Ֆապյուս-Հոլլանտ հակասությունը եւ օրինագիծի խաղը
Միջազգային լրատուադաշտը հատուկ լուսարձակներով նախ կեդրոնացավ Ֆրանսայի արտաքին գործոց նախարար Լորան Ֆապյուսի հայտարարության վրա՝ ժխտողականության վերաբերող օրինագիծի հարությունը դժվար տեսանելի նկատելու առումով, ապա նախագահ Հոլլանտի հայտարարության վրա, թե այս ուղղությամբ կմնա իր հանձնառություններուն տերը: Միջանկյալ՝ նույն թափերով կհաղորդվեր, որ Անգարան կջնջեր իր պատժամիջոցները Ֆրանսայի նկատմամբ:
Հայկական կողմը, լրատուական առումով կալեկոծվեր՝ հիասթափության եւ վերայուսադրման ալիքներու տակ: Կարծեք Ֆրանսայի խորհրդարանի, ծերակույտի եւ Սահմանադրական դատարանի իրերայաջորդ որոշումներն ու նախկին նախագահի ոստոստող կեցուածքները որեւէ ուղերձ փոխանցած չըլլային:
Քաղաքական պահու տրամաբանությունը գերակշիռ է հարցերու եւ շարժառիթներու տուն տվող պատճառները իմանալու եւ համապատասխան կեցուածքներով արձագանգելու համար:
Նույնինքն Անգարայի արտաքին գործոց նախարարը պետք է պատժամիջոցները չեղյալ համարելու որոշումի գործադրությունը առկախեր, երբ կիմանար Ֆապյուսի հայտարարության հաջորդած Հոլլանտի հայտարարությունը:
Նախագահ Հոլլանտ միաժամանակ կվերստանձներ իր հանձնառությունը, մյուս կողմե հասկցնելով, որ նոր օրինագիծը շտապ կարգով ներկայացնելու անհրաժեշտության առջեւ չի գտնվիր: Սահմանադրականության ապահովումը անհրաժեշտ է, ինչ որ իր կարգին ժամանակ կենթադրե նոր օրինագիծի պատրաստության համար: Նոր օրինագիծը պետք է անցնի նոր ոդիսականե՝ ըստ ֆրանսական ընթացակարգին: Նախապատրաստություն, խորհրդարան, ծերակույտ եւ ապա Սահմանադրական դատարան: Քաղաքական այս պտույտին եւ անոր կանգառներուն քանի մը անգամ հետեւած է ու մասնակցած հայկական կողմը, որ իրավամբ հարցի արդար լուծման համար կշարունակե պահանջել, հուսալ եւ պայքարիլ:
Չշտապելու նախագահական ուղերձը Անգարայի հետ ժամանակավոր հրադադարի միտող մոտեցում է: Անգարան արագ ընկալած է թե՛ Ֆապյուսի օրինագիծի վերարծարծման հավանականության անտեսանելիության եւ թե՛ Հոլլանտի չշտապելու անուղղակի ուղերձները եւ այս պայմաններուն մեջ ջնջած պատժամիջոցները: Փաստորեն հայտարարողական մակարդակի վրա է ամեն ինչ, առայժմ:
Այս տվյալները կվերահամոզեն, որ հարցի արծարծումը վերստին օրակարգի վերածելու որոշումը հիմնովին կապված է Փարիզ-Անգարա հարաբերություններու կամ Էլիզե-ֆրանսահայ համայնք ընտրական որեւէ հանգրվանի ստեղծված ակնկալության հետ:
Հայկական կողմը Ֆապյուսին դեմ բողոքելե եւ Հոլլանտի հայտարարության նկատմամբ գոհունակություն հայտնելե առաջ նախ պետք է հարց տա, թե այս հարցին ուղղությամբ նախագահ-արտաքին գործոց նախարարություն երեւցած հակասությունը ինչպե՞ս կբացատրե պաշտոնական Փարիզը: Եթե քաղաքականորեն բովանդակազրկենք խնդիրը, Ֆապյուսի ըրածը պարզապես հարցական ստեղծելն է իր նախագահի հանձնառություններուն վրա: Ավելիով կհամոզվինք, որ թե՛ Ֆապյուսի հայտարարությունը եւ թե՛ Հոլլանտի «հերքում»-ը կբխին Փարիզի պետական քաղաքականութենեն: Չմոռնանք, որ «Սուրիո բարեկամներ»-ու ժողովի առիթով էր Տավութողլու-ֆապյուս հանդիպումը եւ «բարեկամներ»-ը շրջանային հարցեր լուծելե առաջ պատժամիջոցային հարաբերությունները պետք է վերականգնեին, թեկուզ հայտարարողական մակարդակի վրա:
Մեկ կետ եւս. ժխտողականության վերաբերող օրենքը Ֆրանսայի ներքին կյանքին կվերաբերի: Այդ օրենքներու սահմանադրականության, տեսանելի կամ անհավանական ըլլալուն մասին ավելի պատշաճ է, որ զբաղին ներքին գործոց կամ արդարադատության նախարարները:
Նախագահ Հոլլանտ երկու դիտողություն ուներ ընելիք իր նախարարին: Նախ, որ զբաղի իր ոլորտին վերաբերող հարցերով միայն եւ երկրորդ, հարցականի տակ չառնե իր հանձնառության տերը մնալու իր կեցուածքը: Բայց այս արդեն ֆրանսական ներպետական խնդիր է. իսկ ակնկալուող դիտողությունները դժվար տեսանելի են:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել