HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղնախարարը՝ Գեղարքունիքի մարզում

Ոլորտի հիմնախնդիրներին և բերքահավաքի աշխատանքներին  տեղում ծանոթանալու հերթը այսօր Գեղարքունիքինն էր , ուր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը  սկսվեց մարզի ղեկավարների, համայնքապետերի, ֆերմերային տնտեսությունների և գյուղատնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մարզկենտրոնում կայացած հանդիպմամբ: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Նախարարը հանգամանորեն անդրադարձավ գյուղացիների եկամուտների ավելացմանն ուղղված կառավարության աջակցման ծրագրերին, այդ թվում «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության » ծրագրին, վերջինիս շրջանակներում իրականացվող արոտավայրերի կառավարման, անասնապահության զարգացման և արոտների ջրարբիացման աշխատանքներին:

Նա նշեց, որ 5 համայնքներում ( Գեղամավան, Չկալովկա, Շորժա, Մադինա և Վարդաձոր) արոտավայրերի ջրարբիացման և գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրման գործընթացներն արդեն ավարտական փուլում են, իսկ վեցերորդ՝ Խաչաղբյուր համայնքում, ծրագիրը նոր է մեկանրկել և ներկայումս ընթացքի մեջ է կառավարման պլանի մշակումը:

Նախարարը կարևորեց նաև կաթ վերամշակողների և կաթ արտադրողների միություններ ստեղծելու գործոնը, ինչը մեծապես պետք է նպաստի ֆերմերների և վերամշակողների հարաբերությունների կանոնակարգմանը, ապահովի կաթի մթերման խելամիտ գների ձևավորումը և արտադրվող ու մթերվող ծավալների զգալի աճը: Աջակցման ծրագրերի շարքում նախարարը անդրադարձավ նաև ‹‹ՀՀ-ում 2010-2014 թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրին››, նշելով, որ նախորդ տարի մարզին հատկացվել է 359.85 տոննա էլիտային և 588 տոննա առաջին վերարտադրության սերմացու, որով ցանք է իրականացվել 1199.5 հա-ի վրա:

‹‹2011 թվականի համեմատությամբ  2012-ին  մարզում հացահատիկի և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքերն ավելացել են 7344 հեկտարով: 1500 հա-ով ավելացել են կարտոֆիլի ցանքերը: Մարզի հողօգտագործողներին մատչելի գներով՝ մեկ պարկը 6000 դրամով, տրամադրվել է 3610 տոննա ազոտական պարարտանյութ: Մեկ այլ ծրագրով՝ մարզը մատչելի գներով ստացել է նաև 2700 տոննա դիզելային վառելանյութ››,- նշեց նախարարը, հավաստիացնելով մասնակիցներին, որ այսուհետ կառավարության կողմից իրականացվող նման ծրագրերն ավելի ընդգրկուն ու հասցեական են լինելու: Դա հնարավորություն կտա լուծել նաև մեկ այլ կարևոր խնդիր՝ գյուղատնտեսական չօգտագործվող հողատեսքերը օգտագործման ոլորտ վերադարձնելը: Պետք է հասնել այն բանին, որ առաջիկայում առնվազն դրանց 20%-ը դառնա լիարժեք օգտագործելի ու բերքատու:

Օրվա  երկրորդ կեսին մարզպետի հետ Սերգո Կարապետյանը եղավ Մարտունու  տարածաշրջանի Վարդենիկ համայնքի  հացահատիկի արտերում, ուր առանձին գյուղացիներ դժգոհեցին սպասվող բերքից, կապելով այն սերմացուի որակի հետ: Զրույցի ընթացքում շոշափվեցին նաև առաջիկա բերքահավաքի կազմակերպման և աշնանացան ցորենի որակյալ սերմացուով ապահովվածության հարցեր: Նույնպիսի հարցեր հնչեցին նաև Վարդենիսի տարածաշրջանի համայնքապետերի և Նորակերտ համայնքի գյուղացիների հետ կայացած հանդիպման ժամանակ,  ուր նույնպես նախարար Սերգո Կարապետյանն ու մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը խոստացան անհատական մոտեցում ցուցաբերել ներկայացված յուրաքանչյուր դրվագի լրացուցիչ ուսումնասիրմանն ու լուծում տալուն:

Այցելության վերջին կանգառը Մեծ Մասրիկն էր, ուր քննարկվեց համայնքը  գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրում ընդգրկելու հարցը: Առաջիկայում այստեղ կկազմակերպվի արոտօգտագործողների կոոպերացիա, որը ձեռնամուխ կլինի համայնքի վարչական տարածքում գտնվող արոտավայրերի բարելավմանն ու ջրարբիացմանը:

Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter