Երկուշաբթի, 21 ապրիլի

Բազմազավակ ընտանիքը՝ գոյատեւման պայքարում

Լարիսա Փարեմուզյան


13:03, 13 հուլիսի, 2012

«Ես էլ միլիցիայից վախենում եմ. տարա միակ կովս ծախեցի ու Անուշի փողը տվեցի»,- պատմում է Արտաշեսը:

Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ Արտաշես Բոշյանը 5 անչափահաս երեխա ունի: Արտաշեսն ու կինը` Աիդան, չեն աշխատում: Հարազատները պատմեցին, որ Արտաշեսը հոր հետ ավտովթարի է ենթարկվել, ինչից հայրը մահացել է, իսկ որդին կորցրել է առողջությունը:

Արտաշեսի 8 անձից բաղկացած ընտանիքը գոյատևում է 50 հազար դրամ նպաստով և մոր՝ ծերության 23 հազար դրամ կենսաթոշակով: Նրա երեխաներից 5 տարեկան Գոռը դեռ չի խոսում: Սուղ ֆինանսական միջոցների պատճառով ծնողները Գոռին չեն կարողացել բժշկի տանել:

Մեծը` Էրիկը, 9 տարեկան է: Սովորում է Շնողի դպրոցի 3-րդ դասարանում: Փոքրերը` 11 ամսական Արուսիկն ու Մարուսիկը, զույգ են: Ալեքսն էլ 2 տարեկան է: Երեխաներից առաջին 3-ը մոր` Վարդանյան ազգանունով են, իսկ 2011թ. ծնված երկվորյակները կրում են հոր` Արտաշես Բոշյանի ազգանունը: Երեխաներից 3-ի՝ իր ազգանունը կրելու վերաբերյալ Աիդա Վարդանյանն ասաց. «Մենք զագսավորված չենք: Մեզ ասել են՝ եթե ԶԱԳՍ ընկնեք, կարող է նպաստից ընկնեք»:

Լոռու մարզի սոցիալական ծառայության Թումանյանի տարածքային գործակալության պետ Արմեն Գևորգյանը «Հետքին» հայտնեց, որ սոցիալական ծառայության Թումանյանի գործակալության որևէ աշխատակից չէր կարող նման բան ասել Արտաշես Բոշյանին կամ նրա կնոջը. «Արտաշես Բոշյանի ընտանիքը 8 անձով հաշվառված է անապահովության գնահատման համակարգում: Ընտանիքը ունի 39,43 անապահովության միավոր և 2008թ.-ից ստանում է 53 հազար 500 դրամ ընտանեկան նպաստ»:

Բազմանդամ ընտանիքը բնական գազով ապահովված չէ, այն դեպքում, երբ գազի խողովակներն անցնում են Արտաշեսի տան մոտով: Տունը թեև մեծ է, բայց կիսաքանդ է: Սենյակների պատերը հարդարված չեն:

«Մչա մեռնիմ ոչ` էս տունը մին չոտկի սարքեմ: Էդ ա իմ նպատակը»,- ասում է Արտաշեսը:

Էրիկը դժգոհում է, որ կոշիկ չունի. «Որ կոշիկ եմ ունենում, դասի եմ գնում, չեմ ունենում` չեմ գնում: Երկու ամիս դասի չեմ գնացել կոշիկի պատճառով»:

«Պատռած կոշիկ ուներ, ես էլ ըմանչէի, որ իմ երեխեն պատռած կոշիկով դասի գնա»,- խեղճացած ավելացրեց հայրը: Մարուս տատն էլ ասաց, որ եկող ամիս իր թոշակից Էրիկի համար կոշիկ է գնելու:

Էրիկը կալոշ ունի եւ ձմեռային հին, մաշված կոշիկներ: Մեր խոսակցությանը զուգընթաց նա հերթով հագավ իր մաշված կալոշներն ու կոշիկները:

Կոշիկ չունեն նաև 2 տարեկան Ալեքսն ու Գոռը: Սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներից մանկապարտեզ հաճախելու տարիքի է միայն Գոռը: Բայց մայրն ասաց, որ գյուղի մանկապարտեզում երեխան ընդգրկված չէ չխոսելու պատճառով:

Աիդան պատմեց, որ գյուղապետ Հայկազ Քոչինյանը Նոր տարվա համար 1 տուփ կոնֆետ, մեկ սուրճ եւ 10 տուփ ծխախոտ է տվել: Անցած տարիներին գյուղապետարանից այլ օգնություն անապահով բազմանդամ ընտանիքը չի ստացելլ:

Արտաշեսն ու կինը անցյալ տարի գյուղացիների 45 կովը արոտի են տարել: Մի օր Արտաշեսը նկատել է, որ իր ազգական Անուշ Բոշյանի մոզին հիվանդ է: «Ես անասունիցը բան հսկացող տղա եմ: Իրան ասի` Անուշ, մոզիդ հիվանդ ա, արի տար: Անուշն ասավ՝ հիվանդ չի»,- հիշում է Արտաշեսը: Երկու օրից Անուշի մոզին Արտաշեսը գտել է Շնողի Շեկ սարի գագաթին՝ ծառի տակ սատկած: Արդյունքում Անուշն ասել է. «Կամ մոզիս բեր, կամ 110 հազար դրամ տուր»: Անուշը դիմել է նաև ոստիկանություն:

«Միլիցիան էլ ասաց` Բոշյան Արտաշես, մոզու փողը տալի՞ս ես, թե՞ ոչ»,- պատմում է Արտաշեսը: Մարուս տատը Անուշի պահանջի մասին հայտնել է գյուղապետ Հայկազ Քոչինյանին և օգնություն խնդրել: «Հանգիստ գնա, տենց բան ո՞նց կարա լինի»,- հանգստացրել է գյուղապետը:

«Ես էլ միլիցիայից վախենում եմ. տարա միակ կովս ծախեցի ու Անուշի փողը տվեցի»,- շարունակում է Արտաշեսը: Մարուս տատն անմիջապես գյուղապետին տեղյակ է պահել, որ «Անուշն իրենց միակ կովը ծախել տվեց և փողը տարավ»:

«Հա, դե, տենց էլ պտի ըլեր»,- եզրափակել է գյուղապետ Քոչինյանը:

Արուսիկի ու Մարուսիկի ծնվելուց հետո Արտաշեսը պետությունից 1 մլն 126 հազար դրամ է ստացել եւ 300 հազար դրամով նոր կով գնել:

Շնողի անապահով բազմազավակ ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար որոշակի գումար է առանձնացվել համայնքի բյուջեում: 2010թ. համայնքի բյուջեի 317 մլն դրամ եկամտից գյուղապետ Հայկազ Քոչինյանը ծախսային մասում «Սոցիալական հատուկ արտոնություններ» տողով նախատեսել է 750 հազար դրամ: 2011թ. Շնողի բյուջեի 89 մլն դրամ եկամուտներից նույն տողով նախատեսել է 1,4 մլն դրամ: Այս գումարը գյուղապետը նախատեսել է ծախսել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հանգստի համար: Իսկ այս տարի նախատեսվել է 1 մլն 50 հազար դրամ:

Արտաշես Բոշյանի կինը՝ Աիդան, ասում է, որ մի քանի անգամ դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել են Հայկազ Քոչինյանին, սակայն որևէ աջակցություն չեն ստացել: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (4)
1. vd15:18 - 13 հուլիսի, 2012
stex es xexch erexeq@ koshik chunen hagnelu en hastavizner@ iranc villanern en avelacnum....ba et inch tesak gyuxapet@ sra nmanin cbxes ches hanstana ....poxanak mi banov paderjka ani sra xosacac@ nayi
2. hay_mard16:56 - 13 հուլիսի, 2012
khndum em tramadrel heraxosi hamar
3. Ռուզաննա Ստեփանյան17:50 - 13 հուլիսի, 2012
IRD միջազգային կազմակերպության հայկական մասնաճյուղը, որ իրականացնում է ԱՄՆ պետդեպարտամենտի մարդասիրական աջակցության ծրագիր, հագուստ, կոշիկներ և այլ օգնություն օգնություն կուղարկի այս ընտանիքին: Ցավոք, մենք չենք կարող բավարարել ողջ երկրի անապահով բնակչության կարիքները: Եվ շատ ամոթ ու ցավալի է, որ 21րդ դարի Հայաստանում մանուկներն ապրում են նման պայմաններում...
4. Քնար00:10 - 14 հուլիսի, 2012
Ականջալուր տվեք Հերմինե Նաղդալյանին, Հովիկ Աբրահամյանի և պարոն վարչապետի տիկնանց, Մկրտւմյանի դստերը և նրանց նման հարուստ տիկնանց...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ
 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2014 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»