
Երվանդ Զախարյանը թաքցնելու բան ունի՞
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի անվան շուրջ աղմկահարույց վերջին բացահայտումն արեց ամերիկահայ գործարար, «Վիզկոն» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Պավել Անդերսոնը` նշելով, թե 2004թ. Բուզանդի 13-21 հասցեներում ապրող բնակիչներին վտարելու եւ տարածքի կառուցապատման համար այն ժամանակվա Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին կաշառք է տվել:
Եթե իրականում եղել է այն, ինչ նշել է Պավել Անդերսոնը (պաշտոնապես հակառակը դեռ չի ապացուցվել), ապա այնքան էլ միամիտ չենք, որ հավատանք, թե Երվանդ Զախարյանը ընդհանրապես իր գումարները պետք է մեկ առ մեկ նշեր իր գույքի եւ եկամուտների հայտարարագրերում:
Ուսումնասիրելով Երվանդ Զախարյանի 2011թ. Հայտարարագիրը` պարզեցինք, որ նա ունի զգալի դրամական միջոց, թեեւ որպես եկամտի աղբյուր հայտարարագրել է միայն իր աշխատավարձը` 3 միլիոն 399 հազար 59 դրամ: Փոխարենը նրա հաշվին առկա է 40 միլիոն դրամ: Իհարկե, 40 միլիոն գումարը հայ պաշտոնյաների համար «չնչին» գումար է, սակայն քիչ թե շատ ժողովրդավարական երկրներում պետք է ուսումնասիրվեն, թե որտեղից պաշտոնյանին այդքան գումար, երբ նա միայն աշխատավարձով է ապրում:
Նույնը նաեւ Երվանդ Զախարյանի կնոջ` Զինա Զախարյանի մասին կարող ենք ասել: Նա, ոչ մի եկամուտ չունենալով, ունի 21 միլիոն դրամ:
Նշենք, որ Զախարյան ամուսինների դրամական միջոցներն անփոփոխ են եղել նաեւ 2011թ. սկզբին, ինչը ենթադրում է, որ նրանք համապատասխանաբար 40 եւ 21 միլիոն դրամները 2011թվականի հայտարարագիր են տեղափոխել նախորդ տարիներից:
«Հետքի» տեղեկություններով, Երվանդ Զախարյանը Արմավիրի մարզում ունի մոտ 100 հեկտար խաղողի այգի եւ այնտեղից զգալի եկամուտ է ստանում: Հավանաբար այգին ձեւակեպված չէ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի անունով, այդ իսկ պատճառով ստացված եկամուտներն իր անվամբ չեն գրանցվում:
Երվանդ Զախարյանը միակ պաշտոնյան չէ, որ տարիներ առաջ պետական ֆոնդի հողերը տարբեր աճուրդներով գնել եւ այգիներ է հիմնել: Մոտ մեկ տարի է` տարբեր հարցումներով կադաստրի նախագահից փորձում ենք տեղեկություն ստանալ իր եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հողերի մասին, սակայն ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը ուշադրության չի արժանացնում մեր հարցումները եւ չի պատասխանում դրանց:
Հավանաբար Երվանդ Զախարյանը խուսափելու պատճառներ ունի, չէ՞ որ հարցումը վերաբերում է իր եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասին, որոնք պետական ֆոնդի հողերը ձեռք են բերել էժան գներով:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել