HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը շնորհավորել է «Լավագույն մարզական ընտանիք-2012» մրցույթի հաղթողներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք-2012» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները:

Եզրափակիչ փուլին մասնակցել են նախորդ փուլերը հաջողությամբ հաղթահարած Հայաստանի և ԼՂՀ-ի լավագույն մարզական ընտանիքները: Իններորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն այս տարի ևս անցկացվել է երեք տարիքային խմբերով՝ վեց մրցաձևերում:

Նախագահը շնորհավորել է «Լավագույն մարզական ընտանիք-2012» մրցույթի հաղթողներին՝ ուրախությամբ փաստելով, որ մրցույթը տարեցտարի ավելի մասսայական է դառնում, և այսօր արդեն «Լավագույն մարզական ընտանիք» մրցումներին մասնակցում են հազարավոր ընտանիքներ: Հանրապետության ղեկավարի խոսքով, մրցույթն ի սկզբանե հենց այդ նպատակն է ունեցել՝ տարեցտարի ավելացնել մասնակիցների թիվը: 

Սերժ Սարգսյանի խոսքով, մրցումներին մասնակցող ընտանիքների համար սպորտը առողջության պահպանմանը նպաստելուց բացի, նպաստում է նաև ընտանեկան համերաշխությանը: «Չեմ պատկերացնում անհամերաշխ ընտանիք, որ կարողանա մասնակցել այս մրցումներին և առավել ևս՝ հաղթանակ տանել: Իսկ ընտանեկան համերաշխությունն օգնում է հաղթահարելու մեր կյանքում եղած դժվարությունները, օգնում է ավելի քիչ դժգոհելու և, ընդհանրապես, ավելի լավատես լինելու: Իսկ համերաշխ ընտանիքը համերաշխ հասարակության անհրաժեշտ և բաղկացուցիչ մասն է»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ անկախ նրանից, հաղթանակը մեծ է, թե փոքր՝ այն թանկ է, հատկապես, եթե ձեռք է բերվում ազնիվ պայքարում:

Հանրապետության ղեկավարը հաղթողներին է հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ:

Նախագահի կողմից «Լավագույն մարզական ընտանիք-2012» մրցույթին մասնակցած 108 ընտանիքի երեխաներ պարգևատրվել են նաև մարզահագուստներով և հուշանվերներով: Այս մասին հայտնում է նախագահի մամլո գրասենյակը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter