լավագույն վավերագրական ֆիլմի համար (Յիհլավայի վավերագրական ֆիլմերի ՄՓ, Չեխիա, 2011)):

Ֆրանսիացի ռոժիսոր Մարկ Վեյմյուլերի «Հեռու-հեռավոր կյանք» ֆիլմը Պորտուգալիայի Բարրոսո մեկուսի շրջանի մասին է, որտեղ մարդիկ ապրում են նախիրների և տարվա եղանակների ռիթմով: Այնտեղ կարելի է ականատես դառնալ ցեղային կենսաձևի, որը հավանաբար երկար չի գոյատևի: Բոլորը գիտեն, որ շուտով կգա դրա վերջը: Հիշողությունն ընդդիմանում է, միջավայրը հայելի է ծառայում` հիշեցնելով մեզ, թե ով ենք եղել, նաև ցույց տալով, թե ինչ ենք դարձել (Լավագույն լիամետրաժ վավերագրական ‎‎‎‎‎ֆիլմ, «Վավերագրական էկրաններ» ԿՓ, Արկյոյ, Ֆրանսիա, 2011):

Այս համատեքստում ներկայացված մյուս ֆիլմը իտալացի ռեժիսոր Տոմմազո Կոտրոնեի «Տղամարդկանց դպրոց» վավերագրությունն է, որտեղ պատանիները ստիպված են 14 տարեկանում թողնել դպրոցն ու գնալ աշխատելու, տարօրինակ չէ, որ պատանեկան տարիքն անցնելուց հետո ուսման ցանկություն է առաջանում: Սա կատարվում է նաև քաղաքաբնակ երիտասարդ բանվորների հետ: Ծնողները չպետք է նրանց կաեցնելու իրավունք ունենան: Եվ մտավորականներն էլ պետք է օգնեն ծնողներին հասկանալ: Հետևաբար` նրանք պիտի իսկական մտավորականներ լինեն` սոցիալական դասերից վեր կանգնած: Բայց մտավորականներն ավելի շատ շարքային դասից են և ներկայացնում են հատկապես մտավորական ծառայողների մշակույթը:

Ռուս կինոռեժիսոր Ալեքսեյ Վախրուշևի «Տունդրայի գիրքը. պատմվածք Վուկվուկայի` փոքր քարի մասին» ֆիլմն արդեն արժանացել է մոտ մեկ տասնյակ մրցանակների եւ այժմ ներկայանում է նաեւ հայ ֆիլմասերների դատին.

 Չուկոտկա թերակղզում ցերեկ է և 37 աստիճան սառնամանիք` ըստ Ցելսիուսի: Տունդրայում կատաղի քամին է մոլեգնում: Ռուսաստանի արկտիկական գոտու հոյակապ բնապատկերում 72-ամյա Վուկվուկայ նահապետն իր բնիկ չուկչայական ընտանիքի հետ Ալյասկայից Բերինգի նեղուցով առաջնորդում է իրենց 14 հազար գլուխ եղջերուների հոտը: Լարովի ռադիոն և առևտրականների պատահական այցելությունները չհաշված` մեկուսացման մեջ ապրող ընտանիքը սննդի, ապաստանի և հագուստի առումով կախված է իր եղջերուներից.... Ֆիլմը հազվագյուտ ու զարմանալի հայացք է մի աշխարհի, որը դեռ միահյուսված է կյանքի հինավուրց ռիթմերին: 

«Ֆիդելի հետ, ինչ էլ որ լինի». այսպես է կոչվում սերբ կինոռեժիսոր Գորան Ռադովանովիչի ֆիլմը. Կուբա, Սիերրա Մաեստրա. Հավանայից 850 կմ արևելք: Սիերրա Մաեստրայի բնակիչների ճակատագիրը պատկերված է գաղափարախոսական էքստազի օրը` Կուբայի հեղափոխության 52-րդ տարեդարձին: Հաջորդ օրը, իներցիայի ուժով, բոլորը վերադառնոմ են առօրյա ռիթմին, որն անփոփոխ է և ոչ այնքան խոստումնալից: Բոլորն էլ գիտեն դա: Նույնիսկ բարձրախոսները, որոնք շարունակ 52 տարվա վաղեմության գաղափարախոսական կարգախոսներ են հնչեցնում:

Առանձնահոտուկ թեմա է արծարծված Պետր Լոմի «Հետ` դեպի հրապարակ» ֆիլմում. տասն ամիս նկարահանումներ են կատարվել Եգիպտոսում նախքան հունվարյան հեղափության սկիզբը: Մեկ տարի անց բողոքի ցույցերը շարունակվում են, բայց Թահրիր հրապարակի կրքերն ու եգիպտական թավշե հեղափոխությունը տեղը զիջել են ավելի սթափ գիտակցման, որ Եգիպտոսը դեռ երկար պետք է պայքարի հին ուժային կառույցներից, արմատավորված կոռուպցիայից և ամենից առաջ, մարդու հիմնարար իրավունքների համատարած ոտնահարումից ձերբազատվելու համար: Մենք հետևում ենք հինգ տարբեր հերոսների` եգիպտական հասարակության խիստ տարբեր տեսանկյուններից. նրանք բոլորն էլ հեղափոխության սկսվելուց ի վեր տուժել են պետական անարդարությունից:

Հ.Գ. «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի Միջազգային մրցույթին ներկայացված ֆիլմերի ցուցադրաման օրերը եւ ժամերը այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter