HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում վերանորոգվել ու խաղահրապարակներով է համալրվել մի քանի բակ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ մայրաքաղաքի 2012 թ. զարգացման ծրագրերով կատարվող աշխատանքների ընթացքին տեղում հետևելու և կատարածը գնահատելու նպատակով: Նա բնակիչների հետ միասին նախ մասնակցել է Ռուբինյանց 2, 2/1, 2/2 շենքերի միջնամասի նորակառույց բակի հանդիսավոր բացմանը: Խաղային ատրակցիոններով ու մարզասարքերով կահավորված, կանաչապատ ու բարեկարգ բակը, բնակիչների հավաստմամբ, իսկապես մեծ ու սպասված նվեր էր:

Տարոն Մարգարյանը մասնակցել է նաև Լեփսիուսի 6 հացեի նորակառույց բակի բացմանը: Տարածքի հնաբնակների հավաստմամբ՝ ավելի քան կես դար իրենց բակը մատնված է եղել անուշադրության, և մեքենաների անընդհատ երթևեկի պայմաններում երեխաների համար խաղահրապարակը միայն երազանք է թվացել, որն այժմ դարձել է իրականություն: Նախկին բոստանային տարածքն առանձնացվել է եզրաքարերով և գունագեղ ցանկապատով:  Կառուցումից հետո բակում ստեղծվել է հանգստի մի քանի գոտի, ինչպես փոքրերի, այնպես էլ մեծերի համար: Տեղադրվել են նստարաններ, խաղային ատրակցիոններ ու զրուցարան:

Ուլնեցի 2-րդ փակուղու 1, 2-րդ շենքերի բակում կառուցված նոր խաղահրապարակը քաղաքապետի այցի պահին լեփ-լեցուն էր աշխույժ փոքրիկներով ու ոգևորված բնակիչներով: Բակի բարեկարգումից զատ՝ այստեղ նկարազարդվել ու գունազարդվել էին նաև հարակից շենքերի և ավտոտնակների պատերը:

«Վարչական բոլոր շրջաններում այսօր, սահմանված ժամանակացույցի համաձայն, շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները: Ինչ խոսք, մայրաքաղաքի բոլոր բակերը մեկ կամ երկու տարում բարեկարգելը հնարավոր չէ, բայց որ մենք սկսել ենք լայն թափով իրականացնել այս աշխատանքները, տեսանելի է բոլորին: Վստահեցնում եմ, որ այս ծրագիրը լինելու է շարունակական և մի քանի տարի անց մայրաքաղաքում այլևս չի մնա չբարեկարգված բակ կամ խաղահրապարակ: Մեզ համար առաջնահերթը երևանցիների համար հարմարավետ միջավայր ստեղծելն է, ու մենք հասնելու ենք այդ նպատակին` նպատակային աշխատանք տանելով մայրաքաղաքի համաչափ զարգացման ուղղությամբ»,-ասել է Տարոն Մարգարյանը:

Վարչական շրջանի պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել նաև փակուղու հարակից շենքերը կապող վերանորգված աստիճանահարթակը, որի շինարարական աշխատանքների ընթացքին Տարոն Մարգարյանը հետևել էր դեռ ապրիլին այս վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում:

Այնուհետև քաղաքապետը այցելել է թիվ 151 մանկապարտեզ, որտեղ քաղաքային ծրագրերի շրջանակում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Շրջելով հարակաբաժիններով և հետևելով աշխատանքների ընթացքին` Տարոն Մարգարյանը հանձնարարել է վերանորոգմանը զուգահեռ սկսել մանկապարտեզի բակային հատվածի բարեկարգման աշխատանքները: Քաղաքապետն առաջարկել է նաև նկարազարդել տարածքի սահմանակից պատերն ու երեխաների համար ապահովել բակի մանկական հետաքրքիր ձևավորում:

Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանն այցելել ու հետևել է նաև Դավիթ Անհաղթի 21 հասցեում գտնվող Մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներին: Շենքում առանձնացված են արվեստի խմբակների դասասենյակներ, որոնք նորոգման աշխատանքներից հետո կկահավորվեն համապատասխան գույքով: Ամբողջությամբ վերազինվելու են նաև դահլիճն ու բեմը:

Քաղաքապետն այցելել է նաև մայրաքաղաքի այս տարվա ճանապարհաշինական խոշոր ծրագրերից մեկի` Ուլնեցու փողոցից դեպի Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ նոր շրջանցիկ ավոտճանապարհի շինհրապարակ և տեղում հետևել աշխատանքների ընթացքին: Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել այնպես, որ ճանապարհի առաջին փուլով նախատեսված աշխատանքներն ավարտվեն սահամանված ժամանակացույցի համաձայն, միևնույն ժամանակ նախապատրաստական աշխատանքներ կատարելով ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի համար: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter