Հարկային տեսուչները կհամալրեն գործազուրկների բանակը
Օգոստոսի 1-ից ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի ենթակայության 6 համայնքային հարկային տեսչություններ, այդ թվում նաև Թումանյանի հարկային տեսչությունը, կենթարկվեն կառուցվածքային փոփոխությունների: Վերջինիս արդյունքում Թումանյանի տեսչության 24 աշխատողներից 16-ը կհամալրեն Ալավերդու գործազուրկների շարքերը:
Կառուցվածքային փոփոխություններին կապված` հարկային տեսչության աշխատողներին Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից ծանուցվել է դեռ մայիսի 18-ին. «Ղեկավարվելով «Հարկային տեսչության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ ենթակետով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով, 113 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 3-րդ մասով և 115 հոդվածի 1-ին մասով, սույնով Ձեզ ծանուցում եմ, որ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեում աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման կամ կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի կամ հաստիքների կրճատման պատճառով 2 ամիս հետո, 2012թ.-ի հուլիսի 23-ին նախատեսվում է աշխատանքային պայմանների փոփոխություն կամ աշխատանքից ազատում: Այլ աշխատանք կառաջարկվի հնարավորության առկայության դեպքում»,- հայտնել է Պետեկամուտների կոմիտեի նախագահը:
Եվ այսպես, օգոստոսի 1-ից Թումանյանի տարածաշրջանի 30 համայնքների և Ալավերդի քաղաքի թվով 3 հազար գործող անհատ ձեռնարկատերերի և 25 մանր ու միջին ձեռնարկությունների հարկատուներին կսպասարկի Ալավերդու հարկատուների սպասարկաման կենտրոնը, որտեղ հարկատուների դիմում-բողոքներով և անհրաժեշտ խորհրդատվական աշխատանքներով կզբաղվեն 3, իսկ 31 համայնքների հարկային գանձումներով ` 5 աշխատողներ: Թումանյանի հարկային տեսչությունում նույն կառուցվածքային փոփոխությունը իրականացվել է նաև 2000թ.-ի հունիսի 23-ին, սակայն 2004 թ.-ի դեկտեմբերի 25-ին Պետեկամուտների կոմիտեի կողմից այն հայտարարվել է չարդարացված, և կրկին վերականգնվել է նախկին հարկային տեսչությունը: Հարկային տեսչության աշխատակիցները, խնդրեցին հոդվածում չնշել իրենց անունները: Նրանք ասում են` լուծարման դեպքում լուրջ խնդիրներ կունենան առաջին հերթին սահմանամերձ Ջիլիզա, Ճոճկան, Մեծ Այրում, Թեղուտ, Շնող գյուղերի և Ալավերդու հարկատուները, որտեղ շատ անհատ ձեռնարկատերերի մեկ ամսվա շրջանառությունը կազմում է հազիվ 150 000 դրամ: Այս հարկատուների համար էական դժվարություն կարող է ներկայացնել հարկային ցանկացած խնդրով, այդ թվում` հրատապ տեղեկանքներ վերցնելու համար մարզկենտրոն Վանաձոր հասնելու համար 70-80 կմ ճանապարհ հատելը:
«Թումանյանի գյուղական համայնքերում կան հարկատուներ, որոնց տան միակ թանկարժեք իրը հաշվիչ դրամարկղային մեքենան է: Էլեկտրոնային տարբերակով նրանց աշխատելը բացառվում է, ուր մնաց առձեռն կարողանան հասույթի հաշվետվություն ներկայացնել Վանաձոր: Մյուս 5 համայնքերի լուծարվող տեսչությունները սպասարկման համայնքերի քանակով Թումանյանի տեսչությունից փոքր են: Բացի այդ, իրենց հարկային եկամուտների հավաքագրումը չեն կարողանում կատարել: Թումանյանի սոցգանձումներն ու հարկերը միասին կազմում է 150 մլն դրամ: Տեսչությունը հարկերի հավաքագրումը կատարում է 103 տոկոսով»,- ասաց հարկային տեսչության աշխատողներից մեկը:
Թումանյանի հարկային տեսչության պետ Արթուր Սարգսյանն էլ, հարկային համակարգի կառուցվածքային փոփոխությունների հետ կապված, այսօր «Հետքին» հայտնեց, որ այս տարի կառուցվածքային փոփոխության են ենթարկվել նաև Երևանի 3 հարկային տեսչություններ. «Դա հավանաբար եվրոպական կառույցների պահանջ է, ովքեր գտնում են, որ հարկային տեսչություների քանակը մեզ մոտ շատ է»,- հայտնեց տեսչության պետը: Վերջինս նաև ասաց, որ Թումանյանի հարկային տեսչության աշխատողների 50 տոկոսը կզրկվի աշխատանքից. «Թեև սա որպես այդպիսին երևի կոնկրետ չէ, դեռ հստակեցված չէ»,- հավելեց տեսչության պետը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել