HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու կիլոմետրանոց ճանապարհ՝ արգելոցում լվացվելու համա՞ր (վիդեո)

Մաքուր խմելու ջուրը դուրս է հորդում աղբյուրից հենց ծառերի շվաքի տակ: Աղբյուրի տակ Ազատ գետի կիրճն է: Իսկ աղբյուրից ընդամենը 150-200 մետր հեռավորության վրա Հայաստանի միջնադարյան Հավուց Թառ վանական համալիրն է: Եվ այդ բոլորը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում է, որը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կատեգորիայով ունի պահպանության ամենաբարձր մակարդակը:

Արգելոցի մուտքից դեպի աղբյուր տանում է արահետը: Նրանով կարելի է անցնել  1 կիլոմետր 700 մետր ճանապարհ, այսինքն՝ այն տարածությունը, որը նախատեսված է ճանապարհի կառուցման համար: Ճանապարհը, ինչպես բացատրում է Բնապահպանության նախարարությունը, կառուցվում է հակահրդեհային միջոցառումների իրականացման նպատակով: Ճանապարհի կառուցումը մեծ աղմուկ բարձրացրեց սոցիալական ցանցերում: Քննարկվում է այն վարկածը, որ իրականում օլիգարխներն ու բարձրաստիճան չինովնիկները մտադիր են Խոսրովն իրենցով անել:

Տեղում իրավիճակը պարզելու համար հուլիսի 6-ին Խոսրով մեկնեց խումբ, որի կազմում էին WWF-Armenia-ի տնօրեն Կարեն Մանվելյանը, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) ներկայացուցիչ Արման Վերմիշյանը, իրավաբան Մերի Խաչատրյանը և «ԷկոԼուր»-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Տեղում խմբին միացան արգելոցի աշխատակիցները և Թեղուտի պաշտպանները:

Հին ճանապարհը, որով նախկինում տեղափոխվում էին արգելոցի մեքենաները, ընդլայնվում է: Ծանր տեխնիկան արդեն հասել է այն վայրը, որտեղ հին ճանապարհն ավարտվում է: Ավելի հեռու մեքենայով ճանապարհ չկա: Դեպի աղբյուրը տանող ճանապարհը նեղ արահետ է` ոտքի ճամփա:

Խոսրովի արգելոցի Գառնիի տեղամասի պետ Սարգիս Հովհաննիսյանը բացատրում է. «Այդ բարեկարգված ճանապարհը մեծ նշանակություն ունի՝ մեր աշխատանքների հետ կապված և այդ հրդեհավտանգ շրջանի հետ կապված: Եթե այսօրվա դրությամբ մենք պատկերացնում ենք, որ ճանապարհը տեղում վերջանա` ինչքան որ սարքել են, այդտեղ փակվի, միանշանակ սխալ է: Ես համաձայն չեմ: Ճանապարհը մինչև աղբյուրի մոտ պիտի գնա: Կա դրա պարզ պատճառը. այսօրվա վիճակով աղբյուրը և ճանապարհը մոտավորապես մի 400 մետր հեռու են գտնվում իրարից, հիմա ո՞վ գիտի` հրդեհը որտեղ է սկսելու: Եթե իմանանք, նախօրոք այդ հրդեհը կկասեցնենք: Երկրորդը, իսկ 400 մետր գնալ հետ գալը լինում է 800 մետր: Աղբյուրի մոտ գնում են լվացվելու, աղբյուրից ջուր չեն բերում: Դա՝ մի աշխատանք: Եվ այդ աշխատանքները, որ վերցնում ես, հերթական դնում ես բաց դաշտի վրա քվեարկում ես, միմիայն տեղի աշխատողը կարող է իմանալ դրա առավելությունները, իսկ այսօրվա վիճակով մենք սեղանի շուրջ նստած ոչ մեկս էլ չենք կարող ցույց տալ` որն է ճիշտ, որն է սխալ»:

Բացատրությունը պարզ է:

Այժմ առարկությունները:

Խոսրովի արգելոցը մոտ 30 000 հա տարածք ունի: Եվ ամեն մի հատվածում կարող է հրդեհ բռնկվել: Ինչո՞ւ են որոշել ճանապարհ կառուցել հենց այնտեղ, որտեղ գտնվում է զբոսաշրջիկների այցելության ամենաակտիվ վայրը` Հավուց Թառ վանքը և աղբյուրը: Մի՞թե մոտ 2 կմ հարթեցնում են միայն նրա համար, որ ինչ-որ մեկը հրդեհ մարի, կարողանան լվացվել: Եվ ո՞վ երաշխիք կտա, որ ճանապարհն օգտագործվելու է միայն հրդեհների կամ այլ աղետների դեպքում, մեր կարծիքով` ոչ ոք:

Հիշեցնենք, որ արդեն մեկ ու կես տարի է, Բնապահպանության նախարարությունը չի կարողանում որոշել, թե ինչ անի անավարտ ռեստորանի հետ Բայբուրդ թաղամասում (կամ Գիլան): Արգելոցի կենտրոնում ռեստորանը վեր խոյացավ զբոսաշրջային կենտրոնի անվան տակ, ինչի համար 118 հա տարածք դարձրին արգելավայր, այսինքն` պահպանման ցածր կարգավիճակով հատուկ պահպանվող տարածք: Այժմ տեղամասին վերադարձվել է արգելոցի կարգավիճակը, իսկ կառույցը մնացել է:

Այս ընթացքում շինությունը քիչ-քիչ խալխլվում է: Շինանյութի վրա խոտ է աճել: Չամրացված տանիքը կարող է փլվել: Բոլոր չափանիշներով այդ կառույցը` որպես անօրինական, պետք է քանդվի: Սակայն կառավարությունը հասարակայնության այս առաջարկությունը չընդունեց: Թե ով կդառնա այդ շինության տերը և ավարտին կհասցնի դրա կառուցումը, դեռ պարզ չէ: Այժմ դրան գումարվում է նաև ճանապարհը:

WWF-Armenia-ի տնօրեն Կարեն Մանվելյանն ասում է. «Արգելոցի մեջ օպերատիվ տեղաշարժման համար ամենալավ միջոցը ձին է: Եվ բնապահպանական հիմնադրամները կարող են օգնել արգելոցին այդ հարցում»:

Ինչ վերաբերվում է ճանապարհին, ապա Կարեն Մանվելյանն առաջարկում է դադարեցնել շինարարությունը, ճանապարհ չգցել զբոսաշրջային արահետի վրա, որպեսզի զբոսաշրջիկների կամ պարզապես մաքուր օդի սիրահարների մեջ աղբյուրի մոտ դաշտահանդես անցկացնելու գայթակղություն չառաջանա: Նա նաև կարծում է, որ պետք է ուղեփակոց տեղադրել այդտեղ:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ


Մեկնաբանություններ (1)

kevorkyan
Why not? The country needs roads.. You live in the city fat and happy, and complain about building roads. The villagers need road to make a living as well..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter