HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ըստ քաղաքագետի` Հայաստանը դեռևս առավելագույնը չի կորցրել արձանագրությունների հետևանքով

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի կանխատեսմամբ' առաջին մեկ տարվա ընթացքում Հայաստան-Թուրքիա արձանագրությունները չեն վավերացվի: «Դրանից հետո արդեն կյանքը ցույց կտա»,- «Հետքին» ասաց նա:

Արա Պապյանն անհրաժեշտ է համարում, որ նախագահը արձանագրություններից հնարավորինս արագ հետ կանչի Հայաստանի ստորագրությունը, քանի որ Հայաստանը վնաս է կրում, քանի դեռ արձանագրություններում իր ստորագրությունը կա: Մինչդեռ բանակցությունների հիմնական նպատակներից մեկը պետք է լինի այն, որ տվյալ կողմն իր հակառակորդին լծակներ չտա' իր վրա ճնշում գործադրելու:

Արձանագրությունները ցանկացած թուրք դեսպանի հնարավորություն են տալիս ցանկացած երկրի ասել. «Մենք արձանագրություններ ունենք ստորագրած, և հիմա գործընթաց է ընթանում, ուզում ենք հաշտվել և խաղաղ ապրել, իսկ դուք մեզ և Հայաստանին իրար դեմ եք տրամադրում: Մեզ մի խանգարեք»:

«Թուրքիան հասավ նրան, որ հայ-թուրքական հարաբերությունները միջազգային հարցից նեղացրեց, դարձրեց երկկողմ հարաբերությունների հարց, իսկ երկկողմ հարաբերությունների հարցում ինքը հաղթող է հաստատ»,- ասաց Արա Պապյանը:

Այնուամենայնիվ, նա համարում է, որ Հայաստանը դեռևս առավելագույնը չի կորցրել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների հետևանքով. առավելագույնը կկորցնի, երբ արձանագրությունները վավերացվեն:

Արա Պապյանը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե արդյոք այս ձախողման համար պե՞տք է պատիժ կրեն այն գործիչները, ովքեր ասում են, որ իրենք նախաձեռնեցին Հայաստան-Թուրքիա վերջին գործընթացը, և ովքեր բանակցեցին Թուրքիայի հետ:

«Եթե դու ինչ-որ մի բան անում ես, կարող ես և սխալվել: Լուրջ վերլուծություն է պետք հասկանալու համար' սխալները օբյեկտի՞վ են, թե՞ քո մեղքով են»,- ասաց քաղաքագետը:

Նրա դիտարկմամբ' այսօր Հայաստան-Թուրքիա գաղտնի բանակցություններ չեն ընթանում, և առհասարակ աշխարհում դժվար է ինչ-որ բան գաղտնի պահել: «Եթե երեք մարդ գիտի մի բանի մասին, ուրեմն մյուսներն էլ գիտեն»,- ասաց Արա Պապյանը:

Նա նշեց, որ Հայաստան-Թուրքիան արձանագրություններին նախորդած բանակցությունները ոչ թե գաղտնի էին, այլ փակ, և այդ բանակցությունների մասին շատերը գիտեին:

«Որևէ մեկը չգիտեր, որ արձանագրությունները այդ ձևով և այդպես ի հայտ կգան, բայց բանակցությունները միշտ են ընթացել. 90-ականների սկզբից են ընթացել»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter