Հինգշաբթի, 31 հուլիսի

«Հարսնաքարի» գործով կալանավորվածները «Դավիթ Դ.Վ.Ս.» ընկերության աշխատակիցներ են

Էդիկ Բաղդասարյան


14:02, 12 հուլիսի, 2012

Ինչո՞ւ են իրավապահներն աղավաղում իրականությունը 

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվան հետ կապված բոլոր պաշտոնական հաղորդագրություններում անընդհատ նույն սխալ տեղեկությունն է տարածվում: 

Երկու օր առաջ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով վարչության պետ Արսեն Այվազյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել են «Հարսնաքարի» յոթ աշխատակիցներ` Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Նորայր Հայրապետյանը (ռեստորանի անվտանգության աշխատակիցներ), Արթուր Բաբլոյանը (վարորդ-առաքիչ), Դավիթ Ադամյանը (մատուցող) եւ Դավիթ Հայրիյանը (մենեջեր):

Պետական ռեգիստրում «Հարսնաքար» ռեստորանային համալիր անվանմամբ ընկերություն գրանցված չէ: Հետեւաբար, վարչության պետի ասածն ապատեղեկատվություն է: Մյուս տեղեկությունը, որ նույնպես օգտագործում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, «Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրն է»:  Երեկ «Հետքը» ոստիկանությանը խնդրել է պարզաբանել, թե իրականում ո՞ր ընկերության աշխատակիցներն են ձերբակալվել:

ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Ի պատասխան Ձեր թիվ հ45-հ1 գրության` հայտնում ենք, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրը պատկանում է «Դավիթ Դ.Վ.Ս.» ՍՊ ընկերությանը, իսկ Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Նորայր Հայրապետյանը, Արթուր Բաբլոյանը, Դավիթ Ադամյանը և Դավիթ Հայրիյանը աշխատանքային պայմանագրեր են կնքել «Դավիթ Դ.Վ.Ս.» ՍՊ ընկերության հետ՝ ի դեմս տնօրեն Հ. Ա. Զոհրաբյանի, և աշխատանքային պայմանագրերի հիման վրա նրանք աշխատանքի են անցել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում»:

Առայժմ չենք պարզել, թե որպես ինչ են այս մարդիկ ձեւակերպված այդ ընկերությունում, հստակ ինչ աշխատանք են կատարում: «Դավիթ Դ.Վ.Ս.» ՍՊ ընկերությունն ունի 25 աշխատող, համենայնդեպս, պաշտոնապես այս թիվն է նշված: Բայց այն այնքան էլ արժանահավատ չէ. «Հարսնաքարի» աշխատակիցներից մեկը «Հետքին» ասաց, որ իրենց մոտ միայն այդքան մատուցող է աշխատում:

Հիմա անցնենք երկրորդ մասին, որը նույնպես պարզաբանման կարիք եւ էական նշանակություն ունի: Ըստ պետռեգիստրի՝ «Դավիթ Դ.Վ.Ս.» ՍՊԸ-ի միակ սեփականատերը ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն է:

Լուս.՝ Գագիկ Շամշյանի  


Գլխավոր էջ

Տես նաև՝



Մեկնաբանություններ (2)
1. Marina11:35 - 13 հուլիսի, 2012
հենց հիմա նայում էի այս վիդեոն յութուբում ու մտածում "ուս ուսի տված առյուծի նման" այս հայ " քաջերին" ինչ որ չտեսանք "հարսնաքարի" մոտ հայ սպայի պատիվը պահանջելիս, թե նեմեցի անունը լսելիս առյուծները շակալներ դարձան, ձայները հետևները մտցրեցին ու իրենց տանից դուրս չեկան վախկոտների նման, ովքեր են տեսել, այս տղաներից որևէ մեկը կա՞ր հարսնաքարի մոտ... http://www.youtube.com/watch?v=3ExGELCGixE&feature=related
2. Համլետ14:00 - 14 հուլիսի, 2012
Այն փաստը,որ Հայաստանը վերածվել է մարդու եզակերպ տարատեսակի բուծման ինկուբատորի,արդեն կասկած չի հարուցում... Ուշադիր նայեք հայաստանյան օլիգարխների դեմքերի՝ զզվանք առաջացնող անասնական արտահայտություններին...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ
 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2014 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»