HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Ապագան ձգվում է հավերժ». քուրդ-թուրք-հայ իրականության պատկերները համշենցի ռեժիսորի ֆիլմում

Սումրուն համշենցի երիտասարդ աղջիկ է: Նա ուղևորվում է Թուրքիայի հարավ-արևելք` Դիարբեքիր, որտեղ պետք է եղերգեր հավաքի և կազմի դրանց ժողովածուն: Սակայն նա օգտագործում է այդ առիթը և վկայություններ վերցնում այն քուրդ կանանցից, որոնց ամուսինները դարձել են թուրքական իշխանության զոհը:

Ահա սրա մասին է պատմում համշենցի ռեժիսոր, սցենարիստ Օզջան Ալփերի «Ապագան ձգվում է հավերժ» ֆիլմը (Թուրքիա, 2011, 108 րոպե), որը ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի խաղարկային մրցույթում:

Իր որոնումների ընթացքում Սուրմուն հայկական եկեղեցում ծանոթանում է քեռի Անդոյի հետ: Նրա երեխնաերը վաղուց տեղափոխվել են, նրան էլ իրենց մոտ են կանչում, սակայն ծեր հայը չի ցանկանում լքել այդ եկեղեցին, քանի որ գիտի, որ իրենից հետո այն ոչ ոք տիրություն չի անելու:

Սուրմուն ծանոթանում է նաև սկավառակավաճառ Ահմեդի հետ: Սկզբում նրանց հարբերությունները գործնական էին, բայց ֆիլմի ընթացքում այդ հարաբերությունները դառնում են ավելին, քան գործնական: Այդ հարաբերությունները պարզաբանելու կարիք չկա, դրա համար պետք չեն խոսքեր. ամեն ինչը զարգանում է լուռ և զգայական ֆոնի վրա:

Սակայն ֆիլմի ընթացքում պարզ է դառնում, որ Սումրուի այս նախաձեռնության հետևում իրականում կանգնած է  նրա սիրո պատմությունը: Նրա սիրեցյալը քուրդ պարտիզպան է, քաղաքական լարվածության պատճառով երկար ժամանակ նա նրան չի տեսել: Այս ճանապարհորդությունը համշենցի աղջկա համար առիթ է հանդիսանում գտնել նրա հետքերը:

Դժվար վիճակում է հայտնվում Ահմեդը, ով չգիտի, թե ինչպես վարվել. Սուրմուն նրան  առաջարկում է գնալ գտնել քուրդ սիրեցյալին: Խոսքերը շատ քիչ են, սակայն հրաշալի ներկայացված են այն բոլոր զգայական ապրումները, որ առկա են հերոսների մոտ:  Ի վերջ Ահմեդին հաջողվում է հաղթել ինքն իրեն, և նա որոշում մենակ չթողնել Սուրմուին: Սակայն որոնումների արդյունքում Սուրմուն երկար սպասված հանդիպումից հետո հանդիպում է միայն քուրդ սիրեցյալի գերեզմանը:

Ֆիլմի ընթացքում պարբերաբար հնչում էին եղերգեր, որոնք Սուրմուն ձայնագրում էր, սակայն ֆիլմի վերջում, որտեղ հերոսների ճակատագիրը դեռևս որոշված չէ` Սուրմուն և Ահմեդը դեռ չգիտեն, թե ինչ պետք է անեն, արդեն հնչում է օրորոցային երգ:

Ֆիլմում ներկայացված է քուրդ-թուրք-հայ իրականության պատկերը: Ռեժիսոր Օ. Ալփերի խոսքերով` այնպես է ստացվում, որ իր ընտրած թեմաները Թուրքիայում առաջացնում են քաղաքական բանավեճեր և առաջ քաշում քաղաքական խնդիրներ: Նա Թուրքիան համեմատում է բազմասենյակ մի տան հետ, և երբ մի սենյակում խնդիր է առաջանում, ապա այն քննարկելու և լուծելու փոխարեն դուռը պարզապես փակում են: Թուրքիայում կան տարբեր ժողովուրդներ, սակայն Թուրքիան միշտ փորձել է քողարկել նրանց պատմությունն ու մշակույթը: Եվ ժամանակը ցույց տվեց, որ Թուրքիայի այդ բոլոր սենյակների դռները փակ են. մարդիկ հանգիստ չեն կարողանում իրար հետ զրուցել: Թուրքիայի նմանօրինակ վարքագծի արդյունքը հայերի համար եղավ 1915 թ.-ը, այնուհետև մեծ կորուստներ ունեցան այլ ազգեր ևս: Սակայն սենյակի դռները երկար փակ պահել հնարավոր չէ, և առկա խնդիրները ժամանակի ընթացքում սկսում են գլուխ բարձրացնել:

Սակայն Օ. Ալփերը խոստովանում է, որ իրականում ինքը նպատակ չունի իր ֆիլմերին քաղաքական ենթատեքստ տալ: Նա պարզապես պայքարում է հասարակական հիշողության փակ սենյակների դեմ:

Հետաքրքրական է, որ ֆիլմում ներկայացված քուրդ կանանց վկայություններն իրական են: Արդյունքում ռեժիսորին հաջողվել է ստանալ խաղարկային ֆիլմ`համադրված վավերագրական տարրերով: Այն հարցին, թե արդյոք այդ կանայք հետագայում քաղաքական ճնշումների չեն ենթարկվել, Օ. Ալփերը բացասական պատասխան տվեց, քանի որ նրանք ամեն օր են բարձրացնում իրենց խնդիրը: Բացի այդ` այժմ այդ մարդկանց ձայնը ԶԼՄ-ներում շատ քիչ է լսվում, և ֆիլմը ռեժիսորի համար առիթ էր նրանց լսելի դարձնելու համար:

Ռեժիսորը իրեն որոշակիորեն ասոցացնում է գլխավոր հերոսուհու հետ, որը նույնպես համշենցի է: Նրա խոսքով` բոլոր ճնշումների ընթացքում կանայք ավելի շատ են պայքարել, հենց նրանք են խորհրդանշում պայքարը: Եվ քանի որ Թուրքիայում արգելված էր խոսել այլ լեզուներով բացի թուրքերենից, ապա հենց մայրերն են սերնդեսերունդ փոխանցել իրենց ազգի լեզուն ու մշակույթը: Օ. Ալփերի խոսքով` պատերազմում զենքը ձեռքին պայքարել են տղամարդիկ, սակայն միշտ կանայք ու երեխաներն են կրել դրա հետևանքներն ու ազդեցությունները: Այդ պատճառով էլ նա որոշել է համշենցու կերպարը ներկայացնել կնոջ միջոցով:

Օզջան Ալփերի ֆիլմը կցուցադրվի նաև հուլիսի 13-ին՝ ժամը 22:00-ին Պողոսյան պարտեզներում (Սիրահարների այգի): 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter