«Dasaran.am» կրթական ծրագրի «Ավտոդպրոց» նախագիծ. սովորիր երթևեկության կանոններն առցանց
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ «Dasaran.am» կրթական ծրագրի նախաձեռնած, կրթության և գիտության նախարարության ու ոստիկանության աջակցությամբ իրականացվող «Ավտոդպրոց» ծրագրի շնորհանդեսը:
Հաշվի առնելով այն, որ այսօրվա դպրոցականները Հայաստանի ապագա վարորդներն են, իսկ երթևեկության կանոններին տիրապետելն անվտանգ երթևեկության առաջին նախապայմանն է, «Ավտոդպրոցը» նպատակ ունի բարձրացնել դպրոցականների, ինչպես նաև նրանց ծնողների և ՀՀ վարորդների՝ երթևեկության կանոնների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը: Այն հասանելի է ոչ միայն «Dasaran.am»-ում գրանցված բաժանորդներին, այլև յուրաքանչյուր քաղաքացու, ով ցանկանում է առցանց սովորել երթևեկության կանոնները:
«Ավտոդպրոցի» շնորհիվ ներկայիս և ապագա բազմաթիվ վարորդներ կտիրապետեն ճանապարհային երթևեկության կանոններին, և յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա վարորդական իրավունքի տեսական քննությունից առաջ առցանց վերապատրաստվել:
«Աշակերտների շրջանում երթևեկության կանոնների իմացությունը խրախուսելու նպատակով «Dasaran.am» կրթական ծրագիրը նախատեսում է նաև անցկացնել բազմաթիվ մրցույթներ»,- ներկայացնելով ծրագիրը՝ ասաց «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը:
Ծրագրի իրականացմանը օժանդակել է նաև «Dasaran.am»-ի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել