HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Ժաննա Դ’Արկը «Ոսկե ծիրանում». Միքայել Վաթինյանի ֆիլմը

Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները» ֆիլմը հանդիսատեսներից շատերի կողմից ոչ միանշանակ է ընդունվել և տարակուսանքների տեղիք է տվել: «Ժաննան և ձայները»  ընդգրկված է «Հայկական համայնապատկեր» ծրագրի լիամետրաժ ֆիլմաշարում, որտեղ այս տարի ներկայացված է 6 ֆիլմ: Ֆիլմի ցուցադրության ժամանակ դահլիճը լեփ-լեցուն էր:

Ֆիլմը սկսվում է փոքրիկ աղջնակ դպրոցականի արտասանական փորձերով, որտեղ նա և իր ընկերները բեմադրում են Օռլեանի կույսին դրվագված մի ներկայացում: Այս տեսարանը ուրվագծվում է ֆիլմի սյուժեում և ժամանակ առ ժամանակ դպրոցական բեմադրությունից պատառիկներ են ցուցադրվում:

Միևնույն ժամանակ ֆիլմում Ժաննա անունով մի կին ճանապարհորդում է  Հայաստանով. մեկ նա դատարկ գործարաններում է, մեկ՝ վայրի դաշտերում, քամով պարուրված սարի գագաթներին և այլն: Սցենարում որևէ կերպ չի երևում, թե որն է այս կնոջ դեգերումների նպատակը. նա, հավանաբար, ուղղորդվում է ներքին մղումներով և լսում ձայների: Ժաննային մարմնավորում է ֆիլմի պրոդյուսեր Արմինե Անդան:

Մեկ այլ սյուժետային գծում տառապող տղամարդու պատկեր է, որը պառկած տեղից սողում է: Նա ամբողջովին հողակոլոլ է, չի կարողանում կանգնել, մերթ ընդ մերթ նայում է կեղտակորույս ձեղնահարկի լուսամուտից, որտեղից ինչ-որ ձայներ են լսվում և երբեմն մանրակրկիտ լվացվում է կեղտոտ դույլի ջրով: Տղամարդուն մարմնավորում է ռեժիսոր Միքայել Վաթինյանը: Այս կերպարի զարգացում նույնպես տեղի չի ունենում:

Ֆիլմը կառուցված է ուժեղ պատկերային և ազդու տեսարաններով, սակայն այնտեղ որևէ հստակ պատմություն չկա. ամեն ինչ թողնված է դիտողի հայեցողությանը և մեկնաբանությունների լայն դաշտ կա: Որակական այսպիսի տարբերությամբ ֆիլմեր շատ վաղուց են նկարահանվում և դրանք համարվում են փառատոնային կինո, որը հեռու է ժամանցային և լայն սպառման կինո համարվելուց:

Ազգային պատկերասրահի ֆիլմերի ծրագրի ղեկավար Մելիք Կարապետյանը «Ակումբ» սրճարանում կազմակերպում է «Ոսկե ծիրանի» ֆիլմերի քննարկումներ, որոնց ընթացքում քննարկվեց նաև «Ժաննան և ձայները»:

Կարծիք հնչեց, որ այն ֆիլմ չէ և հանդիսատեսը, որը ժամանակ և գումար էր ծախսել ֆիլմը դիտելու համար, ոչինչ չտարավ իր հետ:

Հակադարձ կարծիքի էր ճարտարապետ Միսաք Խոստիկյանը, ով ասաց, թե  ոչ մի հեղինակ ոչ մի հանդիսատեսի պարտավոր չի: «Եթե ես եկել, ժամանակ ու գումար եմ ծախսել և ուզում եմ մի բան պոկել, դա իմ պրոբլեմն է,- ասաց նա,- ես էնտեղ որոշակի էսթետիկա տեսա, գուցե մի քիչ ավելին, քան ես կուզեի»:

Կինոգետ Ռաֆֆի Մովսիսյանն ասաց, որ Վաթինյանի ֆիլմը հայկական կինոյի միանման պատմության մեջ փոխում է հարցադրումը այն իմաստով, որ կարևորում է ոչ թե այն, թե ինչի մասին է կինոն, այլ՝ ինչպեսը:

«Այն կոտրում է ավանդական մոտեցումը, որ կինո նկարելուց առաջ պետք է մեկ նախադասությամբ ձևակերպել կոնցեպտը, թե ինչի մասին է այն: Այս կինոն գրականություն է,- ասաց նա,- թե ինչ կլինի հետո. կտապալվի, ինչպես դա եղավ Աղասի Այվազյանի հետ, թե կշարունակվի, այլ հարց է, սակայն ողջունելի է այս մոտեցումը»:

Ֆիլմի պրոդյուսեր Արմինե Անդան հարց բարձրացրեց, թե ինչու է անընդհատ հասկանալու խնդիր դրվում, երբ հարցը վերաբերում է արվեստին:

«Ինչու իրականության և կինոյի դեպքում մենք անպայման ուզում ենք հասկանալ, թե այս պատմությունն ինչի մասին էր,- ասաց նա,- արվեստի բոլոր ձևերն էլ իրավունք ունեն արտահայտելու և շփվելու հանդիսատեսի հետ ոչ գիտակցական միջոցներով, այսինքն ենթագիտակցական մակարդակում»:

«Ժաննան և ձայները» 67 րոպեանոց ֆիլմը 2007 թ. «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանների» կինոֆորումի մասնակիցներից է և արտադրվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի, «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնի հիմնադրամի աջակցությամբ: Այն Միքայել Վաթինյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է, որը որպես նախագիծ ստացել է Գյոթեբորգի և Պուսանի ՄԿՓ-ների մրցանակը Ասիական նախագծերի շուկայում: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Պուսանի ՄԿՓ-ի մրցույթում:

Մեկնաբանություններ (1)

Stop
Պատկերացնում եք 67 րոպե բռնաբարել են մարդկանց ուղեղները, հետո էլ ասում են արվեստ, ինչու հասկանալ, հետո սրանք էլ մի օր կգնան ու սերիալ կնկարեն...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter