Հինգշաբթի, 24 հուլիսի

Գորկու մասին առանց Գորկու

Մերի Մամյան


21:47, 11 հուլիսի, 2012

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի երևանյան պրեմիերաների շարքում ներկայացված է Կոզիմա Սփենդերի «Առանց Գորկու» ֆիլմը (2011 թ., 80 րոպե): Ամերիկահայ նկարչի թոռնուհին` Կ. Սփենդերը,  իր ֆիլմում ներկայացնում է կանանց երեք սերունդների` տատի, մոր և իր պատմությունը, որի վրա մեծապես ազդել է Արշիլ Գորկին:

Վերջինս միաժամանակ, ֆիլմի գլխավոր «դերակատարն է», և իրադարձությունները զարգանում են նրա շուրջ: Բայց քանի որ նա ֆիզիկապես կենդանի չէ, թոռնուհին ֆիլմը անվանել է «Առանց Գորկու»: Մյուս կողմից` նա շարունակում է կենդանի մնալ Կոզիմա Սփենդերի ընտանիքում. Ա. Գորկին դեռ իշխում է այնտեղ:

Դեռ վաղ մանկությունից Կոզիման լսել է իր ընտանիքի պատմությունը, նայել, ուսումնասիրել նկարչի թողած արխիվները և փորձել հասկանալ, թե ով էր իրականում Ա. Գորկին: Ռեժիսորի համար սա պարզապես կենսագարական ֆիլմ չէ, այլ միջոց` հասկանալու, թե ինչն է ներշնչել կամ հիասթափեցրել նրան, դրական կամ բացասական ինչ ազդեցություններ է կրել, և բացի այդ` ինչ էր կատարվում Ա. Գորկու հետ նրա կյանքի այն վերջին 7 տարիների ընթացքում, որոնք նա անց է կացրել իր տատի հետ:  

Երբ նրանք հանդիպում են, աղջիկը 18 տարեկան է լինում, Արշիլ Գորկին` մոտ 40: 1941 թ.-ին Արշիլ Գորկին և Ագնես Մակգրոդերն ամուսնանում են: Կոզիմայի խոսքերով` Ա. Գորկին իր երիտասարդ կնոջ շնորհիվ գտնում է «տուն` մի հասկացություն, որ վաղ մանկությունից կորցրել էր»: Նրանք սիրահարված էին, խիստ տարված միմյանցով և գտնում են իրենց երջանկությունը: Սակայն երկու աղջիկների ծնունդից հետո շատ բան է փոխվում. նրանք ապրում էին շատ աղքատ, իսկ իրավիճակը գնալով դժվարանում էր:

Դժվար և ծանր էր հատկապես 1947 թ.-ը, երբ այրվում է Գորկու արվեստանոցը, որտեղ ոչնչանում է  մոտ 40 նկար, այնուհետև նրա մոտ հայտնաբերվում է քաղցկեղ, և անգամ  վիրահատությունից հետո իրավիճակը չի բարելավվում: Ծանր կյանք ապրած և դժվարությունների միջով անցնող նկարիչը սովորություն չուներ կիսվել կնոջ հետ, նրան պատմել իր մանկության, Ցեղասպանության, իր ապրումների մասին:

«Նա մեկուսանում էր և փորձում էր ստերից ստեղծված պատնեշ կառուցել, որով պաշտպանվում էր: Բայց հիվանդության պատճառով այդ պատը սկսվեց քանդվել, որն ավելի վատթարացրեց վիճակը», - պատմում է թոռնուհին:

Հետաքրքրական է, որ հենց այդ ժամանակ նրա մոտ հրաշալի կտավներ են ստեղծվում: Բայց հեշտ չի եղել նաև նկարչի կնոջ վիճակը, ով դեռ շատ երիտասարդ էր ու անփորձ և չէր կարողանում պատկերացնել այդ մռայլ իրողությունները, այն ամենը, ինչի միջով անցել էր ամուսինը: Ի վերջո, նա չի դիմանում այդ ամենին և հեռանում է ամուսնուց: Դրանից կարճ ժամանակ անց արդեն Գորկին ինքնասպանություն է գործում:

Գորկու ինքնասպանությունը մեծապես ազդում է իր երեխաների վրա, որոնց համար դժվար էր ընդունել այդ փաստը, որը և փոխեց նրանց կյանքը: Նրանք կորցնում են հորը, սակայն նրա մահից հետո մեծանում է վերջինիս համբավը, և նա կարծես թե սկսում է վերակենդանանալ: Պատահական չէ, որ Կոզինան երկար ժամանակ չէր հասկանում իր մոր մեջ կուտակված զայրությի պատճառը: Գորկու կյանքը բարդ և խճճված է եղել, սակայն թոռնուհին վստահ է, որ նա երբեք չի ցանկացել որևէ մեկին ցավ պատճառել:

Կոզիման ունի այլ ֆիլմեր ևս, սակայն սա առաջի ֆիլմն է, որ այսքան շատ անձնավորված է: Նրա խոսքով` այն հնարավորություն տվեց ֆիլմի հերոսներին առաջին անգամ տեղի ունեցածի մասին բացահայտ խոսել, հասկանալ իրար` առանց որևէ մեկին մատնացույց անելու:

Կ. Սփենդերը այս բրիտանական արտադրության ֆիլմի միաժամանակ ռեժիսորը, համապրոդյուսերը և սցենարի համահեղինակն է, իսկ ֆիլմում նկարահանվել են Ագնես Գորկին, Մարո Գորկին, Նատաշա Գորկին և Մեթյու Սփենդերը:

Ֆիլմի հերոսների համար հատկապես կարևոր էր այցը Խորգոմ գյուղ` Գորկու ծննդավայր: Կոզիման հոգևոր տեսանկյունից դա համեմատում է մոխիր ցրելու հետ: Նրանք բոլորը եղել են շատ տպավորված և միանգամից հարազատություն են զգացել այնտեղ: Թոռնուհին համոզված է, որ հենց այդ ծննդավայրն է մեծապես ազդել Գորկու ստեղծագործական առաքելության վրա:


Գլխավոր էջ

Տես նաև՝



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2014 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»