HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օպերատիվ խորհրդակցություն ոստիկանապետի մոտ

Այսօր ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ խորհրդակցություն` նվիրված վարչության ստորաբաժանումների 2012 թ. առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը: Խորհրդակցությանը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: 

Հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը:

Մասնավորապես նշվեց, որ հաշվետու շրջանում լիովին վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, որակապես բարելավվել է մայրաքաղաքում հասարակական կարգի պահպանումը, փոխվել են հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների սկզբունքներն ու գործելակերպը, ձեռնարկվել են միջոցառումներ հանցավոր խմբերի արագ հայտնաբերման ու վնասազերծման ուղղությամբ, աշխատանքում շեշտը դրվել է համայնքների հետ ոստիկանության համագործակցության ամրապնդման, համատեղ աշխատանքների կազմակերպման վրա և այլն:

Անցած վեց ամիսներին մայրաքաղաքում գրանցվել է 3706 հանցագործություն, որը 550 դեպքով պակաս է նախորդ տարվանից, ծանր հանցադեպերի քանակը նվազել է 1123 դեպքով, առանձնապես ծանրերը` 23-ով: 683 դեպքով նվազել են քրեական հետախուզության գծով հաշվառված, 65 դեպքով` տնտեսական գործունեության դեմ ուղղված, 304-ով` սեփականության դեմ ուղղված հանցագործությունները: Հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 221 դեպքով: 2012 թ. առաջին կիսամյակում թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 175 անձ, որից 90-ը ազատազրկվել, իսկ 70-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության:

Առգրավվել է 966.6 գրամ ափիոն, 1.32 գրամ հերոին, 1356 գրամ մարիխուանա տեսակի թմրանյութեր: Օպերատիվ-հետախուզական և կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ առգրավվել ու հանձնվել է բնակչության մոտ ապօրինի պահվող 123 միավոր հրազեն: Բացահայտման աշխատանքների արդյունավետությունն աճել է ինչպես բոլոր, այնպես էլ` քրեական հետախուզության գծով` կազմելով 83 և 79,4 տոկոս: Հաշվետու շրջանում նվազում է արձանագրվել նաև մահվան ելքով ՃՏ պատահարների գծով` 4 դեպքով, իսկ պատահարների բացահայտման արդյունավետությունն աճել է` կազմելով 95,5 տոկոս:

Անդրադառնալով զեկույցում տեղ գտած խնդիրներին` ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նշեց Երևանի կայազորի գործունեության առաջնահերթությունները: Մասնավորապես, անհրաժեշտ է մշտական համագործակցություն ապահովել ոստիկանության բաժինների ու ստորաբաժանումների միջև, ինչով պայմանավորված է մի շարք հիմնահարցերի լուծումը:

Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց նաև կադրային հարցերին` նշելով, որ համակարգի կրթօջախներում տեսական գիտելիքներ ստացած ծառայողները գործնական հմտություններ պիտի ձեռք բերեն արդեն ծառայության ժամանակ, մասնագիտական պարապմունքների ընթացքում:

Վլադիմիր Գասպարյանը կրկին հիշեցրեց ոստիկանության գլխավոր գործառույթները` հասարակությանը ծառայություններ մատուցելն ու օրենքի գերակայության ամրապնդումը, և ընդգծեց, որ իրավապահ առաքելությունը լիարժեք կարող է իրականացվել միայն պրոֆեսիոնալ, մարդասեր ու բարեկիրթ ծառայությամբ:

Ոստիկանության պետը հավաստիացրեց, որ այսուհետ էլ ծառայության մեջ աչքի ընկած, իրենց գործառույթները լիարժեք ու նվիրումով կատարող ոստիկանները կգնահատվեն ըստ արժանվույն, իսկ թերացողները, առավել ևս` օրինախախտները ընդհուպ քրեական պատասխանատվության կենթարկվեն:

Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ստորաբաժանումների ղեկավարներին կոչ արեց առանձնապես ուշադիր լինել շարքային կազմի հանդեպ, ընտրել լավագույններին` նրանց հետագա ուսման ընթացքն ու պաշտոնական տեղաշարժն ապահովելու նպատակով:

Ոստիկանության պետը պահանջեց ընդհանրապես կադրերի ընտրության հարցում առաջնորդվել ոստիկան տեսակին առաջնություն տալու սկզբունքով, ստեղծել մեխանիզմներ, որպեսզի համակարգ ընդունվեն պարկեշտ, մտածող, նվիրված մարդիկ, որոնց համար ոստիկանի գործը ոչ թե պարզապես աշխատանք է, այլ պատիվ ու հպարտության իրավունք:

Ամփոփելով խորհրդակցությունը` ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հիմնականում դրական գնահատեց Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումների 2012 թ. առաջին կիսամյակի օպերատիվ -ծառայողական գործունեության արդյունքները` միևնույն ժամանակ համոզմունք հայտնելով, որ կշարունակվի ակտիվ աշխատանքը բարեփոխումների խորացման և ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter