HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Խուլիգանությունն այլեւս հանցանք չէ՞

Այս տարվա փետրվարի 12-ին՝ Հրազդանի քաղաքապետի ընտրության օրը, «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տարածել էր հաղորդագրություն եւ տեսանյութ, որը, ինչպես մինչ այդ նախաձեռնության տարածած բազմաթիվ հաղորդագրություններ, համապատասխան հղմամբ տեղ գտավ նաեւ hetq.am կայքէջում:

«Հարձակում լրագրողի վրա (տեսագրությունը պարունակում է հայհոյանքներ)» վերնագիրը կրող հաղորդագրությունում «Չենք լռելու»-ն պատմում էր. «Ըստ ականատեսների՝ Հրազդանի համատիրություններից մեկն իր գրասենյակից ամբողջ օրվա ընթացքում ընտրակաշառք էր բաժանում 5000 դրամի չափով: Նկատելով լրագրողներին` ընտրակեղծարարները հարձակվել են նրա վրա: Համատիրության վրա փակցված է ՀՀԿ-ի լոգոտիպը կրող դրոշ»: 

Ոստիկանության լրատվության վարչությունը «Հետքի» խնդրանքով ներկայացրել է դեպքերի զարգացման հետագա ընթացքը: Ըստ այդմ՝ փետրվարի 28-ին Կոտայքի մարզի քննչական բաժինը ոստիկանության Հրազդանի բաժնից նյութեր է ստացել այն մասին, որ «Աղավնաձոր գյուղի բնակիչ Աշոտ Դանիելյանը 2012թ. փետրվարի 12-ին իր ընկերներ Աշոտ Հարությունյանի եւ Իշխան Մուրադյանի հետ, գտնվելով վերջինիս վարձակալած՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 68 շենքի 4-րդ բնակարանում, ժամը 17:00-ի սահմաններում հացկերույթի ժամանակ նկատել է, որ ինչ-որ մեկը տեսախցիկով նկարահանում է իրենց: Ա. Դանիելյանը դուրս գալով պատշգամբ՝ փորձել է պարզել նկարահանողի ով լինելը, սակայն վերջինս չի ներկայացել, ինչից էլ զայրացած Ա. Դանիելյանն իրենց նկարահանող անձի հասցեին 3-4 րոպե տվել է սեռական բնույթի հայհոյանքներ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ դրսեւորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ»:

Տեսանյութը հստակ ֆիքսել է, որ նկարահանողի ուղղությամբ տարբեր բաներ նետող Աշոտ Դանիելյանից բացի՝ այլ անձինք եւս հայհոյում են, հետեւաբար, գուցե եւ ավելի քիչ տեւողությամբ, վերջիններս եւս կոպիտ կերպով խախտում են հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորում հասարակության նկատմամբ: Քննիչն այս ամենին ուշադրություն չի դարձրել եւ տարօրինակ կերպով նույն տեսանյութը դիտելիս հանգել է հետեւության, որ Աշոտ Դանիելյանը, դուրս գալով պատշգամբ, նախ փորձել է պարզել նկարահանողի ով լինելը եւ միայն վերջինիս չներկայանալուց զայրացած՝ սկսել է հայհոյել: Ավելին՝ բացահայտ անուշադրության է մատնվել այն հանգամանքը, որ կատարվածը խուլիգանությունից զատ պետք է որակվեր նաեւ իբրեւ լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտում, եթե, իհարկե, հիմնավորվեր, որ նկարահանողը լրագրող էր: Մի բան, որ այդպես էլ չի պարզվել՝ դառնալով բոլոր հարցերի լուծման բանալին:

Փաստի առթիվ ՀՀ Քր. օր.-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով («Խուլիգանություն») հարուցվել է քրեական գործ: Հետագայում նույն հոդվածով Աշոտ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ իբրեւ խափանման միջոց՝ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին որոշումը: Դրանից հետո ոստիկանությունը սկսեց հաղորդագրություններ տարածել՝ խնդրելով «տեսանկարահանողին եւ ականատեսներին ներկայանալ ոստիկանություն»: Անգամ «Հետքը» հարցում ստացավ ոստիկանությունից՝ «տեսանյութի եւ հոդվածի հեղինակին ճշտելու համար»: Պատասխանն անձամբ վերցնելու համար Կոտայքի մարզից խմբագրություն էր եկել քննիչը:

Վերջինիս «Հետքում» մանրամասն բացատրեցին՝ նշյալ հրապարակումը եւ կցված տեսանյութը տարածել է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը, իսկ քննիչն անկեղծացավ, որ անցած ամիսներին իրենց այդպես էլ չի հաջողվել գտնել «Չենք լռելու»-ի անդամներին:

«Հետքի» փոխխմբագիր Լիանա Սայադյանը քննիչին տվեց երիտասարդական նախաձեռնության էլեկտրոնային հասցեն, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ցույց տվեց «Չենք լռելու»-ի էջը եւ «Մեդիամաքս» գործակալությանը՝ նախաձեռնության հիմնադիր խմբի անդամ Աշոտ Պողոսյանի տված հարցազրույցը: Ընդ որում՝ «Մեդիամաքսը» հրապարակել է նաեւ Պողոսյանի լուսանկարը:

«Կարծում եմ՝ այսքանից հետո առնվազն տվյալների բազայի միջոցով ոստիկանությունը կգտնի Աշոտ Պողոսյանին»,- քննիչին ասաց Լիանա Սայադյանը:

Հետո «Հետքը» էլեկտրոնային նամակ գրեց «Չենք լռելու» նախաձեռնությանը: Պատասխանեցին, որ տեսանյութը ներբեռնել են «YouTube»-ից: Այսինքն՝ «Չենք լռելու»-ն ուրիշի տեսանյութը «YouTube»-ից ներբեռնել, ապա կրկին վերբեռնել է «YouTube», բայց արդեն «Չենք լռելու»-ի էջ, ու տարածել լրատվամիջոցներով: Այնուամենայնիվ, նախաձեռնությունը տեսանյութի ներքեւի հատվածում գրել է, որ դրա «հեղինակային իրավունքները «Չենք լռելու»-ին չեն պատկանում: Այն բեռնված է youtube.com/hrazdanelections ալիքից» (թեեւ չենք կարող պնդել, որ այս նշումը տեսանյութի տակ եղել է նաեւ փետրվարի 12-ին, երբ «Չենք լռելու»-ն ԶԼՄ-ներով տարածել է տեսանյութը):

«YouTube»-ում հիշյալ՝ «Ընտրություններ» անունը կրող էջում որեւէ տվյալ չկա, բայց ոստիկանության համապատասխան մասնագետների համար ցանկության դեպքում առանձնակի դժվարություն չի ներկայացնի տվյալ էջը «տնօրինողներին» գտնելը: Ճիշտն ասած՝ «Հետքը» չի էլ փորձել նույն բանն անել, որովհետեւ բանը բանից վաղուց անցել է:

Կոտայքի մարզի դատախազի տեղակալը հանձնարարել է կարճել քրեական գործի վարույթը եւ դադարեցնել քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Պարզվում է՝ խուլիգանությունը հանցանք չէ կամ այն հիմնավորելու համար անհրաժեշտ է գտնել նկարահանողին:

Մնում է հուսալ, որ հաջորդ անգամ Աշոտ Դանիելյանները, եթե նույն արարքը կատարեն, իրավապահները կզբաղվեն հստակ իրենց գործով:

Մեկնաբանություններ (3)

Nazik
Հետաքրքիր է էդ որտեղ պիտի պաշտպանեին:Ձեր բոլոր ծանոթները երևի նրանց շրջապատից են:Հենց նրանց էլ հարցրել եք,երևի:Բայց Նոյեմբերյանը նրանցով չի սկսվում և ավարտվում:ՀՀՇ-ի ժամանակ,շատերն են ցանկացել մեզ վարկաբեկելև այսօր էլ դեռ շարունակվում է, միթե՞Ձեզ թվում է նրանք ընդհանուրով են հեռացել:Նրանց մի մասը դարան է մտել և հարմար ժամանակի է սպասում:Չգիտեմ ակնարկս հասկացաք,թե ոչ,բայց բարոյական չէ հարց տալ ևայնպես անել,որ դիմացինդ չկարողանա պատասխանել:Իսկ մեր բարոյական և կամային հատկանիշների մասին արտահայտվել են հենց իրենք,նախկին իշխանավորները:Աստված Ձեզ հետ:Հույս ունենամ արդարությունը կհաղթի:
Վ. Առաքելյան
Հաց` -Ինչպես կարող է ՀՀԿ-ն ինքն իրեն դատապարտել?
Հովնան
ՀՀԿ-ն իրեն վաղուց դատապարտել է ժողովրդի զզվանքին, արհամարհանքին, ատելությանը և անեծքին: Հիմա հրազդանցու անունը արատավորել փորձող էս երկու-երեք թյուրիմացություններին նստեցնել-չնստեցնելը ինչ-որ բան է? փոխում` համեմատած էն ահեղ դատաստանի հետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter