HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Առաջարկվող փոխհատուցումները համարժե՞ք են

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի վերաբերյալ վճիռների կատարման ընթացքը» թեմայով այսօրվա միջազգային համաժողովի ընթացքում Գեւորգ Կոստանյանը, որ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչն է, նշեց, թե ի տարբերություն այլ երկրների, որոնք նույնիսկ 20-25 տարի ՄԻԵԴ-ի վճիռները չենք կատարում, Հայաստանը Եվրադատարանի վճիռների կատարումը երբեք չի ուշացնում:

Նա նկատեց, որ ՄԻԵԴ-ի 26 վճռով Հայաստանին պարտադրվել է իբրեւ փոխհատուցում վճարել 109 հազար եվրո փոխհատուցում՝ ընդհանուր վերցրած: Մինչդեռ այդ 26 գործերով հայցվորների գումարային ընդհանուր պահանջը 5 մլն եվրո էր:

Սակայն «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը նկատեց, որ միայն Գեւորգ Ճղրյանին, ով «Պետական կարիքների» անվան տակ զրկվել էր սեփականությունից եւ դիմել ՄԻԵԴ, Կառավարությունն իբրեւ փոխհատուցում վճարել է 150 հազար ԱՄՆ դոլար: Արդյոք այս գումարը մտնո՞ւմ է հիշյալ 109 հազար եվրոյի մեջ: Հարցին Գեւորգ Կոստանյանը չպատասխանեց:

Իր խոսքում նա նշեց, որ ՄԻԵԴ դիմած հայաստանցիները սովորաբար որպես փոխհատուցում այնպիսի աստղաբաշխական գումարներ են պահանջում,  որ ՀՀ-ն որոշ գործերով Եվրադատարանին խնդրել է անձամբ ներկայացնել հաշտության ողջամիտ առաջարկ՝ առանց հաշվի առնելու դիմողի կարծիքը:

Մինչդեռ փաստաբան Վահե Գրիգորյանը, ով ունեզրկման գործերով 20-ից ավել հայց է ներկայացրել Եվրադատարան, «Հետքի» հետ զրույցում նշել է, որ իրականում Կառավարությունը, որպես հաշտություն, հայցվորներին ստորացուցիչ պայմաններ է առաջարկում, ընդ որում՝ շատ դեպքերում այդ առաջարկություններն աչքին են ընկնում անորոշությամբ: Օրինակ՝ քաղաքացուն բնակարան են առաջարկում նորակառույց շենքում: Բայց թե որտեղ է այն գտնվում, կոնկրետ չի նշվում:

Այս դիտարկման հետ Գեւորգ Կոստանյանը համաձայն չէ: Ավելին, ըստ նրա, Կառավարությունը ցանկացած դեպքում քաղաքացուն փոխհատուցում է առաջարկում ոչ միայն բնակարանի ձեւով, այլեւ այդ բնակարանին համարժեք գումարային տեսքով:

«Եվ քաղաքացին կարող է ընտրություն կատարել՝ բնակարանը վերցնե՞լ, թե՞ ստանալ դրան համարժեք գումարը»,- ասում է Կոստանյանը: «Հետքը» նկատեց, որ որոշ դեպքերում, օրինակ՝ Սեդրակ Բաղդասարյանի պարագայում Կառավարությունն առաջարկել է 140 քմ մակերեսով բնակարան Կենտրոնում, կամ 22 մլն դրամ, ինչը շուկայական գներով ընդհանրապես համարժեք չէ առաջարկվող բնակարանին:

«Շատ լավ, եթե չեն համապատասխանում, որի՞ն է ինքը համաձայն: Մենք իրեն էլ ենք ասել, որ եթե համաձայնվեր, ուրեմն մենք տալու էինք այդ բնակարանը»,- ասաց Գեւորգ Կոստանյանը: Իսկ մինչ այդ համաժողովի շրջանակներում Սեդրակ Բաղդասարյանը վերջինիս հարցրել էր, թե ինչպես էին իրեն տրամադրելու այդ բնակարանը, երբ Կառավարության առաջարկությունից դեռ մեկ տարի առաջ նույն բնակարանն արդեն վաճառվել էր եւ ուներ սեփականատեր:

Կոստանյանի պատասխանը նույնն էր՝ եթե Կառավարությունն առաջերկել էր, ուրեմն տալու էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter