Շաբաթ, 25 մայիսի

Երկու հարց Սեֆիլյանի քաղաքացիության վերաբերյալ` ԼՂՀ նախագահի թեկնածուներին


13:45, 14 հուլիսի, 2012

Հարգարժան թեկնածուներ։

Ինձ համար մարդու ճակատագրին անտարբեր կառավարիչը նույնքան անարժեք է, որքան երկրի ճակատագրին անտարբեր քաղաքացին։ Կառավարման ոչ մի հմտություն չի դառնում բարիքի աղբյուր, եթե հավաքականության խնդիրների առաջացրած գլխացավերի լաբիրինթոսում կորչում են անհատի հոգսերի համար մտահոգությունը։

Նման մտահոգության առարկա է Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության խնդիրը։ Այն սոսկ մեկ անձի իրավունքի ոտնահարման խնդիր չէ։ Այն նաև հասարակության սոցիալական արժեքների խաթարման հերթական ցցուն նմուշ է։

Ժիրայր Սեֆիլյանը Արցախյան պատերազմի հրամանատարներից է (Շուշիի Ժիրոն)։   Նրան լավ են ճանաչում Արցախում և լավ գիտեք դուք։ Նրա բազմաթիվ դիմումները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կամայականորեն և քմահաճ ձևով մերժվել են, առանց հոդաբաշխ որևէ բացատրության։

Ժիրայր Սեֆիլյանը քաղաքացիություն ստանալու խնդրանքով մի քանի անգամ դիմել է նաև ԼՂՀ ղեկավարությանը։ Այդ դիմումները կրկին մնացել են անպատասխան։ Սակայն վերջին անգամ, երբ հարկադրված են եղել պատասխանել, ասել են, որ. «Ղարաբաղում դեռևս ընդունված չէ երկքաղաքացիության մասին օրենքը»։ Այդ պատասխանը սոսկ խուսանավելուն և խնդիրը լղոզելուն է միտված, քանզի հայտնի է, որ.

ա/ Ժիրայր Սեֆիլյանը միշտ էլ պատրաստակամություն է հայտնել հրաժարվելու իր լիբանանյան քաղաքացիությունից,

բ/ Լեռնային Ղարաբաղի նախկին և գործող նախագահների հրամանագրերով, օրենքի բացակայության պայմաններում, որոշ անձանց նման քաղաքացիություն շնորհվել է։

Ասում են, որ կառավարման ողջ արվեստը ազնիվ լինելու արվեստի մեջ է։ Հարգարժան թեկնածուներին ուղղում եմ երկու հարց, ակնկալելով նրանց անկեղծ ու մտահոգ պատասխանը։

ա) Ինչպիսի՞ն է այս իրողության վերաբերյալ Ձեր գնահատականը։

բ) Ինչպե՞ս կլուծեք դուք այս խնդիրը, երբ ընտրվեք ԼՂՀ նախագահ։ 

Հարգանքով`

«Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության» կոմիտեի համակարգող Աղավնի Սահակյան 

14/07/2012 թ.


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Վարազ Սյունի (Ամստերդամ)19:17 - 14 հուլիսի, 2012
Slaq.am-ին տված interview- ի ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ-ի ՈՉ ՄԻ ՕՐԵՆՔ ՉԽԱԽՏԱԾ օրինական քաղաքացիների մի մասին (տվյալ դեպքում միա-երկսեռականներին) անվանեց նույնիսկ 'վտանգ' ու ոչ միայն չդատապարտեց DIY ակումբի վրա կատարված հանցավոր հարձակումը,այլ կարծես գոհ էր դրանից:Իսկ այդ ժամանակ ՈՐՏԵ՞Ղ ԷԻՔ ԴՈՒՔ-«Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության» կոմիտե , երբ "Շուշիի Ժիրոն" ՀԱԿԱսահմանադրական բաներ էր ասում: Հայաստանին/Արցախին այսպիսի մարդիկ ՊԵՏՔ Ե՞Ն,անկախ իրենց ներդրումներից:Ես գտնում եմ ՈՉ: Կամ ԻՆՉՈՒ այսպիսի անհատներ պիտի ՀՀ քաղաքացի դառնան:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»